«Ինչքան ղարաբաղյան հարցը մնա չլուծված, այնքան ժամանակ Ղարաբաղում լինելու են թե՛ կրակոցներ, թե՛ սադրանքներ». թուրքագետ

Turkologist Mushegh Khudaverdyan gave a press conference in P.S. press club

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը

– Պարո՛ն Խուդավերդյան, երեկ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները 4 ժամ տևած հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ստացվում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է չհրաժարվե՞լ «Զանգեզուրի միջանցքից»:

– Հարկ է նշել, որ մինչև 44-օրյա պատերազմը միջանցքի որևէ քննարկում չի եղել, այս տրամաբանությունն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, որովհետև Ադրբեջանի նախագահն առաջնորդվում է «ախորժակն ուտելիս է բացվում» հայտնի կարգախոսով: Ինչքան էլ Ալիևն ու Էրդողանը խոսեն միջանցքի մասին, միևնույն է, դա անընդունելի է, որովհետև այն ուղիղ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը:

Պետք է նաև նկատի ունենալ, որ կողմերի հարաբերություններն այսօր ավելի սերտ են համագործակցության առումով, ինչը ամրագրված է Շուշիի հռչակագրով, և Հայաստանի մասով նրանց քննարկումները բխում են հիմնականում այդ հռչակագրի կետերից:

Արցախի Հանրապետությունում վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրանքների ակտիվությունը որքանո՞վ է համաձայնեցված Թուրքիայի հետ, և ո՞րն է այդ գործողությունների նպատակը:

– Որքան էլ Ալիևն ու Էրդողանը նշեն, թե պատերազմից հետո ղարաբաղյան հարցը լուծված է, դա այդպես չէ: Իրականում ղարաբաղյան հարցն ընդհանրապես լուծված չէ, որովհետև այն տարածքներում, որոնք Ադրբեջանն իրենն է համարում, տեղակայված է ռուսական զորքը, ու Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ասել է, որ ռուսական զորքն այնտեղ ժամանակավոր է տեղակայված, ու իրենք գրավելու են այդ հողերը, հետևաբար, ինչքան ղարաբաղյան հարցը մնա չլուծված, այնքան ժամանակ Ղարաբաղում լինելու են թե՛ կրակոցներ, թե՛ սադրանքներ:

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությունը չի խանգարում ադրբեջանական կողմին, որ սահմանին կրակոցներ չլինեն:

Ռուսաստանի հետ կնքված դաշնակցային համագործակցության հռչակագիրը և՞ս զսպող օղակ չի հանդիսանալու Ադրբեջանի համար, պարո՛ն Խուդավերդյան:

 – Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում միշտ էլ ղարաբաղյան հարցը շրջանցվել է, ավելին՝ իր հայտարարություններից մեկում Պուտինը նշել է, թե քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղն ինքնին ադրբեջանական տարածք է:

Այս փաստն ամրագրված է Պուտինի հայտարարություններում, հետևաբար կարող ենք ասել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ղարաբաղյան հարցն իրականում տեղ չի զբաղեցրել, այսինքն՝ ղարաբաղյան հարցից անկախ այդ երկրներն ունեն իրենց ուրույն հարաբերությունները:

Այդ պարագայում ռուս խաղաղապահների ներկայությունն ինչո՞վ է պայմանավորված, եթե Պուտինի համոզմամբ այդ տարածքները ադրբեջանական են:

– Խաղաղապահ ուժերն այնտեղ տեղակայված են 5 տարի ժամկետով, որպեսզի բացառեն ռազմական գործողությունների սցենարը: Բայց, ինչպես տեսնում ենք, դա չի խանգարում Ադրբեջանին հրադադարը խախտելու:

Արևմուտք-Ռուսաստան լարվածության այս ֆոնին Ղարաբաղը վառվող կաթսա է, եթե Ուկրաինայում ամեն ինչ լարված է, դա չի նշանակում, որ Ղարաբաղում իրավիճակի լարում չի լինելու: Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, անկախ նրանից՝ այնտեղ ռուս խաղաղապահներ կան, թե ոչ, պատերազմի վտանգը միշտ էլ լինելու է:

Անգամ այս օրերին, երբ Ադրբեջանը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը, Հայաստանի իշխանությունից չենք դադարում լսել, որ իրենք շարունակում են գնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհով: Թուրք-ադրբեջանական տանդեմը և՞ս խաղաղության մասին հայտարարություններով է հանդես գալիս:

– Թուրքիայի իշխանությունները նշել են, որ Հայաստանի հետ տեղի ունեցող բանակցությունների արդյունավետության հավանականությունը բավական բարձր է: Այժմ ունենք մի վիճակ, երբ ընթանում է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթաց, բայց ունենք հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերություններ:

Մինչդեռ թուրքական կողմը նշում էր, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, երբ կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Թուրք-հայկական բանակցություններն իհարկե ողջունելի են, բայց ավելի լավ կլիներ, որ այդ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց կարգավորվեին նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները, գերիների վերադարձի հարցը լուծվեր, սահմանագծման ու սահմանազատման հստակ աշխատանքներ տեղի ունենային:

Պետք է նաև ընդգծել, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները շատ հաճախ չեն բխում հարաբերությունների կարգավորման տրամաբանությունից, այսինքն՝ նա հստակ հայտարարում է իր նկրտումների մասին, որոնք առնչվում են ՀՀ սուվերեն տարածքին: Իսկ եթե կողմերը պատրաստվում են հարաբերությունների կարգավորման, նրանց հայտարարությունները չպետք է միմյանց հակասեն, պետք է հիմնվեն յուրաքանչյուրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, այլ ոչ թե հակառակը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am