Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի. Բրեդ Շերմանը պատերազմի դադարեցման պայմանների մասին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ աշխատելու գործընկերների հետ՝ հասնելու Արցախի հարցի արդար ու հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոնգրեսականը համոզմունք է հայտնել՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնությունների դադարեցմանն ուղղված պայմաններն անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը հանգեցրել է աղետալի հետևանքների Հայաստանի ժողովրդի համար: Ո՞վ է կազմել այս զինադադարի մասին համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը: Սա արդյունք է ԱՄՆ-ի ղեկավարության բացակայության: Մենք չպետք է կանգնենք այս աղետալի գործարքի կողքին, որը պարտադրվել է Հայաստանին: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշել է Բրեդ Շերմանը: