Ոչ ինձ, ոչ քեզ. Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի թեկնածուների մասին չի ուզում լսել

Ոչ ինձ, ոչ քեզ. Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի թեկնածուների մասին չի ուզում լսել
Ոչ ինձ, ոչ քեզ. Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի թեկնածուների մասին չի ուզում լսել

Թեեւ Վարդան Ղուկասյանը ի հակառակ շատերի սպասումների, այդպես էլ իր թեկնածությունը չառաջադրեց Գյումրու քաղաքապետի ընտրություններում մասնակցելու համար, այնուամենայնիվ խոսակցությունները նրա անձի շուրջ կարծես թե դադարելու միտում չունեն:
Եթե սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրոսւթյունների առաջադրումների մինչեւ վերջին րոպեն բոլորը սպասում էին Գյումրին տարիներ շարունակ իր ազդեցության ներքո պահած Վարդան Ղուկասյանի քայլերին` նշելով, որ նա սպասում է, քանի որ «ակնկալիքներ» ունի, ապա իր թեկնածությունը չառաջադրելուց հետո սկսեցին խոսակցություններն այն մասին, որ նա պատրաստվում է հանդես գալ այս կամ այն թեկնածուի օգտին:

Խոսակցություններին վերջ տալու համար այսօր Գյումրիի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, ուր մասնավորապես նշում է, որ առաջիկա քաղաքապետի ընտրություններին Վարդան Ղուկասյանը չի սատարի թեկնածուներից եւ ոչ մեկին;

«Վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը , թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սատարելու է քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, սուտ է և հիմնազուրկ:

Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված և ոչ մի թեկնածուի»,– ըստ shirakcentre.org ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ արդեն նախկին քաղաքապետ` Ավետարանից մեջբերումներով խոսող Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներից առ այսօր, որի անվան հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց տհաճ պատմություններ, ըստ գյումրեցիների` քաղաքում խառնիճաղանջ իրավիճակ էր ստեղծել, իսկ նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, բազմիցս ոստիկանների ուշադության կենտրոնում է հայտնվել` անպատշաճ պահվածքի և սկանդալային արյունոտ պատմությունների հետ կապված:

Այս ընտրությունները նշանակալից են նաեւ նրանով, որ պայքարի մեջ են մտել քաղաքացիական նախաձեռնության անդամներ:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 9-ին սպասվող Գյումրու քաղաքապետի և ավագանու ընտրություններին պայքարի դաշտ է մտնում ավագանու անդամի տասը թեկնածուներով, ինչպես իրենք են նշում` «արմատական բարեփոխումների և որակյալ տեղական իշխանություն» ձևավորելու նպատակով:

«Այդուհանդերձ, մեր շանսերը լավ ենք գնահատում: Մենք առաջադրվում ենք 10 հոգով: Ենթադրում եմ, որ 8-ն անցնելու են: Դրանք մարդիկ են, որոնք ձվից նոր դուրս չեն եկել, 20-30 տարի քաղաքում հեղինակություն ու անուն ունեն: Հասկանում ենք, որ դժվար բան է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի դեմ ինտելեկտ հանել, մարդու իրավունքների պաշտպան հանել, այս արժեքները կրողներին հանել, բայց պետք է անենք, այլ ելք չկա»,-«Մեդիալաբին» ավելի վաղ ասել էր նախաձեռնության հեղինակներից Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

© Medialab.am