«Զգացի, որ գիշերները բույսերի հետ ավելի հետաքրքիր էին անցնում, քան առավոտները՝ ծրագրավորման»․ Հարութը՝ բույսերի հավերժ սիրահարը

Դավիթաշենի 4-րդ թաղամասում է բնակվում օրխիդեաների սիրահար, բույսերի մասնագետ 30-ամյա Հարություն Խալաթյանը կամ շատերին հայտնի՝ Բույսերի Հարութը։ Ասում է՝ բույսերն իր հիվանդությունն են, իսկ այդ աշխարհ պատահաբար ընկավ, երբ ընդամենը 20 տարեկան աշխատանք չունեցող երիտասարդ էր, որ կիսատ էր թողել ուսումը ծրագրավորման ոլորտում։ Այսօր Հարությունն աշխատում է՝ որպես բույսերի խորհրդատու-վաճառող, բայց երազում է մի օր թողնել նաև սպասարկման ոլորտը, մարդկանց սպասարկել նույնպես չի սիրում, բույսերն է սիրում։

«2012 թվականին, երբ բանակից նոր էի եկել և աշխատանք չունեի, ընկերներիցս մեկը, որը ֆլորիստ-դիզայներ էր, ասեց՝ արի քեզ ծաղկի խանութում տեղավորենք՝ որպես գիշերային վաճառող։ Էդպես մի ծաղկի խանութից մյուսն էի գնում և աշխատում որպես գիշերային վաճառող, որ կարողանայի համատեղել նաև համալսարանում ծրագրավորողի կրթությանս հետ, իսկ օրխիդեաների հանդեպ սերս սկսվեց 2016 թվականին, երբ բերեցի առաջին օրխիդեաս, ապա՝ երկրորդը, հետո՝ երրորդը, և այդպես շարունակ»,- ասում է Հարությունն ու հավելում՝ հենց այդ ժամանակ սկսեց զգալ, որ գիշերները բույսերի հետ ավելի հետաքրքիր էին անցնում, քան առավոտները՝ ծրագրավորման։ 

«Համալսարանը չեմ էլ ավարտել, դիպլոմ էլ չունեմ։ Մայրս մինչև հիմա ասում է՝ դեռ ուշ չի, կարող ես շարունակել ծրագրավորում սովորելը, գոնե մի հատ դիպլոմ ունեցիր, նույնը՝ հայրս ու մեր բոլոր հարազատները։ Ինձ թվում է՝ մինչև կյանքիս վերջը լսելու եմ այդ արտահայտությունները, որովհետև իրենք չեն ընդունում, որ սա իմ մասնագիտությունն է, ասում են՝ ուղղակի հոբբի է, բայց ես սիրում եմ սրանով զբաղվել, ինձ հաճելի է»,-պատմում է նա՝ հավելելով, որ չնայած անհամաձայնություններին, ծնողները իրեն ամեն հարցում աջակցում են: ։ 

Հարությունը պատմում է, որ խանութ սրահը, որտեղ աշխատում է, ընդունվել է շուրջ չորս տարի առաջ: 

«Բայց սպասարկման ոլորտն իմը չէ, ես չեմ սիրում, որովհետև բավականին էմոցիոնալ եմ և, բացի այդ, ամբողջովին տրվում եմ գործին՝ օրվա վերջին սպառվելով։ Այդ աշխատանքում ամենաբարդը դժվար հաճախորդների հետ շփվելն է»,- նշում է Հարությունը:

Մարտի 8-ը Հարությունի ամենաչսիրած տոնն է, ինչպես ինքն է ասում, քանի որ ստիպված է լինում ավելի շատ բարդ հաճախորդների սպասարկել: 

«Իմ մարտի 8-ը սկսվում է մոտավորապես փետրվարի 28-ից և տևում մինչև մարտի 13։ Ամենակարևոր բանը, որ մարդիկ պիտի հասկանան բույս կամ կենդանի նվիրելիս, այն է, որ իրենք դիմացինին ոչ թե ուղղակի նվեր են տալիս, այլ պարտականություն, և նվիրելուց առաջ պիտի հասկանան, որ կենդանի էակներ են նվիրում, որոնց համար դիմացինը պիտի կարողանա պատասխանատվություն վերցնել։ Շատ են դեպքերը, երբ նվեր ստացողը, օրինակ, դեն է նետում բույսը, երբ ծաղիկներն ընկնում են, կամ ուղղակի փչացնում է այն»,- ասում է Հարությունը, որը մեծ հոգատարությամբ խնամում է սրահի բույսերին: 

Նա նշում է, որ ի  տարբերություն մարդկանց, որոնք կարող են լավ սպասարկումից հետո մի բան էլ դժգոհ կարող են մնալ,  բույսերը միշտ շնորհակալ են՝ արած աշխատանքի դիմաց քեզ ծաղիկներ են տալիս: 

Հարությունը մեծ ոգեւորությամբ ու սիրով է խոսում իր տանն ապրող բույսերի մասին, ասում է, որ մեծ մասը տարբեր տեսակի օրխիդեաներ են, որոնց մեծ մասը ծաղկել են: 

«Շատ բույսեր պահում եմ հենց միայն այն պատճառով, որ իմ տանն են ծաղկել»,-«Մեդիալաբին» պատմում է նա: 

Բոլոր բոլոր բույսերն ունեն իրենց անուններն ու իրենց «ծննդյան»՝ իր մոտ հայտնվելու օրը։ Ասում է՝ բույսերի մասին այդ տեղեկությունները գրում է պիտակների վրա և դնում բույսերի մեջ, էդպես է հասկանում, թե ով ով է։ Յուրաքանչյուր պիտակի վրա գրված են բույսի անունը, ձեռք բերելու ամսաթիվն ու վերատնկման ամսաթիվը, իսկ բույսերից յուրաքանչյուրի խնամքն արդեն կախված է իր ժամանակից և նրանից, թե ինչ են ասում բույսերն իրեն։ 

«Գիտե՞ք՝ միայն օրխիդեաներն են, որ խոսում են։ Միշտ ասում են՝ ինչի կարիք ունեն, ըստ դրա էլ հասկանում եմ՝ ինչ պիտի անեմ, իսկ ինչ՝ չէ»,- ասում է Հարությունը, ապա ժպտալով խոսքը փոխում՝ բոլոր բույսերն են խոսում, ուղղակի օրխիդեաներն ամենաարտահայտիչն են խոսում։ 

«Ես էլ մտքերով գրեթե միշտ իրենց հետ եմ։ Ծանր աշխատանքային օրվա ընթացքում, երբ հերթական անգամ բացասական մթնոլորտ է ստեղծվում, անմիջապես հիշում եմ բույսերիս, և թե ով ինչի կարիք ունի, ինչ պիտի անեմ յուրաքանչյուրի համար։ Շատ ավելի դժվար է, երբ երկրից եմ բացակայում, այդ ժամանակ մայրս է հոգ տանում բույսերիս մասին, բայց, միևնույն է, ես անհանգստանում եմ, որ ինչ-որ բան սխալ չլինի։ Անհանգստությունն էլ երևի կարոտի դրսևորում է։ Հենց նոր հասկացա, որ երևի նաև կարոտում եմ իրենց»։ 

Հարությունը շարունակում է երազել Հայաստանը բույսերով պատելու մասին։ 

«2 տարի առաջ որոշել էի Բուսաբանական այգին դարձնել օրխիդեաներով լեցուն այգի։ Երկու անգամ նամակ գրեցի իրենց, ասացի, որ պատրաստ եմ անվճար հիմունքներով իմ ժամանակը տրամադրել այդ ամենն իրականացնելու համար։ Երկու նամակներիս չպատասխանեցին, իսկ երբ երրորդ անգամ դիմեցի, ինձ ասացին, թե Սինգապուրից բույսեր են խնդրել, կառուցում են ջերմատուն, իմ կարիքը դեռևս չունեն, եթե ունենան՝ ինձ անպայման իմաց կտան: 2 տարի է անցել, և դեռ ոչ մի արձագանք չկա»,- նշում է Հարությունն ու հավելում՝ մի միտք էլ ունի, որ շատ կցանկանա իրագործել։

«Երևանի ամենագեղեցիկ ծառը «Ամերիա բանկի» դիմացի վարդագույն ծառն է։ Ես այդ ծառի սերմերից եմ գտել և հիմա պատրաստվում եմ աճեցնել այն: Կարծում եմ՝ մոտ 2 տարում կկարողանամ աճեցնել։ Ուզում եմ ամբողջ քաղաքն այդ ծառերով պատել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գեղեցիկ կլինի քաղաքը։ Ես միայն թույլտվություն եմ ուզում այդ գաղափարիս համար, ուրիշ ոչինչ»,- ասում է Հարությունը։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am