Ոստիկանությունը ուժ կիրառելու իրավունք ունի, բայց ուժը պետք է համաչափ լինի. իրավապաշտպաններ

Ոստիկանությունը չպետք է սպասեր վարչապետի խիստ հանձնարարականներին՝ համավարակի դեմ պայքարի հարցում և պարտավոր էր իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իր վրա դրված խնդիրները։ Այդ թվում՝ ըստ անհրաժեշտության ոստիկանությունը համաչափ ու իրավաչափ հարկադրանքի ուժ կարող է կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք խախտում են հասարակական կարգը, չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին ու դրա շուրջ բարձրացված աղմուկին։ 

«Ես համավարակի դեմ պայքարի առաջին օրվանից կողմնակից եմ եղել խիստ, ընդհուպ՝ կոշտ միջոցների կիրառման՝ այս համավարակի դեմն առնելու համար։ Ես չեմ կարծում, որ անպատասխանատու քաղաքացիների պատճառով մենք պետք է վտանգենք մեր հայրենակիցների ու ծնողների կյանքը։ Եվ ես կարծում եմ, որ չպետք է այլ հարթություն տեղափոխել ոստիկանության աշխատանքը։ Բնականաբար, ոստիկանությունը պետք է գտնվի բառի բուն իմաստով օրինականության շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ իրականացնի հարկադրանքի միջոցներ»,- «Մեդիալաբին» ասում է Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց, որ խիստ խոսակցություն է ունեցել իրավապահ համակարգի ղեկավարների հետ՝ արտակարգ դրության կանոնների խախտման դեպքերը նվազագույնի հասցնելու համար։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հունիսի 5-ին տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Երևանի զբոսայգիներից մեկում ուժ գործադրում մի քաղաքացու նկատմամբ, նրան ձեռնաշղթաներ հագցնում և բերման ենթարկում՝ դիմակ չկրելու համար: Սա բուռն քննարկման թեմա է դարձել, որոշ օգտատերեր նշում են, որ ոստիկանությունը բռնություն է գործադրում քաղաքացու նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այս դեպքին․

«Ոստիկանությունը ուժային կառույց է և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- գրել է նա:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հարցին անդրադարձել է նաև ոստիկանության պետ Արման Սարգսյանը։ 

«Միանշանակ, ոստիկանների իրավաչափությունը կստուգվի, բայց շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ընդամենն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները։ Եվ այն քաղաքացին, ով համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից և մյուս պահանջներից սկսել է ընդվզել և ոստիկանին հրահրելով՝ ներքաշել ինչ-որ բանի մեջ, կներեք, բայց ոստիկանները ճիշտ են անում»,- ասել է Արման Սարգսյանը։ Ոստիկանապետը հիշեցրել է, որ ոստիկաններն օրենքով ուժ կիրառելու լիազորություն ունեն։

«Եվ ես հույս ունեմ, որ ոստիկանության ծառայողները նույն տրամաբանությամբ, ովքեր կխախտեն օրենքը, որտեղ կգտնեն դրա պահանջը կա, այդ ուժը պետք է կիրառեն։ Կներեք, մենք երկու ծայրահեղության մեջ ենք ընկնում. երբ ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիրառելը դիտարկում են բռնություն»,- հավելել է Արման Սարգսյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է՝ իհարկե, ոստիկանությունը ուժ կիրառելու իրավունք ունի, բայց ուժը պետք է համաչափ լինի։

«Դատելով այդ տեսանյութից՝ քաղաքացին մի քանի անգամ ասում էր ոստիկաններին՝ ես գալիս եմ ձեզ հետ։ Այն պահից, երբ ասում էր՝ ես գալիս եմ ձեզ հետ, կարելի էր նրա նկատմամբ ուժ չկիրառել։ Ինչքան ես հասկացա, ոստիկանները խնդիր էին դրել ձեռնաշղթաներ հագցնել և այդ խնդիրն էին լուծում։ Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ էր տեղի ունեցել նախքան այդ, բայց դատելով տեսագրությունից՝ քաղաքացուն, որը արդեն համաձայնում է գնալ ոստիկանների հետ և չի դիմադրում, նրա նկատմամբ ուժ կիրառելն արդեն ավելորդություն է»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը։

Միաժամանակ, իրավապաշտպանը նշում է՝ այո, ոստիկանությունն ունի գործառույթներ։ «Եվ այդ գործառույթների շրջանակում նա իհարկե կարող է ուժ կիրառել, բայց այդ ուժ կիրառելը պետք է լինի արդարացված ու համաչափ, և այն դեպքում, երբ անհրաժեշտ է այդ ուժը կիրառել։ Հենց այնպես վերացական ուժ կիրառել, ուղղակի որպեսզի ցուցադրաբար ցույց տաս, որ ոստիկան ես, այնքան էլ արդարացված չէ»,- հավելում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ մենք տարիներ շարունակ տեսել եք չարդարացված ուժի կիրառում։ Դա է նաև պատճառներից մեկը եղել, որ այսօր խոսք է գնում այն մասին, որ ոստիկանությունը պետք է վերաձևենք, վերանայենք, ունենանք նոր ոստիկանություն՝ նոր ժամանակների ոգուն համահունչ։ «Եվ այդ ոստիկանությունը, այո՛, չպետք է լինի թույլիկ, այդ ոստիկանությունը պետք է լինի ամուր, պետք է լինի իրոք ոստիկանություն, չպետք է իր մեջ պարունակի միլիցայական տարրեր։ Բայց միաժամանակ գործողությունները պետք է լինեն օրենքի ու կարգի շրջանակներում»,- ասում է Վարդան Հարությունյանը։

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ հավելում է, որ եթե հետադարձ հայացք գցենք վերջին երեք ամիսներին ՀՀ իրավասու մարմինների իրավաստեղծ գործունեությանը, կտեսնենք, որ Ազգային ժողովը՝ իր հերթին, պարետատունն ու կառավարությունն էլ՝ իրենց հերթին, տարբեր որոշումներ ու օրենքներ են ընդունել՝ կորոնավիրուսի տարածվածությունը կանխելու համար։ Ինչո՞ւ չեն գործում այդ օրենքներն ու որոշումները։

«Հիմա, երբ մեր առողջապահության նախարարությունն ամեն օր հրապարակում է այսքան վարակվածության ու մահացության դեպքերը, և մենք տեսնում ենք, որ այդ օրենքներն ու նորմատիվ ակտերը կյանքի չեն կոչվում, արդյոք մենք չե՞նք գալիս ու հանգում հետևության, որ պետական մարմիններն ուղղակի չեն աշխատում։ Այդ օրենքներն ընդունվել են, սակայն չեն կիրառվում, իրավակիրառ ոլորտում մենք բառի բուն իմաստով ունենք բարձիթողի վիճակ»,- ասում է Նորայր Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ երբ վարչապետը կամ ուրիշ պաշտոնյաներ հեռուստացույցի կամ ուղիղ եթերների միջոցով ընդամենը հորդորում են քաղաքացուն պահպանել անվտանգության կամ հակահամաճարակային կանոնները, դա նույնն է, որ մենք հանցագործներին խնդրենք հանցագործություն չանել։ Դա նույնն է, որ ավտոմեքենաների վարորդներին խնդրենք խախտումներ չանել։

«Շատ լավ, եթե անում են, պետք է համապատասխան պատասխանատվության մեխանիզմը գործի, որպեսզի իրավախախտումների նախականխման ռեժիմն սկսի աշխատել»,- ասում է Նորիկյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am