«Ղրիմի ընտրությունը և ազդեցությունը տարածաշրջանի վրա». Ուկրաինայի տեղը` շախմատի տախտակի վրա

«Ղրիմի ընտրությունը և ազդեցությունը տարածաշրջանի վրա». Ուկրաինայի տեղը` շախմատի տախտակի վրա
«Ղրիմի ընտրությունը և ազդեցությունը տարածաշրջանի վրա». Ուկրաինայի տեղը` շախմատի տախտակի վրա

«Ես Ղրիմի հանրաքվեն համարում եմ մեծ սոցիոլոգիական հարցում, համարում եմ որոշակի կամքի դրսևորում, բայց ոչ ազատ կամքի: Ես այն չեմ գնահատում որպես հանրաքվե, սակայն լրատվամիջոցները՝ հատկապես ռուսական քարոզչական ԶԼՄ-ները, նաև ամերիկյան, եվրոպական և հայկական լրատվամիջոցները այն համարում են հանրաքվե»,- ասաց Վլադիմիր Հորբաչը՝ Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբանը, այսօր  «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցած քննարկմանը:

Հորբաչի խոսքով՝ տեղի ունեցածը կարելի է ցանկացած կերպ անվանել, բայց ո´չ հանրաքվե, երբ ուկրաինական լրատվամիջոցները դրանից տաս օր առաջ կասեցվել էին Ղրիմում, երբ ընտրացուցակներ չեն հրապարակվել. «Սա փսիխոզի պայմաններում մասսայական սոցհարցում էր»:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համամիտ է, հիշեցնելով, որ 4 ամիս առաջ, երբ Մայդանում ցույցերը բացառապես խաղաղ բնույթ էին կրում, Ղրիմը ցանկություն չէր հայտնում Ռուսաստանին միանալու և իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ հանցավոր անցյալ ունեցող անձինք գրավեցին երկրի կարևոր կառույցները. «Սա ավելի «անշլուս»  էր, քան հանրաքվե»:
 
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ Ղրիմի հանրաքվեն չի համապատասխանում Ուկրաինայի սահմանադրությանը և միջազգային իրավունքին, բայց այդ փաստը որևէ մեկին չի հուզում, քանի որ Մոսկվայի վերահսկողությամբ հանրաքվեն  քաղաքական բնույթ ուներ.  «Աշխարհաքաղաքական շախմատի  ընթացքում կողմերից մեկը խաղը շարունակելու փոխարեն ուղղակի շրջեց շախմատի տախտակը: Կողմերից մեկը ցույց է տվել իր դիրքորոշումը, հիմա խնդիրն այն է, արդյոք այդ դիրքորոշումը կկարողանա փոխել մի շարք իրադրություններ»:
 
«Արևմուտքը ավելի ակտիվ գտնվեց, քան ես ակնկալում էի: Ուժեղ քայլ էր այն, ինչ կարողացան անել ԵՄ-ն և Գերմանիան: Հաջորդ քայլը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն են. մենք  մոտ ենք պատժամիջոցների երրորդ փուլին»,-նշեց Հորբաչը:

Նրա կարծիքով՝ Ուկրաինան կգտնի իր տեղը շախմատի տախտակի վրա, Ուկրաինան գիտի, որ ճշմարտությունն իր կողմն է և այս իրադրությունում չի կարող չունենալ միջազգային հանրության աջակցությունը:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=aWaiv4BlrpU