Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

Հեղինակ MediaLab

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դա կապված է ռադիոհաճախականության վաճառքի սկանդալի հետ:

«Այսօրվա բարդ պայմաններում, երբ երկիրը հակադզում է կորոնավիրուսի վարակի սպառնալիքին և պայքարում դրա տնտեսական հետևանքների դեմ, կառավարությունը պետք է աշխատի  կայուն և վայելի քաղաքացիների լիարժեք  վստահությունը, իսկ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին: Այդ ամենից ելնելով` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,– ասված է Մուհամեդկալի Աբիլգազիևի ուղերձում:

Մայիսի կեսերին երկրի խորհրդարանում սկանդալ էր բարձրացել ռադիոհաճախականության անօրինական վաճառքի հետ կապված։ Պատգամավորների վարկածի համաձայն, ռադիոհաճախականությունն անօրինական վաճառվել էր երկրի բջջային օպերատորներից մեկին, ինչի հետևանքով պետությանը մի քանի միլիոնի վնաս է հասցվել:

Հարուցված քրեական գործի շրջանակում կան ձերբակալվածներ: Պատգամավորներից ոմանք այն կարծիքին են, որ վարչապետը կարող է մասնակցություն ունեցած լինել այդ գործում:

Մուհամեդկալի Աբիլգազիևը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից: