Իրաքահայերի մասնատված կյանքը` Բաղդադից` Դարբնիկ. «Հայաստանի մեջ պակասում է անկեղծությունը մարդկային հարաբերություններում»

Իրաքահայերի մասնատված կյանքը` Բաղդադից` Դարբնիկ. «Հայաստանի մեջ պակասում է անկեղծությունը մարդկային հարաբերություններում»
Իրաքահայերի մասնատված կյանքը` Բաղդադից` Դարբնիկ. «Հայաստանի մեջ պակասում է անկեղծությունը մարդկային հարաբերություններում»

Սեդա Ջոքյանի տան պատուհանից այն կողմ խոշոր փաթիլներով առաջին ձյունն է իջնում: Չնայած դրսի անգույն ձմռանը` նրա փոքրիկ կացարանում տաք արևելք է: Անկողնու վառ գույներով ծածկոցներ, Արևելքի կանանց բնորոշ զարդեր, հեռուստաէկրանից տարածվող արաբական երաժշտության հարուստ ելևէջներ:
66-ամյա Սեդան` սև, հարդարված մազերով, մեղմ ժպտալով սեղանին է շարում մեծ վարդերով ափսեները`սուրճի սեղանի շուրջը հրավիրելով:
«Մի հատ լավ երաժշտական ալիք գտնեմ մեր արաբականներից ու նստեմ,- ասում է նա` ալիքից ալիք փորձելով գտնել իրեն հոգեհարազատը,- ահա´, Սաբահն է երգում, շատ հայտնի երգչուհի է…»

Կարոտը` հեռուստաալիքներից

Տեղավորվելով աթոռի վրա` նա սկսում է իր պատմությունը.

«Անունս, ճիշտ է, Սեդա է, բայց արաբներն ինձ Սիդա էին ասում: Կյանքիս մեծագույն հատվածը մնաց Բաղդադում…,- իր կյանքի էջերն է բացում նա,- հիմա հայաստանյան հատվածն է: Շատերը եկան ու այստեղից գնացին Եվրոպա: Մենք մնացինք, Հայաստանը սիրում ենք, ու սա չեմ ասում ձևի համար, չէ´, ուղղակի մեր երկրում մեզ լավ ենք զգում»:

Սեդան ապրում է Երևանից 8 կմ հեռավորության վրա գտնվող Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղատնտեսական նախկին քոլեջի շենքում, որը վերանորոգվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից և տրամադրվել 2009 թվականից Իրաքից Հայաստան գաղթած հայ ընտանիքներին:

Տարիներ շարունակ խոհարար աշխատած Սեդան առաջին անգամ Հայաստան է եկել 2000-ին, սակայն 6 ամիս անց կրկին վերադարձել է Իրաք և միայն երեք տարի անց կրկին բռնել հայրենիքի ճանապարհը:

Վարուժանը` ոստիկանական հագուստով-Իրաք

«Հետ վերադարձա այս տարվա օգոստոսին: Աշխատանք չունենալու պատճառով եմ հա գնում-գալիս, այստեղ գործ չկա: Թե´ Հայաստանում, թե´ Իրաքում խոհարարություն եմ անում, բայց էլ չեմ կարողանում, ոտքերս շատ են ցավում: Բաղդադում տուն չունենք, հայկական եկեղեցին տեղ տվեց, երեք տարի ապրեցինք: Այս փոքր տղաս չի կարողանում առանց Հայաստանի մնալ»,- ասում է նա:

Նրա երկու մեծ տղաներն ամուսնացել են հայաստանցի աղջիկների հետ ու, ինչպես ինքն է ասում`«տնավորվել»:

Խորհրդային տարիներին Դարբնիկում ապրել են ադրբեջանցիներ, որոնք 1988-ին լքել են գյուղը: Այսօր Դարբնիկում ապրում են Ադրբեջանից, Իրաքից, վերջերս նաև` Սիրիայից ներգաղթած հայեր: Իրաքահայերից շատերը, սակայն, չհարմարվելով հայաստանյան կյանքին, հիմնականում աշխատանք չունենալու պատճառով հեռացել են Հայաստանից:

Չնչին աշխատավարձով փորձում ենք հարմարվել այս նոր իրականությանը-Բաբկեն Քեթենջյանը

«Մոտավորապես 20 ընտանիք էինք, մեծ մասը գնաց Հոլանդիա, նորից հետ` Իրաք, Լիբանան, Եգիպտոս, մնացել ենք հինգ ընտանիք: Բաղդադից հետո` Դարբնիկ: Դժվար է, Բաղդադում լավ էինք ապրում, ամեն ամիս պետությունը սնունդ էր բաժանում` բրինձ, ձեթ, շաքարավազ, լվացքի փոշի, ամեն ինչ, մենք մենակ բանջարեղեն ու հագուստ էինք երևի գնում: Ամեն օր չեկով նավթ էին բաժանում… հիմա զրկված ենք այդ ամենից, չնչին աշխատավարձով փորձում ենք հարմարվել այս նոր իրականությանը»,- ասում է 2009-ին ընտանիքի հետ Հայաստան տեղափոխված 62-ամյա Բաբկեն Քեթենջյանը:

Արմատներով զեյթունցի, մեքենաների արհեստավոր աշխատած Բաբկենը Հայաստանում ամսվա 15 օրը պահակություն է անում, որի համար ստանում է 56 հազար դրամ: Բաղդադում կինը սեփական վարսավիրանոց է ունեցել: Նրա բարեկամները սփռված են աշխարհով մեկ` Ամերիկա, Եվրոպա, Իրաք:

«Ճիշտ է, հիմա Բաղդադում սղություն է, բայց էլի աշխատանք կա, ու լավ կվճարեն: Այստեղից 100 տոկոսով շատ ավելի լավ է: Բայց չեմ գնա, մեր երկիրն այս է, դու չլինես, ես չլինեմ, երկիրը կկործանվի-կերթա: Ես գոհ եմ այստեղ: Ինձ ավելի շատ կնեղացնե, որ չկա անկեղծություն, Հայաստանի մեջ պակասում է անկեղծությունը մարդկային հարաբերություններում»,- ասում է նա:

Երկու երկրների արանքում

Նույն հարկում է ապրում նաև Բաբկենի մանկության ընկերն ու դասարանցին` 60-ամյա Անդրանիկ Զաքարյանը: Ի տարբերություն Բաբկենի` նա պատրաստ է լքելու Հայաստանը:

«Եթե հնարավորություն լինի ու լավ լինի, կերթանք, բա ի՞նչ անենք: Հայաստանցիները կերթան, մնաց` իրաքահայե՞րը չերթան, որ ապրել են էդ գյոզալ երկիրը, կյանք են արել էնտեղ: Իրաքում պահեստապետ տնօրեն էի, մեծ վաճառականի մոտ էի աշխատում: Ստիպված դուրս եկանք Իրաքից, ուրիշ ելք չունեինք, միայն Հայաստանն էր, որ հայերին վիզա կտար, ամբողջ երկիրը շրջապատված էր ամերիկյան զորքերով»,- ասում է նա:

Տիկին Սեդան ուղեկցում է հարևան բնակարանը, որտեղ ապրում է երիտասարդ իրաքահայ ընտանիք: Ներս են հրավիրում: Արմատներով վանեցի 34-ամյա Վարուժան Ֆարադյանը ապրում է հայաստանցի կնոջ` 25-ամյա Ալիսա Միհրանյանի հետ: Ամենուր խաղալիքներ են: Նրանց որդին` 4,5-ամյա Հայկը, ամբողջ տունը լցրել է ուրախ աղմուկով:

Վարուժանը 2006-ին դուրս է գալիս Իրաքից, մեկնում Սիրիա, վեց ամիս անց` Հայաստան: Քրոջ ընտանիքի հետ է լինում: Քրոջ ընտանիքը մեկնում է Հոլանդիա, ինքը, ամուսնանալով, մնում է Հայաստանում:

«Իրաքում լավ եղավ, առաջին հետ գնացողներից մեկը ես կլինեմ օդակայանում: Ասում ենք` հայրենիք ա, բայց ապրելը շատ դժվար ա, այնտեղ մեկ հոգի աշխատի, 50 հոգի կպահի, այստեղ 50 հոգի պետք ա աշխատի, որ մեկ հոգի ուտի: Հարյուր անգամ մտածում ենք ու նոր մի բան առնում: Այնտեղ հոսանքի ու ջրի փող չէինք տալիս: 120 լիտր բենզինի գինը մեկ դոլար էր, չէիր մտածում, նավթը ձրի գալիս էր դուռդ»,- ասում է Վարուժանը:

Նա Բաղդադում աշխատել է ոստիկանությունում: Ծնողները զինվորական են եղել:

Վարուժանը ցույց է տալիս ծնողների նկարը: Նրանք սպանվեցին Իրաքում:

«Պապաս գեներալ էր, մամաս` փոխգնդապետ: Ծնողներիս խփեցին մուսուլմանները պատերազմի ժամանակ, հենց մեր տան մեջ, ինձ էլ են խփել: Երկու հատ` ստեղ, մի հատ` ստեղ,- ասում է նա ու ցույց տալիս մարմնի վրայի սպիները: – Քանի որ հայկական դպրոց չեմ գնացել, հայերեն գրել-կարդալ չգիտեմ, այդ պատճառով այստեղ չեմ կարողանում գործի ընդունվեմ ոստիկանությունում, ստիպված ավտոլվացման կետում եմ աշխատում»:

Ալիսան նայում է ամուսնուն ու ասում, որ Հայաստանից դուրս չի գա: Վարուժանը փորձում է գտնել ոսկե միջինը, որ չկա… «Հորս արև, եթե լավ գործ եղավ, լավ աշխատավարձ, Հայաստանից գնացող չեմ: Ընտանիքս ստեղ հանգիստ ա, էլի պիտի գնամ, փախստական մնամ, բայց մենակ գործ լինի, գոնե 200 հազար աշխատավարձով, էշություն ա` պիտի անեմ, մենակ տղես մի բանի կարիք չունենա»:

Ի տարբերություն բազմաթիվ իրաքահայ երիտասարդների, ովքեր իրենց կյանքը կապել են տեղացի աղջիկների հետ, այստեղ բացառություն է ազգությամբ քրդուհի 33-ամյա Նազդար Շահնազարյանը (Քավա Իսմայիլ), ով Իրաքից Հայաստան գալով` ամուսնացել է Տիգրան Շահնազարյանի հետ:

«Ծնողներս գնացին Եվրոպա, ես մնացի: Այս կացարանը մեզ են տվել` ինձ իրաքցի հաշվելով: Իրաքում են եղբայրներս, քույրս: Սիրում եմ այս երկիրը: Ամուսնուս ընտանիքը ինձ նորմալ ընդունեց: Ես եկեղեցի եմ գնում, աղոթում, մոմ վառում»,- ասում է Նազդարը` գեղեցիկ ու մաքուր հայերենով խոսելով:

Մելիսան ու Համլետը` Նազդարի եւ Տիգրանի երեխաները

Նազդարը Արևելքի կնոջ գեղեցկություն ունի` ընդգծված սև աչք ու հոնք, թուխ մաշկ, սլացիկ հասակ ու սև, երկար վարսեր: Ասում է, որ կուզեր գնալ Իրաքում ապրելու, բայց ամուսինը երբեք չի գա:

«Այնտեղ հեշտ է փող աշխատելը: Այստեղ Տիգրանը անասնապահությամբ է զբաղվում: Ես էլ Եվրոպա երբեք չեմ գնա, որտեղ արև չկա, ու սառեցրած մրգեր են ուտում: Ես արևի մարդ եմ ու արևոտ երկիր եմ սիրում»,- ասում է Նազդարը` գրկելով երեխաներին`Մելիսային ու Համլետին:

Բաղդադը լուծում էր իրաքահայերի նյութական խնդիրները, Հայաստանում հայրենիքում են, բայց` անտուն, ուսերին կրելով չլուծված նյութական բազմաթիվ խնդիրներ:

«Տուներս է փոքր, բայց սրտներս մեծ է, նորեն համեցեք»,- ասում է Սեդան` Արևելքի թագուհին հայկական փոքրիկ Դարբնիկում:

Գայանե Մարտիրոսյան

Լուսանկարները` «Մեդիալաբի»

© Medialab.am