«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակնկալում է ստանալ ընտրողների քվեների 60 տոկոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ակնկալում է ստանալ ընտրողների քվեների 60 տոկոսը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Ավան վարչական շրջանում կուսակցության նախընտրական շտաբում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք, որովհետև մեզ պետք չեն այլ սցենարներ: Մեզ պետք  է, որ ընտրությունները տեղի ունենան, և մենք լիարժեք վերադառնանք մեր անվտանգային տնտեսական, կրթական, սոցիալական հարցերի լուծմանը:

Դրա երաշխիքը կարող է լինել քաղաքացին: Եվ մենք ուզում ենք այս թեման կիսել մեր քաղաքացիների հետ: Որպեսզի որևէ վիճարկում տեղի չունենա ժողովրդական մանդատի, շատ կարևոր է, որ ընտրողների 60 տոկոսը քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:

Եվ մենք խնդրում ենք, հորդորում ենք, կոչ ենք անում մեր քաղաքացիներին գնալ և վերահաստատել իշխանության մանդատը, որովհետև դա իրենց իշխանության մանդատն է»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դա կնշանակի, որ հայ ժողովուրդը պահում է իր իշխանությունը:

«Մենք ամեն ինչ կանենք, որ օրինական ընտրություններում քաղաքացին գնա և քվեարկի մեր օգտին: Սա է պատճառը, որ մենք մեր ներթիմային հանդիպումները հրապարակային ենք դարձնում ուղիղ եթերի միջոցով, որպեսզի հարց չծագի, թե հավաքվել,  ի՞նչ էին խոսում:

Մենք խոսում ենք Հայաստանի ապագայի մասին և ասում ենք, որ ապագա կա: Եվ Հայաստանի քաղաքացին պետք է գնա ընտրական տեղամաս և ասի ապագա կա, իսկ հունիսի 21-ին քվեաթերթիկների հաշվարկը ի լուր ամբողջ աշխարհի պետք է արձանագրի, որ հայ ժողովուրդն ասում է, որ ապագա կա և այդ ապագան իր ձեռքերում է»,- եզրափակեց Փաշինյանը: