Նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ կլինեն միասնական վերահսկման մեխանիզմներ

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում, որը նախագահեց Մխիթար Հայրապետյանը, քննարկվեց ««Լիցենզավորման մասինն» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու շարժառիթը, նշեց, որ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական եւ նախադպրոցական ծառայություններ: Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս, զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ, չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին:

Օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը: Դա կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշեր:

Հարակից զեկուցումը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Նա կարեւորեց ներկայացված փոփոխությունները` հորդորելով կողմ քվեարկել:

Օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։