«Չի կարող կալանքը որպես խափանման միջոց առհասարակ հանվել կիրառումից, բայց յուրաքանչյուր անհատական դեպք պետք է շատ մանրամասն քննվի»․ Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, վերջին շրջանում կրկին ակտիվացել է խափանման միջոց կալանքը կիրառել-չկիրառելու հարցը, քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմանները, կխնդրեմ ձեր դիտարկումն այդ հարցերի վերաբերյալ։

– Որպես խափանման միջոց կալանքն ընտրելը յուրաքանչյուր դեպքի համար պետք է դիտարկվի շատ խորքային ու նաև դիտարկվի այլ խնդիրների հետ համակցության մեջ, որովհետև, այո՛, կան դեպքեր, երբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելն այլընտրանք չունի:

Գործի արդյունավետ քննության, փախուստից խուսափելու համար, որը Հայաստանի համար ավանդական է դարձել, նաև գործի քննության վրա ազդելու որոշ մարդկանց բացառիկ հնարավորությունները հաշվի առնելով՝ կալանքը դառնում է անխուսափելի խափանման միջոց։

Բայց, կրկնում եմ՝ այն պետք է դիտարկվի համակցության պայմաններում, որովհետև պետք է հասկանալ՝ արդյոք նույն վերահսկողական հիմնարկների պահման պայմաններում տրամաբանակա՞ն է բուժումը, որը տրամադրվում է մեղադրյալին, պահման պայմանները բավարա՞ր են, թե՞ չէ, որովհետև միայն հանգամանքը, որ մի խցում շատ ավելի քիչ թվով մարդիկ են, քան նախկինում, այսինքն՝ մարդիկ հերթով չեն քնում, դեռ չի նշանակում, թե պահման պայմանները բավարար են, որովհետև համեմատաբար նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը օդափոխության մեծ խնդիր ունի։

Այդ խցերում, հատկապես ամռանը, իրապես անմարդկային վիճակ է, ու շատ դեպքերում քրեակատարողական հիմնարկի աշխատողները ինչ-որ իմաստով խախտում են կանոնակարգը՝ բաց թողնելով դռան վրայի փոքրիկ պատուհանը, որ մարդիկ պարզապես կարողանան շնչել, այլապես կարող են խեղդվել, ու սա համեմատաբար նոր կառուցված ՔԿՀ-ներում տիրող վիճակն է։

Բուժումը, որը տրամադրվում է այդ մարդկանց․ բոլորս էլ գիտենք, որ անձնակազմը համալրված չէ մասնագետներով, որ սարքավորումները և դեղամիջոցները բավարար չեն, այսինքն՝ ունենք համալիր խնդիրներ, այդ թվում՝ նույն դատարանների դահլիճները, որոնք օդափոխության խնդիրներ ունեն, այս ամառվա շոգ պայմաններում ՔԿՀ-ից դատարան մեղադրյալների տեղափոխելու գործընթացը: Շատ դեպքերում նույն մեքենան սպասում է այնքան, որ բոլորին հավաքի ու տանի տարբեր դատարաններ։

Սրանք խնդիրներ են, որոնց պետք է շատ արագ լուծում տրվի, որովհետև ունենք արդեն դեպքեր, երբ դատարանի դահլիճում մարդիկ են մահացել, իսկ դա խայտառակություն է: Չեն դադարում դեպքերն էլ, երբ մարդկանց առողջական վիճակը այդ պայմանների հետևանքով վատանում է։ Վստահեցնում եմ, որ աղմկահարույց դեպքերից զատ, բազմաթիվ են նմանօրինակ դեպքերը, որոնցից հանրությունը տեղյակ չէ։

– Պետությունը չունի՞ բավարար հնարավորություններ, որ ձեր նշած այդ խնդիրները լուծի։ Պատճառը ո՞րն է, որ ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են։

– Եթե փորձենք ուսումնասիրություն անցկացնել, մեզ անպայման կասեն, որ տևական ժամանակ բավականին մեծ գումարներ են ծախսվել դրանց վերացման ուղղությամբ, բայց մենք արդյունք չունենք։ Նախ պետք է ստուգել, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, որպես լուծում՝ տարբեր բաներ են առաջարկում, մինչև անգամ նոր ՔԿՀ-ի կառուցում, թեպետ ես ինքս դեմ եմ դրան, որովհետև, կարծում եմ, որ այդ հսկայական գումարները կարելի էր ու պետք էր ծախսել այլ ուղղությունների վրա։

Տեղափոխման հետ կապված՝ կրկին պետք է ուսումնասիրել, որովհետև տևական ժամանակ թղթերով ցույց էին տալիս, որ մեծ ծախսեր են արվում այդ ոլորտում, բայց արդյունքն այն է, որ ունենք հին, սովետական մեքենաներ կամ դրա համար չնախատեսված մեքենաներ։ Իրականում անլուծելի խնդիրներ չկան, կա սխալ մենեջմենթ, ու նաև վերահսկողություն է պետք իրականացնել, որպեսզի պարզ լինի՝ ինչի վրա են ծախսվում մեր գումարները։

– Տիկի՛ն Կարապետյանց, ձեր գնահատմամբ՝ Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելը չարաշահվո՞ւմ է, թե՞ ոչ։

– Կդժվարանամ ընդհանուր գնահատական տալ, որովհետև համեմատելով նախկինի հետ՝ կարող եմ ասել, որ բավականին մեծ փոփոխություն կա դեպի դրականը, որովհետև եթե ժամանակին կային հոդվածներ, որոնցով անհավանական էր ակնկալել, որ մարդը, օրինակ՝ սպանության կասկածի հոդվածով, կարող էր ազատության մեջ լինել, հիմա, փաստորեն, կարող է։

Ծանր, առանձնապես ծանր հանցագործություններում մեղադրվող մարդիկ երբեք չէին լինում ազատության մեջ, դա բացառված էր: Մի տրամաբանություն էլ կար, որ եթե մարդուն կալանավորում էին, նշանակում էր, որ նա դատապարտված է, ոչ մի շանս չուներ արդար դատավճիռ ստանալու։

Հիմա իրավիճակն իրականում փոխվել է, բայց նաև առանձին գործերով մի տեսակ տպավորություն ունեմ, որ մի փոքր չարաշահում կա այն իմաստով, որ, համենայնդեպս, կողքից, այնքան էլ հիմնավոր չի թվում, թեպետ կալանքի հետ կապված դատական նիստերը փակ են, ու շատ դժվար է հասկանալ հիմքերը, որոնցով ընտրվում է այս կամ այն խափանման միջոցը։ Ամեն գործ շատ յուրահատուկ է, բայց այն, որ ժամանակին բոլորին որպես խափանման միջոց համատարած նշանակում էին կալանք, այդ իրավիճակն այժմ չունենք։

Ժամանակին մենք ունեցել ենք ՔԿՀ-ներում պահվող մարդիկ, որոնք մահացել են, ու մենք այդ հարցը շատ երկար քննարկել ենք թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ ու ունենք նաև քրեական գործեր՝ այդ մարդկանց մահվան հետ կապված, բայց հեղափոխությունից չորս տարի անց այդ խնդիրը չի լուծվել։ Քրեական գործերով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, սա է նաև պատճառը, որ որևէ առաջընթաց չկա։ Որևէ մեկը պատասխանատվություն չի զգում անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ, շատերի համար նրանք ուրիշ սորտի՝ ավելի ցածր կատեգորիայի փոքր թվով մարդիկ են, որոնց խնդիրները կարելի է անտեսել, բայց շատերը պետք է գիտակցեն, որ որևէ մեկը երաշխավորված չէ, որ նման պայմաններում մի օր էլ ինքը չի հայտնվելու։

– Համակարծիք չե՞ք այն մարդկանց հետ, որոնք պնդում են, որ կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառումը պետք է վերացվի։

– Հնարավոր չէ այն վերացնել, որովհետև կան դեպքեր, երբ կալանքն անխուսափելի է։ Նման հայտարարություն կարող է անել մարդը, որն առհասարակ կապ չունի ու երբևէ չի առնչվել քրեական գործերի հետ, պատկերացում չունի, թե խոսքն ինչի մասին է, կալանքը չի կարող առհասարակ հանվել կիրառումից, բայց յուրաքանչյուր անհատական դեպք պետք է շատ մանրամասն քննվի, դրան պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև կար ժամանակ, երբ դատավորներն ավելի շատ վախենում էին կալանք չտալուց, քանի որ նրանց տարբեր ատյաններից կանչում էին «ռազբորկաների»՝ հասկանալու համար, թե ինչ շահ է ունեցել դատավորը, որ կալանք չի նշանակել։

Չգիտեմ, թե այդ նույն սխեման հիմա գործում է, թե ոչ, բայց պետք է հակառակը լիներ, որ քննարկեին, թե ինչի համար է կալանք տրվել, արդյոք բավարար հիմքեր եղե՞լ են դրա համար, ու դատավորն էլ պիտի շատ պատասխանատու մոտենա այդ հարցին։ Այսինքն՝ համակցության մեջ հիմնավորվածության աստիճանը հաշվի առնելով միայն պետք է նշանակվի կալանքը որպես խափանման միջոց։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am