Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզվում է սպանության մեղադրանքով

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Քամիլ Զեյնալիի հայտարարություններին, թե Մոսկվայում իրեն ձերբակալել են, քանի որ իր նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։

«Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասաց Սարգսյանը։

Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի ռուսական դատարանի առաջ։