Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների մասին օրինագիծը կքննի փետրվարի 29-ին, կամ մարտի 1-ին

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ որոշում կայացնելու է փետրվարի 29-ին կամ մարտի 1-ին: Այս մասին գրում է թուրքական «Հաբերթուրք» պարբերականը` վկայակոչելով Խորհրդին մոտ կանգնած աղբյուրները:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին (դիմումի տակ ստորագրել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 76 և ստորին պալատի՝ Ազգային ժողովի 65 խորհրդարանականները):
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել ստորև նշված որոշումներից մեկը.
1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո այն օրենքի ուժ կստանա
2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ այն «բարեփոխելու» և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար
3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի (նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա)
© Medialab.am