Հայաստանի սահմանների ոդիսականը

Վահրամ Թոքմաջյան

Պատերազմի ծանր պարտությունից հետո հասարակությունը խուճապի մեջ է։ Թշնամին մոտեցել է ընդհուպ Կապան քաղաքին։ Ճիշտն ու սուտը, իմացությունը և չիմացությունը միախառնվել են։ Իսկ կրքերը թեժացնողների պակաս չկա։

Թեժացնում են՝ նաև հաշվի առնելով հանրության գերզգայուն տրամադրությունները, որոշ խմբերի անկրթության աստիճանը և կարճ հիշողությունը։

Պատկան մարմինները զլանում են բացատրություններ ներկայացնել, քանի որ դրա երեսը չունեն, գիտելիք չունեն, անտեղյակ են կամ երեքը միասին։ Սույն գրվածքով կփորձեմ ներկայացնել, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմանների շուրջ՝ իհարկե հասկացածիս չափով։

Այս սահմանները նոր չեն գծվել։ Դրանք գծվել են այն պահին, երբ Ադրբեջանը, իսկ հետագայում` Հայաստանն ու ավելի ուշ` Վրաստանը մաս կազմեցին Խորհրդային Միության։ Ընդհանրապես Արցախի հարցում, սկսած 1828-ից, որոշումներ կայացնում է Ռուսաստանը։

Լինի դա ցարական, բոլշևիկյան, ելցինյան թե պուտինյան։ Հաճո է մեզ, թե ոչ, դա է իրականությունը։ Ի դեպ, մեր շատ տաքգլուխներ մինչև հիմա դա չեն հասկացել ու չեն հասկանում։ 

Իսկ ինչո՞ւ մեզ համար այսքան տհաճ հեռանկարով դասավորվեց այս ամենը։ Ադրբեջանը մի ոտ շուտ որոշեց դառնել բոլշևիկյան։ Էն ժամանակ այդ պետությունը նույնիսկ նորմալ Ադրբեջան էլ չէր կոչվում։ Մենք չհասկացանք իրերի ուղին, ինչպես և չենք հասկանում հիմա կամ տասը տարի առաջ։

Մի փուլում միայն հասկացանք, բայց հասկացողին առ այսօր կոչում ենք դավաճան։ Սակայն դա այլ խոսակցության թեմա է։

Ինչևէ։ Ադրբեջանը խորհրդայնացվում էր, իսկ մենք մեր հույսը դրել էինք մի կիսամոռացկոտ ձյաձի՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա։ Ի դեպ, 100 տարի հետո ոչինչ չենք սովորել ու հայտնի կենդանու համառությամբ դեռ Սևր ենք… Լավ, այստեղ կարող էի տուրք տալ զգացմունքներին։ Խուսափենք։ Իսկ իրականությունը հետևյալն էր։

Բոլշևիկները մեր քթի տակ էին ու չէին թաքցնում, որ ուզում են Հայաստանը։ Մյուս կողմում Թուրքիան էր, որը ծվատվելուց էլ ավելի ագրեսիվ էր դարձել ու չճանաչված բոլշևիկների հետ ջերմ հարաբերությունների մեջ էր։

Եվ նորից չէր թաքցնում մեր հանդեպ ունեցած հավակնությունները։ Իսկ մենք դեռահաս պատանու առաջին երազախաբության հիմքով հավատում էինք, որ կգա ինչ-որ Վիլսոն ու կլուծի մեր խնդիրները։ Հայ քաղաքական միտքը 18-րդ դարից սկսած աճ չի ունեցել։

Իսրայել Օրիից սկսած մինչև էսօր որևէ քաղաքական էլիտա (բացի մեկից) չի հասկացել, որ ո՛չ Հռոմի Պապը, ո՛չ կիսամոռացկոտ ու ինտելեկտով չփայլող Վիլսոնը, ո՛չ Ավստրիայի կայսրը ու ո՛չ էլ մերօրյա Մակրոնը մեզ փրկություն չեն բերելու։

Տարածաշրջանում խաղում են երկու կայսրություն։ Մենք էլ թեթև խուրդա ենք դառնում՝ մեր կարճամտության շնորհիվ։

Այդ փուլի գործիչներին ես չեմ մեղադրում։ Մի քանի Արամ Մանուկյանը քիչ է պետություն կառուցելու համար։ Իսկ անկեղծ մանկավարժները, որոնք մի օր բացահայտեցին գրքերում գրվածի ու իրական կյանքի տարբերությունները, շատ բան չէին կարող փոխել։ Ու հենց այդ՝ հերթական խաբվածի մոտիվներով, ի՞նչ արեցինք մենք։

Մի երկու լավ ռուսերեն իմացողի ուղարկեցինք Մոսկվա, իբրև ռուսներին զբաղեցնելու, իսկ մենք արցունքոտ աչքերով նայում էինք դեպի Արևմուտք։ Ի դեպ, Սևրը նույնիսկ չէր էլ առնչվում մեր հյուսիսային, արևելյան ու հարավային սահմաններին։

Դրանց լուծման բեռը մեզ վրա էր դրված։ Դա էլ չհասկացանք։ Իսկ հետո եղավ այն, ինչ լինելու էր։

Մենք խորհրդայնացվեցինք, կորցրինք մի հսկա կտոր Արևելյան Հայաստանից ու մնացինք մյուս սահմանների անորոշության մեջ։ Ադրբեջանը մի պահ նույնիսկ մեզ խաբս տվեց՝ ողջունելով հայ պրոլետարներին ու Արցախը ճանաչելով հայկական։ Իհարկե դա շատ կարճ տևեց։

Հետո արդեն մի գիշերում այն նվիրվեց Ադրբեջանին։ Իսկ մինչ այդ մենք զբաղված էինք նորից եղբայրասպան պատերազմով, ու անունն էլ շատ սիմվոլիկ էր՝ Հայրենիքի փրկության կոմիտե։ 

Մոսկվան, ուշքի գալով Առաջին աշխարհամարտի հետևանքներից, հաստատվեց տարածաշրջանում ու սկսեց գծել նոր սահմանները։ Այստեղ նեղանալու բան չկա։ Կարմիր կենտրոնը գծում էր սահմանները կայսրությանը վայել։ «Բաժանիր, որ տիրես» չարչրկված հասկացությունը հենց այս դեպքի համար է կիրառելի։ Սա կայսրությունների փիլիսոփայությունն է, ու դա բնական է։

Կիսել սահմաններն այնպես, որ անգամ կայսրությունների կործանումից հետո ժողովուրդները երկար ժամանակ կախված մնան կայսրության կենտրոնից։ Այսպես են կիսվել սահմանները թե՛ Միջին Ասիայում, թե՛ Մերձբալթիկայում։ Սակայն ի տարբերություն մեզ, մերձբալթյան երկրներն անկախանալուց հետո որոշեցին սահմանների հարցը լուծել այն ժամանակ, երբ բավականին հասուն կլինեն։

Այս սահմանները գծվեցին 1921-1936 թթ. գործընթացների արդյունքում։ Ի դեպ, մեր բախտը մի քիչ բերեց, որ վրացիները չորկողություն դրսևորեցին ու մի քիչ ուշ խորհրդայնացվեցին։

Բաթումն էլ նրանց չտրվեց համով գինու կամ կրքոտ պարերի համար։ Դա Կարմիր կենտրոնին էր պետք։ Տարեց սյունեցին գիտի, թե որտեղ ու ինչպես էին անցնում սահմանները մինչև 1991 թվականը։ 

Հետո արդեն տեղի ունեցավ Արցախյան առաջին հաղթական պատերազմը։ Ի դեպ, մինչև հիմա «Բաքուն գրավողները» կա՛մ չեն հասկացել, կա՛մ թունավոր կեղծիքով շարունակում են խեղել պատմությունը։ Ինչ-որ մի պահի մեզ բարեկիրթ բացատրեցին, որ հերիք է, դա ձեր բնագիծն է, այդտեղից առաջ գնալ չի կարելի։

Դե, մենք հայի շուստրիությամբ մի քիչ էլ փորձեցինք, մինչև մի երկու ծանր թարս չափալախ ստացանք։ 1994 թ. պատերազմը կանգնեց՝ մեզ համար հաղթական ելքով։ Սկսվեցին ծանր ու երկարատև բանակցությունները։ Իսկ թե ինչ գաղափարական միջավայր էր տիրում Հայաստանում և Ադրբեջանում, բոլորս գիտենք։ Խորանալու կարիք չկա։ 

Հայաստանի որևէ ղեկավար չի ասել, որ յոթ շրջանները հետ չի տալու։ Իսկ յոթ շրջանները հետ տալը հանգեցնելու էր նաև ներկայիս վիճակին՝ նույն Սյունիքի մասով։

Երբ խոսում ենք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտում խոսք չկար այդ մասով, մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք. Ադրբեջանն արդեն զենքի ուժով վերցրել էր յոթ շրջանների մի մասը, իսկ մյուս մասը հանձնել ենք որպես պարտված կողմ։ Այդպես է լինում պատերազմներում։

Իհարկե, մեր ամենադժգույն երազում անգամ չէինք պատկերացնի, որ այդ հանձնումը լինելու է հազարավոր հայորդիների կորստով։ Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ «Աղդամն իմ հայրենիքը չէ», նա չէր բացատրում, թե էլ ի՛նչը իր հայրենիքը չէ։

Իսկ թե՛ նրա նախորդը, թե՛ նրա հաջորդը քաջություն չունեցան քարտեզի վրա բացատրելու՝ միջազգային իրավունքի ուժով, որի տակ մենք ստորագրել ենք, ինչն է մերը ու ինչը մերը չէ։ Իսկ ներկայիս իշխանությունը չհասկացավ, որ Մոսկվայի տված ժամանակն արդեն սպառվել է։

Ավելի կոմֆորտ է սերունդներին վրեժ ժառանգել՝ առանց հարցնելու սերունդների կարծիքը, քան անձը դնել մի կողմ ու այդ նույն սերունդներին հստակ բացատրված սահմաններ ժառանգել։ 

Հիմա, կամ հայտարարում ես, որ թքած ունես ԽՍՀՄ–ի, դրա ժառանգականության ու այլ խնդիրների վրա, պարտված կողմ չես ու շարունակում ես պատերազմը, կամ խելքդ գլուխդ ես հավաքում, խնդրում (ոչ թե բանակցում, այլ խնդրում) Մոսկվային շունչ քաշել, նոր հասկանալ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների վիճակը։

Ասելիք շատ կա, բայց սահմանափակվենք այսքանով։

Հ. Գ. Սույն հրապարակախոսությունը պատմագիտական չէ։ Այն պատմական գիտելիքի և մերօրյա իրադարձությունների բացատրման փորձ է։ Օգտագործված է կենցաղային լեզու՝ ընդառաջ գնալով պահանջարկին։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am