«Հայ օգնության ֆոնդը» հանդիպել է Արցախից տեղահանված բժիշկներին, որոնք կիսվել են իրենց խնդիրներով

Փետրվարի 22-ին «Հայ օգնության ֆոնդն» (ՀՕՖ) Արցախյան երկրորդ պարտերազմի հետևանքով տեղահանված բժիշկների հետ հանդիպում էր կազմակերպել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակից: 

Հանդիպման գործնական հատվածում արցախցի բժիշկները կիսվել են իրենց խնդիրներով, մտահոգություններով ու հոգեվիճակով, պատմել անելիքների ու հեռանկարների մասին, իսկ երկրորդ հատվածում մտերմիկ զրույց են ունեցել գրող Նարինե Աբգարյանի հետ, որը պատմել է հայրենի Բերդ քաղաքի իր հիշողությունների, մոսկովյան արկածախնդրությունների, հաշվապահությունից գրականություն «փախչելու» ճակատագրական քայլի, ինչպես նաև արցախցի Ազնիվին և հազարավոր այլ ընտանիքներին օգնելու մասին:

ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը խոսել է Արցախի բժիշկների հետ շարունակական աշխատանքներ տանելու կարևորության, ՀՕՖ-ի նոր ծրագրերի և դրանցում արցախցի բժիշկներին ներգրավելու անհրաժեշտության մասին:

«2011թ. ՀՕՖ-ի ու Ամերիկայի հայ բժիշկների միության հետ կուռ համագործակցության արդյունքում ստեղծվեց Արցախի բժիշկների վերապատրաստման ծրագիրը, որի շնորհիվ Երևանում մեկամսյա անվարձահատույց վերապատրաստման հնարավորություն են ստացել ԼՂ բուժհաստատություններում աշխատող ավելի քան 200 բժշիկներ: 2018-ին  մեկնարկեցինք Արցախի բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 350 բուժքույր թարմացրել ու նորացրել է գիտելիքները:

Ցավոք, 2020-ին ծրագիրն իրականացրեցինք միայն Ասկերանում ու Մարտունիում, մեզ խանգարեց սկզբում կորոնավիրուսը, հետո՝ պատերազմը», – ասել է Համբարձում Սիմոնյանը՝ շեշտելով, որ արցախցի բժիշկների ու բուժքույրերի համար նոր ծրագիր են մեկնարկելու, որի շրջանակներում վերապատրաստված մասնագետները ռոտացիոն կարգով լրացնելու են Արցախի առողջապահության համակարգում առկա բացերը:

«Ուսման պատրաստ եմ, ծրագրին էլ սիրով կմասնակցեմ, քանի որ Արցախ վերադառնալու ցանկություն ունեմ, հնարավորություն՝ ցավոք, ոչ: Երկրորդ անգամ եմ Շուշիից գաղթում, առաջին անգամ՝ 1988-ին: Այն ժամանակ գոնե հնարավորություն կար ապրանք դուրս տանելու, հիմա մի նկար էլ չեմ կարողացել դուրս բերել, որ երեխաներս հոր լուսանկարը տեսնեն, նույնիսկ փաստաթուղթ չեմ կարողացել վերցնել»,- ցավով նշել է Նունե Խաչատրյանը՝ Ամերիկայի հայ բժիշկների միության ու ՀՕՖ-ի համատեղ վերապատրաստման ծրագրի մասնակիցը:

«Այն, ինչ տեղի ունեցավ, բոլորիս համար մեծ ողբերգություն է, բայց մենք ընկճվելու իրավունք չունենք, վհատվելու իրավունք չունենք, որովհետև ժողովուրդը մեզ է նայում, պիտի պահենք ու օգնենք մարդկանց: Ես պատերազմի 34-րդ օրն եմ եկել Հայաստան: Շփվել ենք, օգնել ենք շատերին, տուն ենք առել Ազնիվի ընտանիքի համար: Ազնիվը 31 տարեկան է, 7 երեխա ունի. մեծը՝ 13, փոքրը՝ 3 տարեկան է: Տունը փոքր է, բայց շատ մեծ հողամաս ունեն»,- ասել է Նարինե Աբգարյանն անկեղծ զրույցի ընթացքում՝ նշելով, որ հերոսներ են նաև ներկա բժիշկները, որոնք չնայած տուն ու հայրենիք են կորցրել, բայց պատրաստ են վերադառնալ ու ամեն ինչ նորից զրոյից սկսել:

«Համաձայն եմ Նարինեի հետ, չի կարելի հանձնվել, անթույլատրելի է, պետք է մտքից հանել: Գիտեմ, որ բարդ է լինելու, բայց պիտի հաղթահարենք»,- արձագանքել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով հանդիպումը կազմակերպելու համար ու ոսկե հուշամեդալով պարգևատրելով Համբարձում Սիմոնյանի՝ն երկարամյա համագործացության ու Արցախում ՀՕՖ-ի կատարած աշխատանքների համար: