ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին

Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացի հարցազրույցը ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ներկայացնում ենք ստորև.

Հարց. Ի՞նչ ազդեցություն ունեցավ 2018թ. Թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի, մասնավորապես առավել կարևոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա: 

Պատասխան. Ես կարծում եմ՝ մեր առջև դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարևոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն էր, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը վերաբերում է միայն Հայաստանին, և այն բացառապես ներքին խնդիր էր: Պարզաբանել, որ այն շատ կարևոր զարգացում էր Հայաստանում՝ հայերի համար՝ ուղղված հանրային կառույցների, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ ժողովրդին և տնտեսությանը, ազգային անվտանգության օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների միջոցով կայունության նպատակներին ավելի լավ ծառայելու համար: 

Մեր ժողովրդավարության ամրապնդումը մեր՝ որպես հասարակության էվոլուցիայի հարց էր այնպես, ինչպես նմանօրինակ հարց է նաև մեր պետության և ազգային անվտանգության օրակարգի ամրապնդումը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ զգուշորեն է կառուցված՝ ամրապնդելու ազգային անվտանգության ճարտարապետությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ ներգրավվածությամբ: Ուստի, մենք մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգ ստեղծենք՝ նավակը ճոճելով այն աստիճանի, որ խարխլվեին Թավշյա հեղափոխության նպատակները և խաթարվի ժողովրդի անվտանգությունը:

Մենք այս կամ այն ուղղության չենք հարում: Մենք խիստ հայամետ ենք, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես խիստ հայակենտրոն է: Այս շրջանակներում, ռազմավարական մոտեցման միջոցով, մենք զգուշորեն կառուցել ենք ազգային անվտանգության ճարտարապետությունը, որի կարևորագույն մասն է արտաքին քաղաքականությունը, և որի շրջանակներում մեր գործընկերներից յուրաքանչյուրի հետ ամուր հարաբերություններն իրենց ուրույն տեղն ունեն  մեր ազգային անվտանգությանը յուրովի նպաստելու գործում:   

Հարց. Կա՞ն օրինակներ, թե ինչպես կարող են ԱՄՆ-ն և Ռուսաստանը հարթել տարաձայնությունները, նվազեցնել լարվածությունը և առաջ տանել իրենց հարաբերությունները ճիշտ ուղղությամբ: Եվ ինչ դեր կարող է ունենալ Հայաստանը՝ այս ամենին օժանդակելու գործում: 

Պատասխան. Մենք ունենք Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակ, թե ինչպես են վերջիններս միասին աշխատում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ: Երկրներ, որոնք միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ կարող են ունենալ անհամաձայնություննե, սակայն այս առանձին դեպքում մենք գործ ունենք շատ լավ համակարգված, խստորեն համախմբված համագործակցության հետ, որը շատ լավ աշխատում է իրենց հստակ նպատակի՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի դերակատարությանը, ապա նշեմ, որ  մենք հետաքրքրված ենք հետագա կայունության պահպանման և լարվածության նվազեցման մեջ: Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին: Մենք ցանկանում ենք նպաստել կայունությանը: Մենք կարող ենք նպաստել դրան՝ առճակատումը մերժելու միջոցով՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ շահերը կարող են միավորվել՝ ի նպաստ կայունության: Մենք կարող ենք ներդրում ունենալ այդտեղ:

Հայաստանը իրապես ի ցույց է տվել դժվար մարտահրավերներին արձագանքելու իր կարողությունը. այն է, որ հնարավոր է նույնիսկ այս անհանգիստ ժամանակաշրջանում և առկա մարտահրավերների պայմաններում հարաբերությունները կառուցել կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոգով՝ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները երբեք չկառուցելով մյուսի հաշվին:

Հարց. Հայաստան-ԵՄ հարաբերություններն ամրապնդվում են: Ինչպե՞ս կարող է Հայաստանը լիարժեք օգտվել ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) և որո՞նք են  դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետները:

Պատասխան. Այս կարևոր համաձայնագիրն ամրապնդում է աճող քաղաքական, տնտեսական երկխոսությունը և գործընկերությունը ԵՄ հետ: ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է, քանի որ այն գործնականում կիրարկվում է: Ինչու՞: Քանի որ մենք արդեն իսկ ունենք համապատասխան մեխանիզմ՝ ժամանակավոր կիրարկում: Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը, Եվրոպական Խորհրդարանը՝ նույնպես, այժմ անհրաժեշտ է ԵՄ 28 երկրների վավերացումը, և նրանցից յուրաքանչյուրն ունի վավերացման իր սեփական ընթացակարգը: ԵՄ 18 անդամ երկրներ արդեն իսկ վավերացրել են այն: Հետևաբար, ներկայումս դեռ կա 10 երկիր, որ պետք է վավերացնի համաձայնագիրը, և նրանք պատրաստ են վավերացնել այն, քանի որ չկա որևէ քաղաքական խոչընդոտ: Սա պարզապես ներքաղաքական գործընթաց է: Փաստացի, առկա դրույթների 80%-ն արդեն իսկ կիրարկման փուլում է: Մենք համակարգել և համաձայնեցրել ենք կիրարկման ճանապարհային քարտեզը, և կիրարկումն իրականացվում է:

Եվրոպան հետևողական, շարունակական մասնակիցն է եղել Հայաստանի ինստիտուտների, պետական կառույցների զարգացմանը, տնտեսության զարգացմանը: 2018թ. տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից ի վեր, մենք ԵՄ հետ շատ ինտենսիվ, ծավալուն քաղաքական և տնտեսական ներգրավվածության մեջ ենք: Որպես այս գործընթացի մի մաս՝ մենք ցանկանում ենք ներգրավվել ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության մեջ, որի վերջնական արդյունքը կլինի համապատասխան համաձայնագրի կնքումը:

Այսօր մենք ունենք ՀԸԳՀ՝ որպես նոր իրավական հիմք, որի հիմքով շարունակում ենք մեր համագործակցությունը, և ձեռնարկելու այս ուղղությամբ հետագա քայլեր՝ ի նպաստ հայ ժողովրդի: ՀԸԳՀ մի փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ ոլորտների, այն իր մեջ ներառում է քաղաքական, արդարադատության և ազատությունների մասեր, ինչպես նաև լայն ոլորտային հատված: Այն համապարփակ համաձայնագիր է, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, առևտրի և տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և ԵՄ միջև օրենսդրական դաշտի մոտարկում, ինչպես նաև առևտրի և ներդրումների ոլորտում խթանում: Հետևաբար, ՀԸԳՀ մեզ համար գործիք է՝ առավել բարելավելու մեր նորմատիվ կամ չափորոշիչային կարգավորումները, որոնք պետք է նպաստեն մեր պետության զարգացմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: