Ինչքան շատ դիտորդներ տեղակայվեն մեր սահմաններին, այնքան օգուտ է մեզ. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ ԵԱՀԿ-ն խումբ կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատման համար: Սա որևէ կերպ կարո՞ղ է երաշխավորել սահմանների անվտանգությունը գոնե առաջիկա ամիսների համար: 

– Ցանկացած դեպքում դա միանշանակ դրական քայլ է: Ինչքան շատ դիտորդներ տեղակայվեն մեր սահմաններին, այնքան օգուտ է մեզ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից կրակոցները և սպանություններն իրականացվում են որպես ճնշման միջոց և ճնշման քաղաքականության բաղկացուցիչ մաս: 

Անվտանգության առաջին և միակ երաշխիքը Հայաստանի զինված ուժերն են, և եթե մենք ուզում ենք երաշխիք ստանալ, պետք է վերականգնենք այն ռազմական բալանսը, որը խարխլվեց վերջին տարիների ընթացքում, և որի գագաթնակետը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ: 

Բայց ցանկացած դեպքում այն սադրանքները, որոնք Ադրբեջանն այսօր կատարում է, մեկ նպատակ ունեն՝ ցույց տալու, որ իրականում Հայաստանն է դա անում: Քանի որ դեռ հստակ մեխանիզմներ չեն գործում, և այդ առաքելությունները դեռ հստակ չեն աշխատում, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանն է դա անում: Այստեղ կա որոշակի տրամաբանություն:

– Այս ընթացքում շատ է խոսվում այն մասին, թե որքանով Ռուսաստանը կփորձի միջամտել Եվրոպայի ակտիվությանը: Արդյոք ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի առաքելությունները չե՞ն շարժի Ռուսաստանի խանդը: 

– Որքան շատ մենք փորձենք համագործակցել Արևմուտքի հետ, այնքան շատ է փորձելու գործել Ռուսաստանը: Այսօր, այո՛, այդ խանդը տեղի է ունենում, այդ խանդն ունի շատ լուրջ հիմնավորումներ, առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական: 

Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը դեռ չի պատրաստվում Հարավային Կովկասից հեռանալ և ամեն ինչ անելու է, որ իր սապոգը մեր տարածաշրջանում պահպանվի: 

Հենց այսօր Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ պետք է լինի, որի ժամանակ խոսվելու է Հայաստանին աջակցելու քայլերի մասին: Չի նշվում, թե կոնկրետ ինչ քայլեր, բայց աջակցության մասին է խոսքը: Ես կարծում եմ, որ դա հենց այդ հետևությունն է, որ արել է Մոսկվան: Դա պատասխան է ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդների առաքելություններին: Այդպես էլ չստանալով Հայաստանից հայց, որպեսզի սահմանին տեղակայվեն ՀԱՊԿ-ի դիտորդներ, երբ դուռը փակվել է Ռուսաստանի առջև, նա փորձում է լուսամուտից մտնել: Դա սովորական պահվածք է Ռուսաստանի համար, դա ռուսական քաղաքականությանը բնորոշ է և սպասելի էր:

– Վերջին օրերին միջազգային մամուլը գրում է, որ Հայաստանը հնարավոր է Իրանից զենք ձեռք բերելու պայմանավորվածություն ունենա: Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ են քննարկվում սպառազինություն ձեռք բերելու հարցերը: Ի՞նչ կարծիք ունեք զենք ձեռք բերելու այլընտրանքների փնտրտուքի վերաբերյալ: Եվ, առհասարակ, այս հայտարարությունները խոսքից գործի կվերածվե՞ն:

– Ինչքան ինձ հայտնի է, տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, այսինքն՝ բանակցություններ են ընթանում տարբեր կողմերի հետ՝ և՛ Իրանի, և՛ Հնդկաստանի, և՛ արմտյան տերությունների, բայց շատ դժվար է ասել, թե ինչով կավարտվեն: Բայց այն, որ մենք այսօր այլընտրանք փնտրելուն այլընտրանք չունենք, կարծում եմ, ակնհայտ է, որովհետև Ռուսաստանը շատ դեպքերում չի կարողանում, իսկ շատ դեպքերում՝ չի ցանկանում կատարել իր ռազմավարական դաշնակցի պարտավորությունները և Հայաստանին մատակարարում անել: 

Եվ մենք այլընտրանք չունենք, պետք է փորձենք գտնել զենքի այլընտրանքային շուկաներ՝ հաշվի առնելով, որ սահմանին իրականում կա զենքի զգալի պակաս, անգամ ավտոմատների պակաս: Կարծում եմ՝ մատակարարումներ լինելու են: Ճիշտ է՝ մենք չենք ստանալու այն ծավալը, որը այսօր շարունակում է ստանալ Ադրբեջանը առաջին հերթին Իսրայելից, բայց մատակարարումներ լինելու են և, կարծում եմ, արդեն կան որոշակի մատակարարումներ: 

Հույս ունեմ, որ եթե Արևմուտքը կարողանա գոնե մի քանի տարվա ընթացքում սանձել Ադրբեջանին, որպեսզի հարձակում չլինի, այդ ընթացքում հնարավոր է կլինի այդ բալանսը վերականգնել:

– Պարո՛ն Ստեփանյան, ի՞նչ եք կարծում՝ խաղաղության պայմանագրի կյանքի կոչումը հեռանում է, թե մոտենում: Իշխանությունները հայտարարում էին, որ մինչև տարեվերջ կկնքվի այդ պայմանագիրը:

– Այսօր խաղաղության ճանապարհը դոփում է տեղում, և դոփում է առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի առավելապաշտական պահանջների պատճառով: Այդ պահանջներն ակնհայտ են, և Չավուշօղլուն երեկ հայտարարեց, որ խոսքը է հենց միջանցքի մասին: Այսինքն՝ Թուրքիան պաշտոնապես առաջին անգամ հայտարարեց, որ դիտարկում է այս կոմունիկացիան որպես միջանցք:

Այս պայմաններում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային որևէ լուրջ առաջընթացի մասին, անհնար է: Եվ այս գործընթացը դոփելու է տեղում այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը չհրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից:


Մանե Հարությունյան

MediaLab.am