Արիաննա Հովսեփյանի մեքենան հրկիզողը ներկայացել է ոստիկանություն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 25-ին, գիշերը, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ, Երևանի բնակիչ Արիաննա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը) և 264-րդ հոդվածի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով։

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով ավտոմեքենայի հրկիզումը Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։

Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։

Վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձանավորությունը, որի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Նշենք, որ Մարտին Ամիրխանյան անուն-ազգանունով անձն իր ֆեյսբուքյան էջում խոստովանել էր, որ վերոնշյալն իր ձեռքի գործն է. «Ուզում, եմ բոլորիդ ասել, որ Արիաննայի մեքենայի վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը, որը որ դեռ հանրային խոսելը նպատակահարմար չեմ գտնում։ Մնացած բացատրություները կտամ ոստիկանությունում որորվհետև ս չեմ սիրում «փախեփախ» անել, դա իմը չի ու ես ինքս գնում եմ՝ ինքնակամ ներկայանալու»։