Բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցում ԱՄՆ դիրքորոշումը. Փաշինյանը՝ Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Միացյալ Նահանգները և իր ժողովուրդը պետության կերտման բարդ գործըն­թացն անցել են անկախության գաղափարի շուրջ համախմբման, ժողովրդավարական ապագայի տեսլականի ձևավորման և դժվարությունները միասնաբար հաղթահարելու ճանապարհով։ ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը ժողովրդավարության հարցում իր նպաստն է բերում ազատության, հավասարության և մարդու անօտարելի իրավունքների հիմնարար արժեքների առաջմղմանը բազմաթիվ երկրներում։

Վերջին տարիների հայ-ամերիկյան ակտիվ երկկողմ հարաբերությունները խոստումնալից են՝ հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունների միջև առկա է փոխվստահության վրա հիմնված համագործակցություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով հասցեագրելու առկա մարտահրավերները և առավել ամրապնդելու մեր պետու­թյուն­ների ու ժողովուրդների միջև կապը։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում: Մենք բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիու­թյան, հանուն անկախության, ինքնիշխանության և տարածաշրջանում երկարատև խաղաղ զարգացման։

Պարոն նախագահ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ամերիկայի ժողովրդին բարօրություն, խաղաղություն և շարունակական առաջընթաց»: