«Ասեց՝ հանկարծ ստեղ ոտք չդնե՛ք, ստեղ ձեր տեղը չի՛, ինքը երևի արդեն գիտեր՝ ինչ ա իրենց սպասում». որդեկորույս մայրն ասում է՝ ոչ մի նպատակ, ցանկություն էլ չունեն

«Իմ կյանքում ամեն ինչ փոխվեց դեպի սևը, միանգամից ամեն ինչ շուռ եկավ, արդեն ես էլ չեմ հասկանում՝ ապրում եմ, բայց էս ապրել չի, էնքան որ շնչում ենք, գոյատևում ենք։ Էլ ոչ մի նպատակ, ցանկություն ոչ ունենք, ոչ էլ»,- հուզմունքով ասում է 51-ամյա Օվսաննա Գրիգորյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 24-ամյա որդուն։

Հոկտեմբերի 5-ին Մեսրոպ Հարությունյանը 14-հոգանոց ջոկատով տեղափոխվել է Ֆիզուլի, որտեղ մինչև հոկտեմբերի 13-ը պայքար է մղել հակառակորդի դեմ։ 

Մայրն ասում է՝ հոկտեմբերի 13-ին վերջին զանգն է ստացել որդուց, դրանից հետո այլևս չի ստացվել կապ հաստատել։

«Վերջին անգամ որ խոսեցի, ասեցի՝ ո՞նց ես, ի՞նչ կա, ասեց՝ սաղ նորմալ ա, ասեցի՝ չե՞ս ուզում գաս, ասեց՝ կգանք, լավ ա լինելու։ Հետո ասեց՝ լավ, էլ չեմ կարող երկար խոսել, տղաները կանչում են»,- պատմում է մայրը ու հիշում՝ երբ որդին իմացել էր, որ մորաքրոջ և մորեղբոր տղաներն էլ են ցանկացել կամավորագրվել՝ առաջնագիծ մեկնելու համար, բարկացել էր և ասել, որ չգան։

«Ասեց՝ հանկարծ ստեղ ոտք չդնե՛ք, ստեղ ձեր տեղը չի՛, ինքը երևի արդեն գիտեր՝ ինչ ա իրենց սպասում»,- ասում է որդեկորույս մայրն ու կրկին հուզվում։

Հարությունյանների ընտանիքը երեք ամիս որևէ լուր չի ստանում որդուց, ամեն տեղ փորձում են փնտրել, սակայն՝ ապարդյուն։

«Դեպքի մասին իմացանք ԴՆԹ-ի միջոցով՝ հունվարի 4-ին, էնքան դռներ էինք թակել, մենք 3 ամիս դրսերում ման էինք գալիս, մեզ խաբում էին, ասում էին՝ հեսա, շրջափակման մեջ են, հեսա դուրս կգան։ Հետո իմացանք, որ ԱԹՍ-ից են զոհվել։ Ջոկատից ոչ մի տղա ողջ չի մնացել»,- կսկիծով ասում է 52-ամյա կինը։

Օվսաննան ասում է՝ որդու մարմինը չի տեսել, հավատալ, որ տղան այլևս չկա, չի կարողանում ու մինչև օրս էլ սպասում է տղային։

«Ես ոչ մի բան ոչ տեսել եմ, ոչ էլ, մենակ ոսկոր ա եղել, ինչո՞վ համոզված լինեմ, որ ինքն ա։ Մեկ ա՝ ես մինչև վերջ սպասելու եմ, ես իրան մահացած չեմ տեսել, որտեղից հավատամ, անգամ իմ սիրտը էդքանը չի զգում, որ ինքը մահացած ա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է մայրը։

Օվսաննան ասում է՝ որդին շատ երազանքներ ուներ, սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ սպորտային մեկնաբանություն բաժնում։ Սիրում էր սպորտային լրագրությունը և ցանկանում էր դպրոց հիմնադրել և երեխաներին սովորեցնել։

«Ինքն ու ընկերը կայք էին հիմնել։ Սպորտային լրագրությամբ էր զբաղվում։ Շատ աշխատասեր էր, միշտ ասում էր՝ ամեն ինչ միանգամից չի լինում, կտեսնեք՝ ինչերի եմ հասնելու, կիսատ մնաց»,- հուզվում է մայրը։

Օվսաննան հիշում է՝ որդին առաջնագիծ գնալիս իր Ֆեյսբուքի էջում գրել էր. «Հայրենիքի պաշտպանությունը վեր է ամեն ինչից, գնացի՛նք»։ «էդպես էլ արեց, գնաց ու չեկավ»,- ասում է մայրը։

Մեսրոպը տան կրտսերն էր, միակ տղան, իրենից մեծ երկու քույր ունի։ Մայր ասում է՝ Մեսրոպը տան թև ու թիկունքն էր։

Որդուն մասին պատմելիս մայրն ասում է՝ համեստ էր, շատ էր սիրում կատակներ անել, դժվար էր հարմարվում նոր շրջապատին, իսկ եթե հարմարվում էր, շատ հասնող էր բոլորին, բոլորի ասածները հերթով կատարում էր։

Օվսաննան ասում է՝ Մեսրոպից հետո կյանքը կանգ է առել, ասում է՝ ապրում է, որ որդու անունը բարձր պահի, որ մարդիկ մոռացության չտան հայրենիքի համար զոհված տղաներին։

«Մեզանից հետո ոչ ոք չի հիշելու մեր երեխեքին, գոնե մի քիչ էդ երեխեքի անունները հասցնենք ժողովրդին, որ մեռնենք՝ վրեներս դարդ չլինի»։

Մեսրոպ Հարությունյանը հետմահու արժանացել է Արիության մեդալի։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

Medialab.am