«Միքայել Հարությունյանը որևէ մեղք չի զգում». «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալներից մեկին նոր մեղադրանք է առաջադրվել

Արխիվային լուսանկար (Photolure)

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը բռնի տապալելու համար էր մեղադրվում, այժմ նոր գործով մեղադրյալ է. նրա մեղադրանքը վերաորակվել է: 

«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)»,- «Մեդիալաբին» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի նախկին քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր և որպես ՌԴ քաղաքացի՝ չէր արտահանձնվում Ռուսաստանի Դաշնության կողմից: 

Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանի համար ՀՔԾ-ի որոշումը նորություն չէր, բայց պաշտոնական ծանուցում այդ մասին դեռ չեն ստացել:

«Քննիչը մեզ ուղարկել էր տեղեկություն, որ պատրաստվում է վերաորակել առաջադրված մեղադրանքը, և ուզում էր ճշտել՝ արդյոք համաձա՞յն ենք վերաորակմանը, թե՞ ոչ»,- «Մեդիալաբին» ներկայացնում է փաստաբան Կարեն Սարդարյանը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», մեղադրանքն առաջադրելու դեպքում նրան պատիժ չի սպառնում, քանի որ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործը կարճվելու է:

Սակայն, այդուհանդերձ, Միքայել Հարությունյանը չի համաձայնել, որ այդ պայմանով իրեն մեղադրանք առաջադրվի:

«Իմ պաշտպանյալը համաձայն չէ վաղեմության կիրառման, քանի որ ինքն իրեն հանցագործ չի համարում: Մեր դիրքորոշումը և՛ նախորդ, և՛ այս դեպքում մեկն է՝ որևէ հանցանք չի կատարվել, հետապնդումը պետք է դադարեցվի, և քրեական գործն էլ կարճվի արդարացման հիմքով»,- ընդգծում է Կարեն Սարդարյանը:

Փաստաբանն ասում է՝ եթե պաշտպանական կողմը համաձայներ նախաքննական մարմնի առաջարկին, և կիրառվեր վաղեմության ժամկետի հանգամանքը, ապա 309-րդ հոդված 1-ին մասով հարուցված քրեական գործը կկարճվեր: 

«Եթե իմ պաշտպանյալը որևէ մեղք զգար, կհամաձայներ այդ առաջարկին, քրեական գործը կկարճվեր, ու լրացուցիչ բարդությունների մեջ չէր ընկնի, ստիպված չէր լինի ներկայանալ նախաքննական մարմին, ցուցմունքներ տալ, փաստաբան վարձել և այլն: Այսինքն՝ ըստ էության վաղեմության հիմքով քրեական գործը կկարճվեր»,- նշում է փաստաբանը:

Հարցին, թե արդյոք Հարությունյանը չէ՞ր համարվի հանցագործություն կատարած անձ, Սարդարյանն արձագանքում է.

«Ո՛չ, ո՛չ, վաղեմության ժամկետի կիրառման դեպքում մեղավորության հարցը մնում է օդի մեջ. անձը չի համարվում մեղավոր, և նրա մեղավորության հարցը վերջնական լուծում չի ստանում»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ավելի լավ չէ՞ր լինի Հարությունյանը գար, համաձայներ քննիչի առաջարկին, և այս ամենը ավարտվեր, լուծում ստանար, Կարեն Սարդարյանը արձագանքում է.

«Եթե անձն իրեն մեղավոր չի համարում, ինչո՞ւ մտնի այդ ամենի մեջ, ինչո՞ւ իր վրա հանցանք վերցնի: Նա պարզապես ուզում է, որ իր անունը մաքրվի, գործը կարճվի, ու ինքն արդարացվի: Սա իր համար պատվի հարց է: Եթե թեկուզ վաղեմության հիմքով նա համաձայնի և գա, ապա չի կարող ասել, որ ինքն արդար էր: Բայց նրա համար կարևոր է իր արդար լինելը»:

Փաստաբանն ասում է՝ երբ ՀՔԾ քննիչը պաշտոնապես ներկայացնի մեղադրանքի վերաորակման մասին որոշումը, իրենք պատրաստվում են բողոքարկել՝ այն պատճառով, որ նախաքննական մարմինն այդպիսի որոշում կայացնելու հիմքեր չի ունեցել: 

«Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ արարքի վերաորակում կարող է լինել այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում մեղադրանքը վերաորակելու անհրաժեշտություն է առաջանում է՝ ելնելով գործի փաստական հանգամանքներից կամ նոր փաստական հանգամանքներ ի հայտ գալուց: Այսինքն՝ ՍԴ-ի կողմից 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելը չի կարող վերաորակում անելու անհրաժեշտություն առաջացնել»,- ընդգծում է փաստաբանը:

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվելուց հետո ամբողջությամբ արդարացվել էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և իր նախկին ենթակաները՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, 2008-ին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am