Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում Փայլակ Ֆահրադյանից տեղի ունեցած միջադեպի համար

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում լրագրողական հանրությունից, ինչպես նաև լրագրող Փայլակ Ֆահրադյանից՝ Երևանի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արշակյանը նշեց, որ կարևոր նշանակություն է տալիս լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությանը և ցանկանում է, որպեսզի բոլորը նույնպես նման կերպ վերաբերվեն:

«Նախ ուզում եմ ասել, որ լրագրողներին շատ սիրում եմ:  Գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրողական գործունեության նկատմամբ: Կատարված դեպքի հետ ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից և ներկայումս ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր տեսել են այդ դեպքը, ինչպես նաև լրագրական հանրույթից, և հենց կոնկրետ Փայլակից»,- ասաց Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Դեպքի առնչությամբ լրագրող Փայլակ Ֆահրադյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ սրճարաններում մեկում տեսել է նախարար Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում, Արշակյանը պատասխանել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Ըստ լրագրողի՝ դրանից հետո նախարարը խնդրել է անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Նախարար Հակոբ Արշակյանն առայժմ պարզաբանում չի ներկայացրել տեղի ունեցած դեպքի առնչությամբ: