Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ մի քանի հոդվածով պետք է քրեական գործ հարուցվի․ Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ

– Պարո՛ն Մելիքյան, լրագրողական կազմակերպությունները այսօր հայտարարություն են տարածել` պահանջելով պատասխանատվության ենթարկել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ «Ազատության» լրագրողին խոչընդոտելու համար։ Ի՞նչ եք կարծում՝ Գասպարյանն այժմ հանրայի՞ն անձ է։

– Այսօր, իհարկե, Վլադիմիր Գասպարյանն այն հանրային անձը չէ, ինչպիսին էր նախորդ իշխանությունների օրոք։ Բայց մենք հիշում ենք, որ նա իր պաշտոնավարման տարիների ընթացքում բազմիցս աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքով։

Էլ չեմ ասում, որ իր պաշտոնավարման ժամանակ էր, որ «Էլեկտրիկ Երևանի» ակցիաները լուսաբանող տասնյակ լրագրողներ ծեծի ու ապօրինի բերման ենթարկվեցին, ոստիկանության ծառայողները վնասել էին լրագրողների գույքը և այլն։

Այն ժամանակ էլ ոստիկանության գործողությունների բաղկացուցիչ մաս էր կազմում լրագրողների նկատմամբ բռնությունը։ Դա եղել է և՛ «Էլեկտրիկ Երևանի», և՛ Սարի թաղի բախումների ժամանակ, դա եղել է հեղափոխության օրերին։

Այնպես որ, Վլադիմիր Գասպարյանը նոր հայտնություն չէ լրագրողական հանրության համար, և բոլորը գիտեն նրա գործելաոճն ու վերաբերմունքը լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ։

– Այսինքն՝ եթե նա ժամանակին որոշ պատասխանատվության ենթարկվեր, կարծում եք՝ չէ՞ր կրկնի նման քայլ։

– Այո՛, կարծում եմ, որ անպատժելիությունը հող է ստեղծում նոր իրավախախտումների համար, և նա, զգալով իր անպատժելիությունը, շարունակում է նույն վարվելակերպը նաև այս օրերին։ Եվ կարծում եմ, որ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա լրագրողական հանրությունը, նաև իրավապահ մարմինները պետք է շատ հստակ գնահատական տան այս ամենին։

– Պարո՛ն Մելիքյան, երբ լրագրողի նկատմամբ սպառնալիքի ու վիրավորանքի մասին այդ տեղեկությունը տարածվեց, Գասպարյանի կողմնակիցները, մասնավորապես, փաստաբանը հայտարարեց, որ սեփականության անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել։ Կա՞ իսկապես խախտում։ 

– Եթե մենք նայենք այդ փաստարկներին, ուրեմն առհասարակ հետաքննող լրագրողներ չպետք է պատրաստվեն։

Սա դասական փորձ է եղել հետաքննական լրագրության, և առհասարակ, որպես կանոն, փաստաբանների կարծիքները կողմնակալ են լինում, այսինքն՝ նրանք ստիպված են պաշտպանել իրենց վստահորդներին։

Նրանք իրենց գործն են անում։ Թող իրենք անեն իրենց գործը, իսկ լրատվական հանրությունը իր գործը թող անի։ Կարծում ենք, որ այստեղ մենք միանշանակ պետք է սատարենք «Ազատության» լրագրողներին։

– Երեկ նաև Գասպարյանի կողմնակիցները տարածում էին, թե իբրև ամոթ է գեներալի նկատմամբ իրավական գործընթաց սկսելը։

– Գեներալը պետք է գեներալին վայել պահվածք դրսևորի։

– Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը) քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Ես ուղղակի ուզում եմ հույս հայտնել, որ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատվության կենթարկվի։ Եթե իմ կարծիքը հաշվի առնվեր քրեական գործ հարուցելու գործընթացում, ապա պետք էր մի քանի հոդվածներով քրեական գործ հարուցել։

Միայն մեկ հոդվածը բավարար չէ։ Այս դեպքում տեղի են ունեցել նաև այլ իրավախախտումներ՝ վիրավորանք, վրաերթի փորձ, սպառնալիք։ Այնպես որ, 164-րդ հոդվածը բավարար չէ։

– Ի դեպ, որպես քաղաքացի, ձեզ մոտ հարցեր առաջացնո՞ւմ է Սևանի ափին գտնվող Գասպարյանի հսկայական առանձնատունը, թե ինչպե՞ս է պետական ծառայողը կարողացել նման վիլլա կառուցել։

– Ես կարծում եմ՝ լրագրողական հետաքննություն իրականացնողները հենց այդ համատեքստում էին նկարահանումներ իրականացնում։

Իհարկե, պետական պաշտոնյայի համար այդ շքեղ առանձնատունը, առհասարակ ունեցվածքը, որպես նախկին պաշտոնյայի, կարող են հարցեր առաջացնել ոչ միայն լրագրողների, այլ նաև հանրության մոտ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am