Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը․ Factor.am

Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործը ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ մեղադրանքի՝ բացահայտվել են Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն դրամը: Միևնույն ժամանակ, պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:

Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից էլ Factor.am-ին տեղեկացրին, որ նախաքննության ընթացքում վերականգնված 64 միլիոն դրամից 54 միլիոնը վերաբերում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից վերականգնված գումարին, ինչպես նաև Վլադիմիր Գասպարյանի դստեր կողմից Ոստիկանության զորքերում աշխատելու և աշխատանքի չգնալու, սակայն վարձատրվելու դրվագին, որով Գասպարյանի դստեր կողմից նախաքննության ընթացքում վերականգվել է պետությանը պատճառված ավելի քան 8 միլիոն դրամը։