Էրդողանին մինչև ընտրությունները անհրաժեշտ են հաղթանակներ, չի բացառվում, որ Ադրբեջանը հենց դրա համար է ակտիվացել. Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Արցախում ադրբեջանցիներն առաջխաղացում ունեն ու առկա շրջափակումը վերացնելու փոխարեն ավելի են խորացնում այն։ Ի՞նչ նպատակով է թուրք-ադրբեջանական տանդեմը գնում այս քայլին՝ ըստ էության արհամարհելով միջազգային հանրության բոլոր կոչերն ու հորդորները։

– Գոնե ինձ համար նպատակն ակնհայտ է․ թուրք-ադրբեջանական տանդեմն ուժեղացնում է ճնշումն Արցախի վրա ու նպատակ ունի հասնելու նրան, որ արցախահայությունը բանակցությունների մեջ մտնի Բաքվի հետ՝ առանց միջազգային միջնորդների, ու համաձայնի այն պայմաններին, պահանջներին, որ հնչում են Բաքվից։ Իսկ այդ պահանջը մեկն է, որքան կարող ենք դատել․ Արցախն ինտեգրվի Ադրբեջանի կազմում ու, որպես այդպիսին, դադարի գոյություն ունենալուց, որի հայությունը կենթարկվի ցեղասպանության։ Նպատակը սա է, ու գնալով այդ ճնշումները կուժեղանան։

– Ճնշումների ուժեղացման մասով. կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանը շտապում է որևէ արդյունք գրանցել մինչև Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները, որպեսզի այդպիսով Էրդողանի վարկանիշը բարձրանա։ Ձեր դիտարկմամբ՝ այս հանգամանքը որքանո՞վ է ընկած ադրբեջանական այս քայլերի հիմքում։

– Չեմ կարող նման պնդում անել, որովհետև փաստեր չունեմ, բայց, ամեն դեպքում, եթե ընդհանուր գնահատական տանք, կարծում եմ, որ կարող է նման բան լինել, որովհետև Էրդողանին մինչև ընտրությունները անհրաժեշտ են հաղթանակներ միջազգային թատերաբեմում, գոնե փոքր, իսկ եթե դա հաջողվի Ադրբեջանին, ես համոզված եմ, որ դա չի հաջողվի, դա կներկայացվի որպես հաղթանակ արտաքին թատերաբեմում Էրդողանի համար։ Քանի որ նրա ընտրվելը հիմա բավականին անորոշ է, նրան ամեն կերպ հիմա պետք են նմանատիպ «հաղթանակներ»։

– Վստահությունը, որ Ադրբեջանը չի հաջողի, ձեզ որտեղի՞ց, պարո՛ն Սաֆրաստյան։

– Որովհետև վստահ եմ, որ արցախահայությունը երբեք չի գնա այնպիսի զիջումների, որոնք կարող են տանել արցախահայության էթնիկական զտման ու ցեղասպանության։ Ես համոզված եմ, որ այն ժողովուրդը, որը հաղթանակ է տարել ժամանակին, հիմա էլ դժվարություններին է դիմակայում, չի գնա զիջումների։

– Այդ դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական գործողությունների կդիմի՞ Արցախում։

– Դժվար հարց եք տալիս, որովհետև այսօր հստակ պատասխանելը բարդ է, բայց փորձը ցույց է տալիս, մանավանդ վերջին երկու տարվա, որ Ադրբեջանը կանգ չի առնում ռազմական տարբեր տեսակի սադրանքներ իրականացնելու համար, այնպես որ, դա բացառել բացարձակ չի կարելի։

– Նախագահական ընտրություններում Հայաստանին ձեռնտու՞ է Էրդողանի չընտրվելը։

– Էլի բարդ հարց եք տալիս․ ձեր հարցին պատասխանելու համար ես կանդրադառնամ այն կարծիքներին, որ հնչում են Պոլսի, Ստամբուլի հայերի կողմից։ Զգալի թվով ստամբուլահայերի համար ավելի նախընտրելի է ընդդիմության հաղթանակը, որովհետև իրենք այսպես են դա հիմնավորում․ Էրդողանից լավ բան սպասել իմաստ չունի, իսկ ընդդիմության մասով հույս ունեն, որ կարող է մի քիչ ավելի լավ լինի։ 

Այդ հույսը կա, ես կարծում եմ, որ նման մոտեցում կարող ենք նաև մենք որդեգրել․ տեսնում ենք, թե Էրդողանի ղեկավարությամբ ինչպիսի քաղաքականություն են վարում մեր տարածաշրջանում: Ըստ էության, իրականացնում են պանթուրքիստական ծրագիր, Ադրբեջանի միջոցով ճնշում են Արցախին ու Հայաստանին։ 

Չնայած, ես համոզված եմ, որ ընդդիմությունն էլ Հայաստանի ու Արցախի նկատմամբ քաղաքականությունը սկզբունքորեն չի փոխի, բայց կարող է ավելի ճկուն քաղաքականություն վարել, այսինքն՝ այնպիսին, որը հնարավորություն կտա հետները իրական դիվանագիտական շփումներ ունենալ, այլ ոչ թե այնպիսի քաղաքականություն, երբ հնչում են միայն մաքսիմալիստական պահանջներ։

– Այսինքն՝ մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները ադրբեջանական այս ակտիվությունը, ճնշումները շարունակվելո՞ւ են։

– Իհարկե պետք է պատրաստ լինել ագրեսիայի, լարումների, ճնշումների ու վատթարագույնի։ Պետք է պատրաստ լինել, որ էդ ագրեսիան կարող է ընդունել նաև լայնածավալ ռազմական գործողությունների բնույթ։ 

– Այսինքն՝ Էրդողանի վարկանիշի բարձրացման համար կարևոր նախապայմա՞ն է այդ «հաղթանակը»։

– Չեմ կարծում, որ դա շատ մեծ նշանակություն կունենա, որովհետև, ի վերջո, հիմա Թուրքիայում իրավիճակն այնպիսին է, որ ընտրողների ուշադրությունը ավելի շատ սևեռված է ներքին խնդիրների վրա, սա ակնհայտ է։ 

Եթե մինչև երկրաշարժն ավելի կարևոր էր դառնում արտաքին հարաբերությունների ոլորտը, ու Էրդողանը դա օգտագործում էր, ապա հիմա երկրում վիճակը բավական ծանր է, բայց Էրդողանը կփորձի նաև որոշակի արտաքին քաղաքական դիվիդենտներ ստանալ, ու դրանցից մեկը կարող է լինել արցախահայությունից ու Հայաստանից ճնշման միջոցով զիջումներ կորզելը, բայց ես համոզված եմ, որ դա չի լինի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am