«Երևանին հիշեցվել, հիշեցվում և դեռ հիշեցվելու է, որ ինքը կստանա ավելին, եթե ավելին անի». Ստյոպա Սաֆարյան

«Երևանին հիշեցվել, հիշեցվում և դեռ հիշեցվելու է, որ ինքը կստանա ավելին, եթե ավելին անի». Ստյոպա Սաֆարյան
«Երևանին հիշեցվել, հիշեցվում և դեռ հիշեցվելու է, որ ինքը կստանա ավելին, եթե ավելին անի». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, նախորդ շաբաթ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը: Փաստաթղթում նշվում են ոլորտներ՝ կառույցների հզորացում և պատշաճ կառավարում, տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ և այլն։ Հայաստանին հատկացվել է 160 մլն եվրո՝ տնտեսական զարգացման համար։ Սրան զուգահեռ Հայաստանում է՛լ ավելի է ամրապնդվում բռնությունը մամուլի և քաղաքական ուժերի դեմ։ Ի՞նչ եք կարծում՝ ԵՄ-ն հիմա ավելի շատ մտահոգվելու հիմքեր չունի՞։

– Իհարկե, ԵՄ-ն կարող է մտահոգություններ ունենալ։ Եթե ԵՄ ազդեցության լծակները Հայաստանում ավելի մեծ լինեին, միգուցե ավելի լուրջ մեխանիզմ դրվեր այսպես կոչված պայմանականության՝ conditionality, այսինքն՝ ավելին ավելի դիմաց, կամ կանես տնային աշխատանքդ, կստանաս ավելի շատ։ ԵՄ-ն այդ իրավիճակում, եթե Հայաստանի վրա ազդեցության լծակներ շատ ունենար, և Հայաստանը հայտնված չլիներ այս բարդ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակում, միգուցե այդպես չշտապեր քաղցրաբլիթի ինչ-որ պատառ այս պահին դուրս բերելու համար, նկատի ունենալով մտահոգիչ հայտարարությունները, որոնք կարող են եվրոպական կողմի համար անընդունելի լինել՝ բռնությունների ավելացում, ժողովրդավարության սահմանափակման ակնհայտ փորձեր, կառավարության նիստերի դռնփակ անցկացում, Երևանի ավագանու նիստերին լրագրողների աշխատանքի խոչընդոտում և այլն։

Այսինքն՝ այս ամենը իհարկե կարող էր զգուշավոր դարձնել, բայց մի բան հասկանանք. եթե նույնիսկ եվրոպական կողմին դուր չգա, միևնույն է, այլընտրանքների առատություն էլ չկա։ Նախ՝ աշնանը բավականին տևական պրոցեսից հետո վերջապես հաջողվեց ստորագրել ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը, որը այս պահի դրությամբ դեռ մեկ երկիր է վավերացրել։ Բայց անգամ վավերացված չլինելու պարագայում, այնուամենայնիվ, այս համաձայնագիրը մեկ առանձնահատկություն ունի՝ նրա բոլոր դրույթները հենց այս պահին գործում են։ Իսկ եթե ինչ-որ մի ծրագիր գործում է, բնականաբար, դրա ֆինանսավորումն էլ պետք է լինի։ Եվ քանի որ ֆինանսավորողը ԵՄ-ն է, պետք է հատկացնի որոշակի միջոցներ, որը կարող է լինել այդ բլիթի մի պատառը՝ Հայաստանին ցույց տալու համար, որ մոդեռնիզացիայի մեծ տեմպերի և հաջողության դեպքում ավելին կստանա։

– Դրա մասին իշխանությանն ասվո՞ւմ է։

– Վստահ եմ, որ Երևանին հիշեցվել, հիշեցվում և դեռ հիշեցվելու է, որ ինքը կստանա ավելին, եթե ավելին անի։ Եվ այս պահին, քանի որ այս երկու գործոնների պարագայում, մեկը այն, որ անկախ վավերացված լինել-չլինելուց, միևնույն է, պայմանագրի որոշ դրույթներ և գործողություններ ուժի մեջ են, և ԵՄ-ն պետք է սկսի հատկացումներ կատարել, երկրորդ՝ սա կարող է խրախուսել Հայաստանի իշխանություններին՝ հետ կանգնել հակաժողովրդավարական գործելակերպից։ Այս կտրվածքով ԵՄ-ի կողմից որպես աջակցություն առաջին տրանշի ստացումը, թերևս, հենց այդ խրախուսանքն է։

– Այդ գումարները տրամադրվում են այս կամ այն ոլորտում իրական փոփոխությունների համար։ Տարիներ շարունակ այդ գումարները՝ լինեն կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ թե մարդու իրավունքների պաշտպանության, արդյունավետ չեն իրագործվել։ ԵՄ-ն այդ ամենից դասեր քաղե՞լ է։ Եվ հիմա այս հատկացումները կարո՞ղ են հնարավոր լծակ լիներ երկրում ինչ-որ բան փոխելու։

– Այո՛, կարող են լինել, իհարկե, ռիսկերը չեն փոխվել։ Պետք է կողմերի քաղաքական կամքի առկայությունը, որ այս միջոցները չվատնվեն, և ռեֆորմներն էլ իմիտացիա չլինեն։ Ի դեպ, սա միայն հայաստանյան խնդիր չէ, բազում հասարակություններ հոգնել են ռեֆորմների սպասելուց, «ռեֆորմներ» բառից, և սա վերին աստիճանի ճակատագրական կարող է լինել թե՛ այս իշխանությունների և թե՛ Հայաստանի համար, եթե հերթական անգամ ուղղակի հետևողականության, ցանկության և շահագրգռության պակաս լինի, և նաև հակառակը՝ լինի շահագրգռություն խեղաթյուրելու, նենգափոխելու ռեֆորմները կամ դրանց իմիտացիան անելու։ Հետևաբար, այս կտրվածքով չի կարելի որևէ բան հստակ և միանշանակ ասել, որովհետև իշխանությունը նման լավատեսության հիմքեր չի տվել և վերջին շրջանի զարգացումները այդպիսի լավատեսություն չեն ներշնչում։

– Նկատի ունեք քաղաքապետարանում բռնության դեպքը…

– Իհարկե։ Առանց այն էլ ընտրությունները, որ ժողովրդավարության ամենաառանցքային ինդիկատորն են և պայմանը, և եթե Հայաստանում ընտրությունների թիվը պակասում է այն հիմնավորմամբ, թե նախագահական ընտրություններ չենք կարող անցկացնել, որովհետև դրա ժամանակ կրակում ենք և մարդ ենք սպանում, ներողություն, լավ ուղերձ չէ ոչ միայն հասարակության, այլ նաև դրսի համար։ Սրան էլ գումարվում են կանոնակարգումները։ Հիմա սկսվել է սահմանադրական օրենքների ընդունման պրոցեսը. ի՞նչ որակով են դրանք իրականացվում, ի՞նչ ձևով է հավաքվելու քաղաքական համակարգի մանրակերտը խորհրդարանական կառավարման կոնտեքստում՝ դեռևս պարզ չէ։

– Ի դեպ, շատերի գնահատմամբ՝ ոչ թե խորհրդարանական, այլ սուպերվարչապետական է դառնում կառավարումը՝ հաշվի առնելով հենց այդ օրենքների փաթեթը։

– Այո՛։ Իրականում սահմանադրական փոփոխությունների ընթացքում ընդամենը կենտրոնների տեղափոխություն է կատարվում մի կենտրոնից մյուս կենտրոն, դրա արդյունքում իշխանությանն ճյուղերի հավասարակշռում, ցավոք, տեղի չի ունենում։

Մանե Հարությունյան

MediaLab.am