Պուտինը համաձայնել է դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, նախատեսվում է գերիների փոխանակում

Շուրջ երկուսուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է մարտի 18-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող առանցքային հարցեր։ Այս մասին տեղեկացնոմ է Պաշտոնական Կրեմլը

Պուտինը հաստատել է, որ մարտի 19-ին նախատեսվում է ռուս և ուկրաինացի զինվորների փոխանակում 175-175 հարաբերակցությամբ։ Բացի այդ, որպես «բարի կամքի դրսևորում», Մոսկվան պատրաստվում է Կիևին փոխանցել 23 ծանր վիրավոր ուկրաինացի զինվոր, որոնք բուժում են ստանում ռուսական հիվանդանոցներում։

Թրամփը առաջարկել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Պուտինը համաձայնել է այդ նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հրահանգ է տվել ռուսական զինված ուժերին։

Նախագահները նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորումը, գլոբալ անվտանգության, Մերձավոր Արևելքի ճգնաժամերի և միջուկային զենքի չտարածման հարցերում հնարավոր համագործակցությունը։ Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։