Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը

Վերջերս պարբերաբար հանդիպում եմ զանազան փորձագետների ու քաղաքական գործիչների հայտարարությունների, թե «ժամանակն աշխատում է մեր օգտին»: Որպես կանոն՝ նման պատասխանատու պնդումների հիմք են երրորդ երկրների ինչ-ինչ բանավոր հայտարարությունները, միֆական ու ինսայդերական տեղեկություններն ու միայն այդ փորձագետների ուղեղում առկա ուժային տեղաշարժերը։ Մինչդեռ թեման ավելի քան կարևոր է, քանի որ ժամանակը միշտ է եղել արցախյան հիմնահարցի ամենակարևոր փոփոխականներից մեկը։ Փոփոխական, որը, ըստ իս, հայկական կողմը միշտ սխալ է գնահատել։

44-օրյա պատերազմը ու դրա աշխարհաքաղաքական հետևանքները որոշակի փոփոխություններ են բերել ոչ միայն քարտեզի, սահմանների ու մարդկային ճակատագրերի, այլ նաև արցախյան հարցի բովանդակության ու ընթացքի մեթոդաբանության հարցերում։ 

Արցախյան հարցը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական վայրիվերումների գլխավոր կատալիզատորը այն տարբերությամբ սակայն, որ այդ հարցի վրա Հայաստանի ազդեցության հնարավորություններն այժմ գրեթե զրոյական են։ 

Այս պարզագույն ճշմարտությունն ընդունելուց հետո միայն կարելի է մերկացնել «Հայաստանը ձեռքերը լվանում է արցախյան հարցից» մանիպուլյացիան վերարտադրողներին։ Մանիպուլյացիա, քանի որ այս պնդումը նախապես պարունակում է կեղծ թեզ, իբր թե Հայաստանն այլևս որևէ բան որոշում է կամ կարող է որոշել արցախյան թեմատիկայով և ուրեմն հրաժարվելու կամ այսպես ասած լվանալու բան ունի։ 

Թեզը կեղծ է, քանի որ փաստերը գալիս են ապացուցելու, որ մինչ այս հողի վրա տեղ գտած բոլոր որոշումները եղել են ուժային որոշումներ։ Արցախում ուժային ներկայություն կամ ուժային ներկայության պոտենցիալ չունեցող պետությունը այնքանով է արցախյան հիմնահարցում որոշումներ կայացնող, որքանով, օրինակի համար՝ Գվատեմալան։ 

Բացատրեք, խնդրեմ՝ ինչպե՛ս կարող է որոշումներ չկայացնող պետությունը ձեռքերը լվանալ կամ չլվանալ։ Բացի այս, հարկավոր է ևս մեկ անգամ արձանագրել, որ «արցախյան հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի» հայտնի միտքն այժմ առավել քան երբևէ ակտուալ է, և սա նույնպես հիմք է նախորդ պնդման համար, այն է՝ Հայաստանը որոշումներ չի կայացնում արցախյան հարցում և ուրեմն Հայաստանը այլևս չունի Արցախ, Արցախ ունեն Ադրբեջանը և Ռուսաստանը, սա իհարկե աղետ է։ 

Աղետը կամ հոգեբանական տրավման հերքելու փորձերն ու այս իրողության հետ առերեսման բացակայությունը մեզ անընդհատ բերելու են սխալ տեղ կամ սխալ վերջնարդյունքի։ Հայաստանը պարտավոր է իր վարած քաղաքականության հիմքում դնել ռացիոնալիզմը և ծայրահեղ պրագմատիզմը: Այս առումով կարևոր է արձանագրել ոչ միայն գործընթացների էությունն ու քաղաքական շապիկավորումը, այլ նաև առկա ու կանխատեսելի ռեսուրսների բաշխվածությունը։

  • Բնակչություն – 2021 թվականի դրությամբ ՀՀ բնակչությունը և բնակչության նվազումը կազմել են 3,011,609 (-0.35 տոկոս), իսկ Ադրբեջանի բնակչությունն ու բնակչության աճը՝ 10,282,283 (+0.71)։
  • ՀՆԱ – 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,928 մլրդ, իսկ Ադրբեջանինը՝ 54,622 մլրդ։
  • ՊՆ բյուջեի տարբերությունը նույնպես աճել է 44-օրյա պատերազմից հետո. Ադրբեջանն ավելացրել է իր ՊՆ բյուջեն՝ դարձնելով այն 2,6 միլիարդ դոլար, իսկ Հայաստանը միայն կարողացել է հասցնել 750 միլիոն դոլարի։
  • Հայաստանը շարունակում է զենք ձեռք բերել հիմնականում եթե ոչ բացառապես Ռուսաստանից, որի արտադրած զինատեսակները իրենց արդյունավետության մակարդակը ցույց տվեցին ոչ միայն ԼՂ-ում, այլ նաև Ուկրաինայում։ Երկու հակամարտություններն էլ ապացուցում են, որ ռուսական զենքը լրջագույն խնդիրներ ունի ու հետ է մնացել նորագույն տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից, իսկ Ադրբեջանը զենք ձեռք է բերում բավականին դիվերսիֆիկացված շուկաներից ու առաջատար արտադրողներից՝ Իսրայելից, Թուրքիայից, Չեխիայից, ՀԱՀ-ից ու այլ երկրներից։
  • Թեպետ Հայաստանում անվերջ խոսում են ռազմարդյունաբերությունից, մինչ այս պահը սերիական արտադրության տեսանկյունից Հայաստանը նոր հասել է փոքր տրամաչափի ականանետների արտադրության, իսկ Ադրբեջանը բավականին տևական ժամանակ է՝ ինչ տեղում արտադրում է «Պոլոնեզ» հրթիռային համակարգի հրթիռներ։
  • Պատերազմից հետո Ադրբեջանը զինվում է արդյունաբերական մասշտաբներով, իսկ Հայաստանը, այսպես ասենք՝ չգիտենք։
  • 44-օրյա պատերազմը ցույց տվեց, թե արցախյան հիմնահարցում ով ունի դաշնակիցներ, իսկ ով՝ ոչ։ Մինչ Ադրբեջանը ստացել է Թուրքիայի անվերապահ աջակցությունը բոլոր հարցերում, լինեն դիվանագիտություն, տեխնոլոգիաներ, զինվորականներ, սպայակազմ և այլն, ինչպես նաև Իսրայելի ու Պակիստանի նման հզորագույն երկրների աջակցությունը առանձին հարցերում, ապա Հայաստանը ստացել է ըստ էության ոչինչ չփոխող ռազմական աննշան աջակցություն Ռուսաստանից և հոգին ջերմացնող հայտարարություններ մի քանի երկրներից։
  • Աշխարհաքաղաքական դերի ու նշանակության առումով մրցավազքը նույնպես հուսադրող չէ։ Ադրբեջանական գազի և նավթի դերը Արևմուտքի, Ռուսաստանի, տարածաշրջանային պետությունների ու Թուրքիայի համար գնալով աճում է, ու դրա հետ մեկտեղ աճում է նաև Ադրբեջանի դերն ու նշանակությունը, իսկ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն կորցրել է իր կարողությունների ու ազդեցության մեծ մասը, այլև շարունակում է դա անել՝ ընկղմվելով ռուսական ինտեգրացիոն գործընթացների մեջ ու զիջելով ռուսական պահանջներին։
  • Ենթակառուցվածքների առումով Հայաստանը էականորեն հետ է մնում Ադրբեջանից։ Եթե մինչև պատերազմը կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների հարաբերակցությունը 1:10 էր, ապա հիմա՝ վստահաբար ավելի։ Կորուստներին ու ավերածություններին զուգահեռ արձանագրենք Արցախից նվաճված տարածքներում Ադրբեջանի շինարարության ծավալները ու համեմատենք այն Հյուսիս-հարավ ճանապարհի շահագործման հանձնված 30 կմ-ի հետ։

Այս ցուցակը կարելի է դեռ շատ երկար շարունակել, բայց դրա նպատակը բնավ Հայաստանի թուլությունը կամ վիճակի անելանելիությունը ցույց տալը չէ։ Նշված փաստերը ու քաղաքական գործընթացների բացատրությունները ունեն միայն մեկ նպատակ՝ առերեսվել քաղաքական իրողությունների հետ։ 

Կարևոր է մեկընդմիշտ ըմբռնել, որ, այո՛, վիճակը ծայրահեղ ծանր է, բայց բոլոր ցուցիչների համաձայն ավելի է վատանալու։ Այն, ինչ հնարավոր է հիմա՝ այս պահին, վաղը՝ հաջորդ պահին այլևս անհնարին է լինելու։ Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը վարում է «ստոր կամ անզիջում» քաղաքականություն, դա բնականաբար իրենց գործն է, այլ այն պատճառով, որ ի վնաս մեզ են փոխվում քաղաքական կոնյունկտուրան ու ռեսուրսների բաշխվածությունը։ 

Եվ ուրեմն ցանկացած ոք, ով խոսում է ստատուս քվոյի պահպանումից, կարճաժամկետ կտրվածքում լուծումների չգնալուց, ուժեղանալ՝ հետո բանակցություններին վերադառնալուց, զբաղված է բացառապես իրականությունից փախչելով ու պատասխանատվությունից խուսափելով։ 

Ցավոք, նման մարդկանց պակաս պետական կառավարման համակարգում չկա, մինչդեռ օր առաջ հարկավոր է ազատվել նման վնասարարներից։ Չկա գեթ մեկ չափելի, շոշափելի, նյութական ցուցիչ, որը ցույց կտա, որ իմաստ ունի սպասել, և որ որևէ մեծություն փոխվելու է մեր օգտին, ու մենք սկսելու ենք արագորեն ուժեղանալ։ Այս պարագայում հարցի առկախումը կամ ժամանակ ձգձգելը միայն վնասելու է Հայաստանին։ 

Ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ, հակառակը պնդողները հույսները դրել են հրաշքի վրա, իսկ այդպես անելով արդեն մեկ անգամ հայտնվել ենք կոտրած տաշտակի առջև։

Արեգ Քոչինյան

MediaLab.am