«ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը սովորական մասնավոր անձի ասած չէր, սա լիակատար բարոյական աջակցություն էր հայկական կողմին». Քաղաքագետ

Լոսանկարը՝ Media.am

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը լիակատար բարոյական աջակցություն էր հայկական կողմին։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Իհարկե սա տեղի ունեցավ պատերազմի գրեթե 20-րդ օրը, բայց, այնուամենայնիվ, սա հստակ մեսիջ էր հայկական կողմին, որ Միացյալ Նահանգները բարոյական լիակատար աջակցություն է հայտնում հայերին, սակայն պետք է ասենք, որ ոչ ավելին»,- ասում է Մեհրաբյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հարցազրույցում անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, ասել է. «Այդ հակամարտության լուծումը պետք է իրականացվի բանակցությունների և խաղաղ քննարկումների, ոչ թե զինված բախումների միջոցով և, իհարկե, ոչ այն երրորդ երկրների հետ, որոնք գալիս են մարտական ուժ տրամադրելու մի իրավիճակում, որն արդեն իսկ պայթյունավտանգ է:

Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն բանից, ինչ անում են ադրբեջանցիները, և որ բոլորը, մինչ դրա տեղի ունենալը, հրադադարի ռեժիմը ճիշտ կպահեն, ապա կնստեն սեղանի շուրջ և կփորձեն կարգավորել այս: Այն, ինչ իսկապես պատմական և բարդ խնդիր է»։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հստակ նշել էր, որ թուրքերը միջամտել և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկն ու կրակը, որ տեղի է ունենում Արցախում։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս հայտարարությունը տեղ է բացում քաղաքական աջակցության համար, հատկապես եթե հաշվի ենք առնում ամերիկյան կողմի նախորդ հայտարարությունները՝ Թուրքիայի միջամտության և ներգրավվածության անընդունելիության վերաբերյալ։

Հարցին, թե ամերիկյան կողմի հայտարարություններին կարո՞ղ են հաջորդել հակամարտության խաղաղ լուծման համար հստակ քայլեր, քաղաքագետը պատասխանում է. «Թե ինչ կլինի, հիմա դժվար է ասել։ Բայց, համենայնդեպս, պետքարտուղարի ասածը սովորական մասնավոր անձի ասած չէ, սա դիրքորոշում է։ Եվ սա տեղ է բացում նման հնարավորության համար, որը թե որքանով հնարավորություն կդառնա, որքանով՝ ոչ, կապրենք, կտեսնենք»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am