Երբեք մի ասա երբեք . «ԱլաՄեզոն» Բլոգ

Երբեք մի ասա երբեք . «ԱլաՄեզոն» Բլոգ
Երբեք մի ասա երբեք . «ԱլաՄեզոն» Բլոգ

Կարծես այդ «երբեք»-ի անեծքն է քեզ նստեցնում ինքնաթիռ ու հազարավոր կիլոմետրեր տանում հեռու , հեռու էն հարազատ վայրերից , որտեղ ծնվել ես ու փորձել արմատ գցել, իսկ մարդը ծառ չի․․․

Հայրս կարծես այդ «երբեք»֊ի մեծագույն զոհը լինի, մի ամբողջ կյանք ապրելով Հայաստանում՝ լի դժվարություններով ու զրկանքներով, էլի ամուր ծառի պես կառչած էր իր հողին․ «ես Հայաստանից գնացողը չեմ, էս երկրից հեռացողը չեմ, երբեք, երբեք, երբեք․․․»

2012 թվականն էր, երբ հասավ «երբեք»֊ին հրաժեշտ տալու ժամանակը։

Հայրս ծանր հիվանդ էր։ Վիճակն հետզհետե էլ ավելի էր ծանրանում։ Վերակենդանացման բաժանմունք, երկար ու ձիգ սպասումով լի օրեր, պարտք արված տասնյակ հազարավոր դոլարներ, անհուսությունից հյուծված իմ ընտանիքը եւ վերջում բժիշկների խոսքերը՝ ․«մենք անզոր ենք, տուն տարեք թող վերջին օրերը գոնե տանը ապրի»։

Ինձ համար սկսվեց իմ «երբեք»֊ի ժամանակը։

«Երբեք,֊ես էլ ասեցի,֊ երբեք չեմ թողնի, որ հայրս, որն ինձ պահել, մեծացրել է, հեքիաթներ է կարդացել օրեր շարունակ եւ սովորեցրել կյանքում պայքարել, գլուխը կախի։ Հորս կյանքը փրկելու պայքարը չորս տարի առաջ ճիշտ այս օրը ինձ բերեց Ֆրանսիա, Ստրասբուրգ։  Եւ հիմա ես ավելի քան վստահ եմ, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում։

2012 նոյեմբերի 30֊ին, իսկ և իսկ աշնան վերջին ու հորս ծննդյան օրը, Հայաստանում բժիշկների տված դաժան դատավճռից կարճ ժամանակ անց, մենք առաջին այցը կատարեցինք Ստրասբուրգում տեղակայված հիվանդանոց, որը նոր էջ բացեց բոլորիս կյանքում։

Հիշում եմ, շտապ օգնության բաժանմունքում, հիվանդությունից հյուծված ու ծերացած հորս ծննդյան օրը բժիշկները ժպիտով էին շնորհավորում, իսկ ես հուզվում էի․ չէի պատկերացնում, որ նրա 52֊րդ ամյակը նշելու ենք էսպես՝ Եվրոպայի սրտում, հիվանդանոցում, տխուր, բայց միեւնույն ժամանակ նաեւ ուրախ:

Այդ օրը այնքան մեծ հույսով դուրս եկա հիվանդանոցից, ավելին քան վստահ էի զգում, մտածում էի, որ հայրս հասավ մի տեղ, որտեղ վերջակետ չի, կա շարունակություն, մի վայր, որտեղ ուշ չի պայքարելու համար։

Առողջապահության համակարգն այստեղ շատ հզոր է։ Հորս կյանքը փրկեցին։

Վաղը՝ նոյեմբերի 30֊ն է, աշնան վերջին օրը, հայրիկիս՝ Մակարի ծննդյան օրը։ Անցել է չոր տարի։ Էլի ասեց էդ անտեր «երբեքը», թե բա երբեք չէի մտածի, որ ծնունդս կդիմավորեմ Ֆրանսիայում, թոռիս գրկած ու շրջապատված էսքան սիրելի մարդկանցով։

Բայց հայրս հաճախ է տխրում, մի անկյուն քաշվում։ Երբեմն ասում է՝ երանի չէր մեր տուպիկի ընկույզի ծառը, ափսոս էլ երբեք չեմ կարողանա վերադառնալ․․․ասում եմ . «Պա , էդ անտեր «երբեքը», մի ասա էլի․․․»

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog