Փաշինյանն իր ընտրած գծի պատճառով փակուղում է. Հայաստանը կարիք ունի արտաքին քաղաքական դիսկուրսի արագ վերափոխման. Լիլիթ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Տիկի՛ն Գևորգյան, «Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրականացնել «Վրեժ 3» գործողությունը», սրա մասին ասվել է ադրբեջանական պետական AzTV հեռուստաընկերության վերջին թողարկումներից մեկի ժամանակ: Հիշում ենք նաև, որ վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը խախտեց հրադադարն Արցախում ու մինչ օրս էլ շարունակում է խախտել։ Այս համատեքստում ի՞նչ սպասել Ադրբեջանից, ինչո՞ւ են ադրբեջանցիները նման քաղաքականություն վարում, չնայած բանակցություններին։

– Ի տարբերություն հայկական քաղաքական խավի, Ադրբեջանը երբեք չի ունեցել բարդութավորված մոտեցում դիվանագիտության մեջ։ Մասնավորապես, կառուցողական լինելը բանակցություններում հանուն նրա, որ միջնորդները գովեն Ադրբեջանին, որևէ արժեք չունի ադրբեջանցիների համար, ուստի, այո՛, նրանք կարող են և՛ բանակցել, և՛ խախտել պայմանավորվածությունները, չկրելով որևէ հետևանքներ։ Իրենց նպատակներին հասնելու համար նրանք հանգիստ կարող են համատեղել ռազմական ուժի կիրառումը բանակցությունների հետ։

Ի դեպ, հետաքրքիր է, որ հայկական տարբեր ժամանակների իշխանություններ փոխզիջման հասնելու համար վարել են կառուցողական բանակցություններ, չնայած դրան, նրանք ի վերջո պիտակվեցին որպես ոչ կոնստրուկտիվ և անգամ մեղադրվեցին պատերազմը հրահրելու համար։ Իր տեղեկատվական արշավներով Ադրբեջանը հայկական կողմի ոչ կոնստրուկտիվ կամ ոչմիթիզական լինելու թեզը տարիների ընթացքում հաջողեցրեց ամրապնդել թե՛ հատկապես Արևմուտքում, թե՛ հայկական ներքաղաքական քննարկումներում՝ դարձնելով այն ամենատարածված ինքնախարազանման տեսակներից մեկը հիմա Հայաստանում։

– Ի՞նչ սպասել Ադրբեջանից։ Տարածաշրջանում ու աշխարհում կատարվողի համատեքստում ի՞նչ է սպասում Արցախին ու Հայաստանին։ 

– Ադրբեջանն ունի լավ մշակված տեսլական, թե այսուհետ ինչ կարգավիճակ պետք է ունենան Հայաստանը և հայությունը տարածաշրջանում, այն է՝ Հայաստանը միայն հայերին չպետք է պատկանի, պիտի ունենա զգալի ադրբեջանական բնակչություն, հատկապես տեղակայված այն շրջաններում, որտեղ կան ջրային և բնական ռեսուրսներ, ռազմավարական կարևորության ճանապարհներ՝ սկսած Սյունիքից մինչև Սևան, Տավուշ, նաև Արարատյան դաշտավայր։ Ադրբեջանը միայն ուժեղացնելու է իր ներկայությունը ներհայկական քաղաքական կյանքում, որն արդեն որոշ նարատիվներով բավականին հստակ երևում է։ 

Հայաստանի խորհրդային սահմանների ընդունումը ու ադրբեջանական ձևափոխումները Հայաստանի տարածքը վերածելու են կարկատանի, որտեղ էթնիկ հայ կամ օտարերկրյա ներդրումային գործունեությունը հիմնականում կդառնա անհնար, կօգնի հատկապես սահմանային շրջանների ադրբեջանականացմանը։

Ադրբեջանն աշխատելու է փափուկ ուժով, այն է՝ հայկական քաղաքական և բիզնեսի որոշ սեգմենտի հետ միասին աշխատելով հասնել նրան, որ հայկական պետական միավորը Ադրբեջանից էներգետիկ, ռազմական և տրանսպորտային կախվածություն մեջ լինի։

Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ ռազմական բալանսի վերականգնումը բացառվի։ Եթե նկատեք, հայկական քաղաքական դաշտում արդեն հայտնվել են այնպիսի առաջարկներ, թե չարժի գումար ծախսել բանակի ու զենքի վրա, եթե խաղաղության միջոցով կարելի է այդ գումարը ծախսել սոցիալական ծրագրերի վրա, տարածաշրջանային առևտրի մեջ ներգրավվել և այլն։ 

Ադրբեջանը սեղմ ժամանակներում նպատակ ունի վերացնելու այն, ինչ մնացել է Արցախից։ Ավելի կոնկրետ՝ Արցախի հայությունն իր ներկայիս կոմպակտ բնակչության թվով և հատկապես Հայաստանի հետ ինտեգրված կառույցներով պետք է կազմաքանդվի և բնակչության մեծ մասին ստիպի հեռանալ։ Միայն այն էթնիկ հայերը կմնան, որոնք կընդունեն նաև ադրբեջանական ինքնությունը և կդառնան այսպես կոչված «հավատարիմ միլլեթ», ինչպես դա ադրբեջանական իշխանությունները արեցին լեզգիների, թաթերի և թալիշների հետ։ Սա՝ տեսլականի առումով։ 

Ակնհայտ է, որ հաջորդ քայլը Արցախի ինքնավարության ամենակարևոր բաղադրիչի՝ պաշտպանության բանակի վերացումն է, ինչին ադրբեջանցիներն ինտենսիվ պատրաստվում են արդեն հայտնի սցենարով՝ տեղեկատվական հարձակումներ և ապագա հարձակումն իբրև պաշտպանական կամ հակաահաբեկչական որակելով, Արցախի կողմից միակողմանի զիջումների շուրջ բանակցությունների առաջարկ, Արցախին ներկայացված նախահարձակ լինելու կեղծ մեղադրանքներ և, ամենակարևորը՝ կոորդինացիա կարևոր աշխարհաքաղաքական խաղացողների, հատկապես ռուսների հետ։ 

Միևնույն ժամանակ, Հայաստանի քաղաքական դաշտում ուժգնացել է քարոզչությունը՝ դեմոնիզացնելով Արցախն ու արցախցիներին, փոխարենը խոստանալով ապագա տնտեսական բարիքներ, եթե Արցախի հարցը արագ լուծվի՝ անգամ էթնիկ ոչնչացմամբ։ 

Ադրբեջանի հարձակման համար ամենահավանական ժամանակահատվածը հուլիսի վերջից մինչև օգոստոսի վերջն է, երբ միջազգային արձագանքը էլ ավելի թույլ կարող է լինել։ 

– Տիկի՛ն Գևորգյան, Հայաստանի իշխանությունը, չնայած ադրբեջանական ակնհայտ մտադրություններին, շարունակում է պնդել, որ ինքը հավատարիմ է մնալու խաղաղության օրակարգին։ Ստեղծված իրավիճակին համարժե՞ք արձագանք է սա։

– Ո՛չ, քանի որ այն իրականությունից կտրված է։ Այս օրակարգը հիմնված է ոչ թե ռիսկերի և հնարավորությունների հաշվարկի, այլ ուտոպիստական ցանկությունների վրա։ Նման վարքագիծը չի համապատասխանում պետական ղեկավարման մինիմալ պահանջներին և ավելի նմանվում է կրոնական կամ ծայրահեղական գաղափարախոսության։ 

Նման մոլեռանդություն Հայաստանը տեսել է բոլշևիկյան շրջանում, օրինակ, երբ կային գաղափարախոսական շրջանակներ, որ իրապես հավատում էին, թե տարածքները զիջելով կարելի է փակել ազգամիջյան թշնամանքը և անցում կատարել հետազգայնական մարդասիրական խաղաղության ու բարեկեցության շրջան։ Այս ամենի մյուս կողմում Ադրբեջանն է, որ պետական մակարդակով ազգային ու ռասայական խտրականության ամենաագրեսիվ քաղաքականությունն է տանում։ 

Հայաստանի իշխանությունները հետպատերազմյան շրջանում մեկից ավելի ռազմավարական սխալներ գործեցին, որը որոշ հարցերում այլևս անվերականգնելի վնաս հասցրեց ապագա սերունդներին։ Հիմա էլ իշխանությունները կա՛մ չեն գիտակցում, կա՛մ չեն ուզում ընդունել իրենց սխալները։ Խաղաղության օրակարգի որդեգրումը այդ սխալներից մեկն էր, որը սկսվեց Արցախի հարցը Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության օրակարգից անջատելով։ 

Այսպես կոչված իրատեսական հաշվարկներից, սուղ ռեսուրսներից ելնելով՝ Հայաստանն Ադրբեջանից անվտանգության երաշխիքներ է խնդրում՝ Արցախի լիակատար զոհաբերման, անկլավների հանձնման և իր համար վատթարագույն խորհրդային քարտեզներով սահմանների սահմանագծման դիմաց։ 

Այնինչ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ իր խնդիրը Հայաստանն ու հայկական տարրն է տարածաշրջանում, այլ ոչ բացառապես Արցախը։ Եթե կասկածներ կային, ապա պատերազմի ժամանակ արդեն շրջանառվող և ի վերջո նոյեմբերին ստորագրված հայտարարությունը կասկած չէր թողնում, քանի որ այնտեղ խոսվում էր Սյունիքի, ինչպես նաև բուն Հայաստանի ապառազմականացման մասին։

Փաշինյանն իր ընտրած գծի պատճառով հայտնվել է փակուղում։ Եթե անգամ Հայաստանը համաձայնի անկլավների միակողմանի վերադարձին, և Արցախը ոչնչացվի, Փաշինյանն ու իր թիմը չունեն որևէ լծակ, որևէ միջազգային երաշխիք, որ ադրբեջանական կողմը կխաղաղվի և մոտ ապագայում նոր պահանջներ չի դնի։ 

– Միջնորդ երկրներից սպասելիքներ չե՞նք կարող ունենալ։

– Ոչ մի լուրջ քայլ չպետք է ակնկալել Փաշինյանի ընտրած ներկա գծի դեպքում։ Հայաստանը կստանա այն, ինչի համար լուրջ լոբբիստական ջանքեր գործադրեցին Փաշինյանի թիմը և նրան սատարող արտախորհրդարանային ուժերը վերջին երեք տարում՝ հատկապես Արևմուտքում անդադար խաղաղության դարաշրջանի մասին խոսելով։ Փոխարենը չխոսվեց արժանապատիվ, արդար և իրավական հենքի վրա Հայաստանի, այդ թվում նաև՝ Արցախի սուվերենության, նոր անվտանգային համակարգի ստեղծման, ռազմական բալանսի վերականգնման մասին։ Ավելին՝ Հայաստանը ուներ հնարավորություններ, եղան հստակ առաջարկներ, դրանք մերժվեցին։ 

Արդյունքում՝ Հայաստանը, հիմա արդեն առանց Արցախի, կմնա ռուսական բլոկի արբանյակ պետություն, է՛լ ավելի թուլացած և հիմա նաև Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քմահաճույքից կախված։ 

Ավելի լայն առումով՝ ԱՄՆ-ի ինտենսիվ միջնորդությունը՝ալիևյան խաղաղության օրակարգը լեգիտիմացնելու և ավարտին հասցնելու առումով, ռազմավարական սխալ է, որից կշահեն հատկապես Ռուսաստանն ու իր թուրքական և ադրբեջանական պարտնյորները, տարածաշրջանում կամրապնդվի եվրասիական օրակարգը՝ նաև հաղորդակցությունների զարգացման և վերահսկման առումով։ 

– Ի՞նչ քայլերով կարելի է կանխել այդ ամենը, տիկի՛ն Գևորգյան։

– Իդեալական դեպքում Հայաստանի ղեկավարը վերանայում է իր խմբի ֆունդամենտալիստ թևի կողմից առաջ տարվող ներկայիս ծրագիրը, ընդունում է, որ իդեալիստական և պարտվողական մոտեցումը չի բերելու խաղաղություն, այլ խորացնելու է գոյաբանական ճգնաժամը։ 

Երկրի ղեկավարը կարող է մեկուսացնել այս գաղափարախոսական թիմին, քանի որ ի վերջո ինքն է պատասխան տալու այն անկման համար, որ սպասում է Հայաստանին, և ինտենսիվ ջանքեր տանել՝ ներքին և սփյուռքի պետականամետ փորձագիտական ներուժի կոնսոլիդացման համար։ 

Հայաստանը կարիք ունի արտաքին քաղաքական դիսկուրսի արագ վերափոխման, այն պետք է արտաքին խաղացողներին ներկայացնի նոր ծրագիր, որի հիմքում տարածաշրջանում հայ-ադրբեջանական ռազմական բալանսի, ինչպես նաև իրավական հենքով արդարության վերականգնումն է, այդ թվում նաև՝ Հայաստանի սահմանների և Արցախի հարցում։ 

Հայաստանը կարիք ունի աշխարհաքաղաքական ռիսկերի մաքիսիմալ անաչառ և համապարփակ գնահատման, որից հետո կարող է սկսել նոր քաղաքականություն՝ իր անվտանգային նոր համակարգի ստեղծման, նոր գործընկերների հետ, գնահատական է տալ թե՛ իր սահմանների գծման, թե՛ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիային և արդարության ու իրավունքների վերականգնման, ինչից հետո, հավանաբար տարիներ անց, կարելի է Ադբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը սկսել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am