Ադրբեջանի սադրանքը նպատակ ունի չեզոքացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը․ ՀՀ վարչապետ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հունիսի 28-ին իրականացրած սադրանքը նպատակ ունի չեզոքացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունիսի 29-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում հունիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել։

Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին՝ պետք է ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր տեղեկատվական գրոհներով: Ադրբեջանը պարբերաբար հայտնում էր, թե իբր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում։ Այսինքն՝ այն քաղաքականությունը, որի վերաբերյալ մենք երկար ժամանակ ահազանգում ենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ վերջին սադրանքը նպատակ ունի չեզոքացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը։

«Այս օրերին Հայաստանի պատվիրակությունն արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները՝ Ադրբեջանի պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր Կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների ու բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»,- եզրափակեց Փաշինյանը։