«Կորսված հնարավորությունների տարի էր, որովհետև չունեցանք որևէ ձեռքբերում». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, ամփոփելով քաղաքական տարին՝ կասե՞ք՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանը 2021-ին:

– Արտաքին ու ներքին ձեռքբերումներ չենք ունեցել, մեկ բառով կասեմ՝ կորսված հնարավորությունների տարի, որովհետև, ըստ էության, քաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարված չէ, արտաքին ռիսկերը չեզոքացված չեն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին ու պիտի լինեին տարվա գլխավոր իրադարձությունը, ոչ միայն ճգնաժամը չեն վերացրել, այլև ստատուս քվոն են ամրագրել այն վիճակի, որը բերելու է ճգնաժամի խորացմանը:

– Փաստորեն համակարծիք չե՞ք Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարվեց:

– Այդ ընտրություններով խորհրդարանում հայտնվել է այն խճանկարը, որն առաջնորդվում է սև-սպիտակի հակադրության փաստարկումով, այսինքն՝ նույն այն ստատուս քվոն, որը բերել էր ճգնաժամի, վերարտադրվել է խորհրդարանում: Որևէ մեկը, որն այս իրավիճակը համարում է ճգնաժամի հաղթահարում, ուրեմն կա՛մ կորցրել է բանականությունը, կա՛մ ՝ իրականության զգացումը:

Իրականում այն ճգնաժամը, որը կար հեղափոխությունից հետո, տեղափոխվել է խորհրդարան, ու ճգնաժամը ընդամենը դարձել է ինստիտուցիոնալ ու ավելի խորքային:

– Ասում եք՝ կորսված հնարավորությունների տարի էր, կմանրամասնեք՝ ի՞նչ հնարավորություններ կային Հայաստանի համար, ու ինչո՞ւ չհաջողվեց դրանցից օգտվել, պարո՛ն Սուրենյանց:

– Մենք կարող էինք գոնե Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կանխել, որը սկսվել է մայիսի 12-ից, դա իշխանության կողմից չի արվել: Կարող էինք վերադարձնել ռազմագերիներին՝ չի արվել, կարող էինք Լեռնային Ղարաբաղի խնդրում ֆիքսել մեր ընդհանուր տեսլականը՝ չի արվել, կարող էինք իրապես ունենալ ընտրություններ, որոնք կհաղթահարեին ճգնաժամը՝ չի արվել, կարող էինք տնտեսական հարաբերությունների նոր կառուցվածք արմատավորել երկրում՝ չի արվել, ընդհանրապես՝ կարող եմ այս չարվածների շարքն ավելի երկար շարունակել:

– Ինչո՞ւ չի արվել, եթե կարող էինք, ինչպես ասում եք:

– Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավասարազոր է ճգնաժամ արտահայտությանը, այս իշխանության հետ որևէ հույս կապելն այլևս անիմաստ է:

– Այդ պարագայում ինչպիսի՞ տեսլական ունեք Հայաստանի ապագայի հետ կապված:

– Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի մեր երկրում կձևավորվի այնպիսի ընդդիմադիր բևեռ, և հույս ունեմ որպես կուսակցություն մասնակցել այդ գործընթացին, որն այլընտրանք կլինի թե՛ գործող իշխանությանը, թե՛ գործող տիտղոսային ընդդիմությանը, որն ասոցացվում է հին համակարգի հետ: Միայն այդ պարագայում է հնարավոր այլընտրանքային մոտեցումներ, տեսլական մատուցել մեր հանրությանը:

– Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ ի դեմս իրենց առաջնորդների, շարունակում են պնդել, որ իրենք պայքարելու են գործող իշխանությանը հեռացնելու համար: Քաղաքական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում հաջորդ տարի:

– Նոյեմբերի 9-ից հետո այդ մարդիկ զարգացումներ են խոստանում ու անընդհատ պարտություններ են արձանագրում, որովհետև ակնհայտ է, որ մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանի ու հին համակարգի միջև նախապատվությունը տալիս է՝ տեսանք թե ում, այսինքն՝ այլընտրանք է պետք:

Ես Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին համարում եմ դաշնակիցներ, որովհետև նրանք ապահովում են միմյանց կենսունակությունը: Ունենք իշխանություն ու ընդդիմություն, որոնք սնվում են միևնույն արտաքին կենտրոնից և սինքրոն վարքագծով պահպանում են այս ստատուս քվոն, որը հակոտնյա է Հայաստանի շահերին:

– Իսկ ժողովրդավար երկիր ունենալուն միտված ի՞նչ քայլեր են արվել անցնող տարվա ընթացքում, և, պարո՛ն Սուրենյանց, տեսակետներ կան, որ Հայաստանն այսօր ունի քաղբանտարկյալներ, համակարծի՞ք եք:

– Չասեմ քաղբանտարկայլներ, կան մարդիկ, որոնց կալանավորումը քաղաքականապես մոտիվացված է, օրինակ՝ Վանաձորի նախկին քաղաքապետը, Գորիսի գործող քաղաքապետը, Սիսական ջոկատի հրամանատարը: Իմ թվարկած այս մարդիկ, եթե նույնիսկ քաղբանտարկյալ չեն, նրանց ազատազրկումն ունի քաղաքական մոտիվացիա, ինձ համար դա հստակ է:

Իշխանությունը որևէ ժողովրդավար քայլ անցյալ տարում չի արել, ընդհակառակը՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ, ՏԻՄ ընտրությունների արդյունքները խմբագրելու փորձեր, Ազգային ժողովում լրագրողների ու ընդդիմության գործունեության սահմանափակումներ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք նույնիսկ ֆորմալ ժողովրդավարությունից զիջումներ ենք անելու ու շուտով կտեսնենք անձնիշխան ավտորիտար իշխանության իրավական բեսպրեդելը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am