Վտանգավոր միտում`հարեւանների մոտ. Շարունակում է պահպանվել մայրական մահացության բարձր ցուցանիշը

Վտանգավոր միտում`հարեւանների մոտ. Շարունակում է պահպանվել մայրական մահացության բարձր ցուցանիշը
Վտանգավոր միտում`հարեւանների մոտ. Շարունակում է պահպանվել մայրական մահացության բարձր ցուցանիշը

Նախածննդյան խնամքը եւ հղի կանանց սոցիալական ապահովությունը Վրաստանում բարելավվման կարիք ունեն, հատկապես երբ խնդիրը վերաբերում է բարձր ռիսկային ծննդաբերության դեպքերին:
Վրաստանում շարունակում է պահպանվել մայրական մահացության բարձր ցուցանիշը, եւ մասնագետները նշում են, որ պատճառը առողջապահության ցածրորակ համակարգն ու հասարակության իրազեկման ցածր մակարդակն է:
Իշխանությունները խոստացել են 2/3-ով կրճատել հետծննդյան ժաանակահատվածում մայրական մահացությունների թիվը մինչեւ 2015 թվականը:
Մայրական մահացության դեպքերի մասին տեղեկությունները հաճախ են շրջանառվում վրացական լրատվամիջոցներում: Վերջին ամիսների ընթացքում հեռուստատեսության լրատվական թողարկումներով ծննդաբերության ընթացքում կամ հետծննդյան բարդությունների հետեւանքով մայրերի մահացության 7 դեպք է լուսաբանվել:

ՄԱԿ-ի համաձայն, որի Մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում գրանցված մահացության դեպքերի քանակի վրա, 1990 թվականից մեկ տասնամյակ անց Վրաստանում այս ցուցանիշը աճել է 20 տոկոսով ՝ 100 000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը 41-ից հասել էին 70-ի: Այս ցուցանիշը մի փոքր կրճատվեց, երբ 2005-ին պարզվեց, որ ՄԱԿ-ի տվյալներով Վրաստանում 100,000 ծննդաբերության ժամանակ 66 մայր է մահանում: Այնուամենայնիվ, ներկայում երկիրը մեծապես զիջում է ԵՄ պետություններին եւ նախկին խորհրդային հանրապետություններին՝Ռուսաստանին, որտեղ 100 000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը 34 են, եւ Հայաստանին, որտեղ 100 000 ծննդաբերություններից 30-ը կարող են մոր մահվամբ ավարտվել:

«Թեեւ մայրական մահացության ցուցանիշի անկման խրախուսիչ միտումներ են նկատվում, դրանց թվային պատկերը դժվար է ներկայացնել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անգամ այն դեպքում, երբ մահացությունն արձանագրող համակարգերը համեմատաբար որակյալ են, մայրական մահացության ոչ բոլոր դեպքերն են արձանագրվում՝մահվան պատճառների սխալ դասակարգման հետեւանքով», – նշում է Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի [UNICEF] մամլո խոսնակ Մայա Կուրցիկիձեն:

Նրա խոսքերով, մայրական մահացությունների արդյունավետ կանխարգելումը նախածննդյան մայրական խնամքի բարձրակարգ մասնագետների եւ որակյալ բժշկական մասնագիտական օգնության առկայություն է պահանջում:

«Կանանց ունեցած գիտելիքները նախածննդյան խնամքի եւ ծննդաբերության մասին նույնպես շատ կարեւոր են: Հղի կանայք, ովքեր ռիսկային խմբերին են պատկանում, ավելի մեծ աջակցության եւ վերահսկողության կարիք ունեն, իսկ այս հանգամանքը հաշվի չի առնվում: Բժշկական մասնագիտական աջակցության ծրագիրը հասանելի է բոլոր հղի կանանց, սակայն այն լուրջ բարելավման կարիք ունի», – ասում է նա:

Առողջապահության նախարարության՝բժշկական մասնագիտացման որակը վերահսկող գործակալության տնօրենի պաշտոնակատար Իվանե Փոխվերիշվիլին հավաստիացնում է, որ միջոցներ են ձեռնարկվում հնարավոր բժշկական անփութության դեպքերը քննելու նպատակով:

Նրա խոսքերով, վերջին երկու տարիների ընթացքում ծննդաբերության ընթացքում կամ հետծննդյան ժամանակահատվածում գրանցված մայրական մահացության 5 դեպքերի նախաքննությունների արդյունքում՝10 բժիշկների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել:

«Նրանցից երեքը զրկվել են իրենց պետական լիցենզիաներից 6 ամսով, մյուսը՝ 3 ամսով, իսկ մնացած 6 բժիշկները գրավոր նկատողություն են ստացել»,- ասում է Փոխվերիշվիլին:

Ծննդաբերած կանայք իրենց հերթին նշում են, որ մասնագիտական որակների եւ ողջ համակարգի մասին մտահոգությունները չեն սահմանափակվում մի քանի բժիշկներով:

Նեստան Լոնդարիձեն, ով մայրաքաղաք Թբիլիսիում է ծննդաբերել կեսարյան հատումով, խիստ դժգոհ է մնացել ծննդատան բժշկական անձնակազմից:

«Երբ երեխաս ծնվեց, բժիշկը գնաց եւ ընտանիքիս անդամներին ասաց, որ իմ վիճակը լավ է, բայց երեխան շնչառական խնդիրներ ուներ, նրա թոքերը խցանված էին, չնայած ես ինքս էի տեսել, թե ինչպես էր լաց լինում ծնվելուց: Պարզվեց, որ նրանք մոռացել էին մաքրել երեխայի քթանցքները», – պատմում է մայրը:

«Բժիշկները դա «չնչին վրիպակ» որակեցին, բայց ես որոշեցի հեռանալ այդ ծննդատնից, որովհետեւ մեզ այնտեղ պատշաճ կերպով չէին խնամում, իմաստ չուներ այնտեղ մնալը: Էլ չխոսենք այնտեղ հիգիենայի պայմանների եւ բժշկական անձնակազմի անտարբերության մասին: Ոչ ոք անգամ չնկատեց, որ ես բարձր ջերմություն ունեի, երբ հեռանում էի ծննդատնից»,- վերհիշում է նա:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն՝Վրաստանում հնարավոր կլինի կրճատել մայրական մահացությունը կանանց հղիության հետ կապված ռիսկերի մասին ավելի լավ իրազեկելու միջոցով, օրինակ` հնարավորություն տալով նրանց իմանալ, թե որոնք են հնարավոր բարդությունների առաջին նախանշանները, ինչու է անհրաժեշտ դրանց հայտնաբերման դեպքում անմիջապես բժշկի դիմել եւ ինչ վտանգ են նրանք ներկայացնում առողջական այլ խնդիրների խորացման տեսանկյունից:

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրաժարվեց մանրամասն մեկնաբանել մայրական մահացության մասին հարցերը՝միայն նշելով, որ գոյություն ունի «հիվանդությունների շուտափույթ հայտնաբերման, բուժման եւ կանխարգելման ծրագրերի ողջ համակարգ»:

Այնուամենայնիվ, Կուրցիկիձեի կարծիքով՝ «մայրական մահացության հիմնական պատճառները ծառայությունների անհասանելիությունն է, ինչպես նաեւ բարդությունների բացահայտման եւ համապատասխան միջոցների ձեռնարկման պակասը եւ մայրերի ու նորածինների նկատմամբ համապատասխան խնամքի բացակայությունը: Արյունահոսությունը, հետծննդաբերական վարակները եւ հղիության հետ կապված հիպերտենզիան են նպաստում հետծննդյան շրջանում մայրերի մահացությանը»:

Վերջերս Վրաստանում անվճար առողջապահական համակարգը փոխարինվել է մասնավոր բժշկական ապահովագրության համակարգով: Մարդիկ կարող են կամ մասնավոր բժշկական ապահովագրություն ընտրել կամ միանալ անվճար պետական բժշկական ապահովագրական փաթեթներին, որոնք նախատեսված են առավել անապահով խավերի համար, բայց նույնիսկ այս փաթեթներին միանալու դեպքում հիվանդը պետք է վճարի դեղորայքի եւ բուժման արժեքի մի մասը: Բժշկական ծառայությունների վճարովի կամ անվճար լինելը պայմանավորված է նրանով, թե որ «պետական ծրագրի» մեջ են նրանք մտնում: Օրինակ` մոր եւ մանկան խնամքի ծրագիրն անվճար է, բացառությամբ բարձր վտանգ ներկայացնող դեպքերի, երբ հիվանդից պահանջվում է հոգալ ծախսերի 25 տոկոսը:

Ինչպես IWPR-ին նամակով տեղեկացրեց Վրաստանում համաշխարհային բանկի գրասենյակի առողջապահության գծով մասնագետ Նինո Մորոշկինան, «Վրաստանում կանխիկ գումարով գործարքների թիվը շատ մեծ է, ինչի հետեւանքով տուժում են աղքատ ընտանիքները»:

Նինո Տլաշաձեն, որը ներկայում իր երկրորդ երեխային է սպասում, հրաժարվել էր նախածննդյան խնամքից՝ այն չափազանց թանկ համարելով, բայց հետո ստիպված էր եղել 1450 լարի (875 դոլար) վճարել կեսարյան հատման համար:

«Յուրաքանչյուր հետազոտությունը 200 լարի արժե, իսկ առաջին բժշկական այցն ավելի թանկ է: Իսկ եթե հղիության ընթացքում բարդություններ են ունենում, ավելի շատ ես վճարում», – դժգոհում է նա:

Նինոն ասում է, որ իր բժշկական ապահովագրությունը հոգում է միայն մի քանի ընդհանուր ստուգումների եւ 3 բժշկական հետազոտությունների ծախսերը՝ հղիության 13-րդ, 24-րդ եւ 38-րդ շաբաթներին:

«Դա շատ քիչ է, հատկապես երբ հղի կինը խնդիրներ է ունենում: Օրինակ, ինձ անհանգստացնում էր իմ արյան ճնշումը, եւ եթե սպասեի մինչեւ հղիության 13-րդ շաբաթը, որպեսզի բժշկական հետազոտության գնայի, ապա կվտանգվեր թե՛ իմ, թե՛ երեխայիս կյանքը: Պետական ծրագիրը ոչինչ չի առաջարկում ռիսկային խմբերին պատկանող կանանց», – համոզված է նա:

Նինո Գվեդաշվիլի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net)