«Ներքին գործերի նախարարության ստեղծման մեջ արտառոց բան չկա, դրանով կսկսվի համակարգի ապաքաղաքականացման գործընթացը». Հովհաննես Քոչարյան

Հուլիսի 12-ին Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու թեմայով:

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու գաղափարը գործող Կառավարության առանցքային ծրագրերից է: Գործադիրը դեռ 2020 թվականին էր ընդունել «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը», որը, ի թիվս այլ բարեփոխումների, նախատեսում էր նաև որոշ կառուցվածքային փոփոխություններ։

Երկար քննարկումների արդյունքում որոշում կայացնողները կանգ են առել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հիմքով ներքին գործերի նախարարության ստեղծման մոդելի վրա:

Այսպես, ներքին գործերի նախարարության առաջարկվող մոդելում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ ոստիկանություն (հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում, բացահայտում), աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում: Այսինքն՝ ՆԳՆ ենթակա կառույցները մեծ հաշվով կլինեն ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանական կրթահամալիրը: Ըստ բարեփոխումն իրականացնողների՝ առաջարկվող մոդելի դեպքում ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, իսկ ոստիկանության պետն էլ պատասխանատվություն կկրի ծառայության ամենօրյա գործունեության համար:

«Շատ դրական եմ վերաբերվում ներքին գործերի նախարարության ստեղծման գաղափարին: Կարծում եմ՝ ներքին գործերի նախարարության ստեղծմամբ ոստիկանական բարեփոխումները իմաստ ու բովանդակություն կստանան: Եվ ավելին, համակարգի ապաքաղաքականացման գործընթացը պետք է սկսվի հենց ՆԳ նախարարության ստեղծումով»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է իրավաբան Հովհաննես Քոչարյանը:

Նա, նկատենք, Հայաստանի ոստիկանության պետի նախկին տեղակալն էր և 2019-ին քաղաքական հայտարարությունների համար պաշտոնանկ էր արվել: Քոչարյանը, մասնավորապես, դեմ էր արտահայտվել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որն այդ ժամանակ խորհրդարանում առաջին ընթերցումն անցել էր:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր ներկայացրած նախագծով առաջարկում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոնները դարձնել քաղաքական, ինչը նշանակում էր, որ այդ պաշտոններում կարող էր նշանակվել ցանկացած ոք, որը համապատասխանում է պատգամավորի համար սահմանված չափանիշներին, այսինքն՝ 25 տարին լրացած է, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի է ու մշտապես բնակվել է Հայաստանում:

Իսկ Հովհաննես Քոչարյանն այդ ժամանակ ասել էր, որ, իր կարծիքով՝ ճիշտ լուծում չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելը: «Ես չեմ կարծում, որ այս փոփոխություններով ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն է ուժեղացվում, բոլորովին ոչ: Սահմանադրությունը արգելքներ է նախատեսում, և մինչև սահմանադրական փոփոխություններ չլինեն, դա իրականություն չի դառնա»,- հայտարարել էր նա:

Այժմ էլ է Քոչարյանը նույն պնդումն անում: Նրա խոսքով՝ ոստիկանական համակարգին առնչվող քաղաքական գործընթացները պետք է տարանջատվեն ու վերապահվեն ՆԳ նախարարին, իսկ իրավապահ գործընթացները՝ ոստիկանապետին:

«Եթե հիշում եք, այդ թեմայով ես պաշտոնանկ եղա, և սա ինձ համար սովորական թեմա չէ: Ես հստակ իմ դիրքորոշումն այն ժամանակ էլ հայտնել եմ՝ այո՛, ոստիկանապետների պաշտոնը չպետք էր դարձնել քաղաքական, և այդ գործառույթը պետք է վերաբերեր միայն նախարարներին, իսկ ոստիկանապետները պետք է մնան ուժային կառույցի մաքուր իրավական գործառույթներն իրականացնող մարմնի ղեկավարներ: Այս նախաձեռնության մեջ արտառոց ոչինչ չկա, քաղաքակիրթ աշխարհում ընդունված մոդել է»,- նկատում է Քոչարյանը:

Հարցին՝ եթե ՆԳ նախարարը նշանակվում է քաղաքական անձ, արդյոք ՆԳՆ համակարգում գործող ոստիկանության պետը ակամայից չի՞ դառնում քաղաքական հրահանգ կատարող, Քոչարյանն արձագանքում է. «Կկատարի անշուշտ, եթե նման հրամաններ տան, և նա էլ՝ եթե ուզենա, կկատարի: Բայց նաև պետք է նկատի ունենալ, որ ոստիկանության պետի համար սահմանվելու են լիազորություններ, և ոստիկանապետն ինքն է որոշելու հրամանի իրավաչափությունը: Կատեգորիկ որևէ բան բացառել չի կարելի, բայց պատասխանատվության կանչելու մեխանիզմները այս դեպքում շոշափելի են դառնալու, հետևաբար մանևրելու ձևերը սահմանափակվելու են»:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ ձևական կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, քանզի այդ կառույցն իրականում դարձյալ մնալու է վարչապետի վերահսկողության ներքո, Քոչարյանն արձագանքում է՝ կյանքը ցույց կտա: Սակայն նաև պնդում է, որ այս բարեփոխումն իրականում ուղղված է նրան, որ համակարգի գործունեությունն իմաստ ու նշանակություն ստանա:

«Պետք է հասկանանք, որ երբ ոստիկանության պաշտոնատար անձինք օրենսդրական հարցերով նախագծեր էին բերում Ազգային ժողով, որոշ դեպքերում մեղադրվում էին քաղաքականության մեջ մտնելու համար: Ինչո՞ւ, որովհետև ասում էին՝ ինչ գործ ունի համազգեստով մարդը Ազգային ժողովում իր համակարգի վերաբերյալ, ասենք՝ հարկադրանքի կիրառման մասին նախագծեր բերի: ՆԳՆ-ի ստեղծման դեպքում նման խնդիր չի առաջանա, և այդ հարցով կզբաղվեն կառավարությունները, ոստիկանությանը պետք է ուղղվեն հարցեր հանցավորության ու դրա դեմ պայքարի գործողությունների հետ կապված»,- հավելում է Հովհաննես Քոչարյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am