Երեւանյան ամանոր` հոկեյի մրցաշարով, տոնական լուսավորությամբ, անվճար Ձմեռ պապ ու Ձյունանուշով

Երեւանյան  ամանոր` հոկեյի մրցաշարով, տոնական լուսավորությամբ, անվճար Ձմեռ պապ ու Ձյունանուշով
Երեւանյան ամանոր` հոկեյի մրցաշարով, տոնական լուսավորությամբ, անվճար Ձմեռ պապ ու Ձյունանուշով

Դեկտեմբերի 31-ից-հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել շքեղ տոնական համերգային ծրագրեր։ Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, տոնական լուսավորություն կլինի ողջ քաղաքում:
«31 մետր բարձրությամբ Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի զարդարվել է 72 աստղիկներով և 4000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառի վրա կվառվեն 32000 լուսադիոդային լամպեր: Մայր տոնածառը հավաքվել է եղևնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատումից հետո: Վարչական բոլոր շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Տոնական լուսավորություն կլինի ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնում, այլև վարչական մյուս շրջաններում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 31-ին ժ. 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթային հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր։

Երեկոյան ժ. 2300-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի շքեղ հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր `ժ. 04:00-ն։

Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթային հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան ժ. 18:00-ից  22:00-ն  Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։

Սահադաշտի վերածված Կարապի լճում դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ և ռուս կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, <<Բուրատինո>> հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։

Օրական 30 րոպե տևողությամբ կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:

«Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումներին կմասնակցեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կաշխատեն անվճար»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

© Medialab.am