Նախորդ տարի ՀՀ-ում հայտնաբերված չարորակ նորագոյացության 7640 դեպքից 251-ը եղել է արգանդի պարանոցի քաղցկեղ. ԱՆ

Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացություններից է: 2021 թվականի տվյալներով` այն երկրորդ տեղում է կանանց մոտ իր տարածվածությամբ:

Նախորդ տարի ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացության 7640 դեպքից 251-ը եղել է արգանդի պարանոցի քաղցկեղ:

Առաջացման պատճառներից ամենահաճախակին մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակներն են:

Ռիսկի գործոններից են`

• Իմունային համակարգի անբավարարություն

• Հերպես

• Ծխախոտի օգտագործում

• Տարիք (30-40 տարեկան կանայք գտնվում են առավել մեծ ռիսկային գոտում)

• Հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործում:

Կանխարգելում

Արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխել` այցելելով պարբերաբար բուժզննումների` հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման համար:

Խորհուրդ է տրվում նաև մարդու պապիլոմավիրուս թեստի իրականացում յուրաքանչյուր 5 տարին մեկ, Պապ քսուքի պարբերաբար որոշում:

Հայտնաբերված է, որ մարդու պապիլոմավիրուսի առավել հաճախ հանդիպող տեսակները կարող են արգանդի պարանոցի քաղցկեղ և նախաքաղցկեղային վիճակներ առաջացնել։

Կանխարգելման տարբերակներից մեկը ՄՊՎ պատվաստումների իրականացումն է, որն արդյունավետ է և անվտանգ: