«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– ԵՄ երկարաժամկետ առաքելությունը, որ Հայաստանում 2 տարով տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած էր 100 մարդուց, ԵՄ խորհրդի որոշմամբ՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է ևս 2 տարով։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց, որ առաքելությունն ընդլայնվում է՝ 209 մարդ նախկին 138-ի փոխարեն։ 2024 թվականի մարտին խորհրդարանն ընդունեց «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ է տալու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ևս երկու տարով երկարաձգումը՝ անվտանգային տեսանկյունից:
– Միշտ գնահատանքով եմ վերաբերվել այդ փաստին, որովհետև այն միջնորդ առաքելությունը, որը կոչվում է ԵՄ մշտադիտարկող կոնտինգենտ, իր ֆունկցիան բարեհաջող կատարում է՝ անկախ նրանից, որ ռազմական բաղադրիչ չի ներառում: Միայն այն, որ այն մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքում կարող է պատշաճ կերպով արձանագրել այն փաստերը, որ հայկական կողմը որևէ սադրանքի չի գնում, որևէ ռազմական էսկալացիա չի ստեղծում, ևս մեկ մեխանիզմ է, որի համար պետք է շնորհակալ լինենք, որը անաչառ կերպով ցույց է տալիս, որ գործողություններ են տեղի ունենում, ու դրա մեղավորը Ադրբեջանի Հանրապետությունն է:
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող, բայց չկա տեղեկատվություն, թե որևէ այլ գործիքակազմ նրանց շնորհվո՞ւմ է, մոնիթորինգային սարքավորումների ավելացում, այլ ֆունկցիաներ նրանց տրվելո՞ւ են, այս մասին չկա տեղեկատվություն: Հասկանում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի նոր բնագծերի ամբողջ երկայնքի համար նրանց թվաքանակը շատ քիչ է, որպեսզի այդ կատարելիք աշխատանքները պատշաճ կերպով անեն, այսինքն՝ տրամաբանական կլիներ, որ գործող իշխանությունը առաջարկեր թվաքանակի ավելացում:
Կարևոր է այն հանգամանքը, որի մասին քչերն են խոսում իհարկե, պետք է հասկանանք, թե դելիմիտացիոն և դեմարկացիոն աշխատանքներին համընթաց նրանց աշխատանքը որպես այդպիսին կարելի՞ է դիտարկել, կամ կարո՞ղ են համահավասար ֆունկցիա տալ նրանց, որպեսզի այդ աշխատանքների ժամանակ, քանի որ երրորդ պետության կողմից առանձին հանձնաժողովներ, ներկայացուցչություն չեն ձևավորվել, որպեսզի դելիմիտացիոն աշխատանքները պատշաճ կերպով կատարվեն, ապա գուցե նրա՞նց շնորհվի նման առաքելություն:
Իհարկե, ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանն այս առաջարկը սրերով կընդունի, որովհետև կա պայմանավորվածություն, որ կոնկրետ այդ գործընթացը պետք է կատարվի երկկողմ սկզբունքով: Ժողովուրդը, այնուամենայնիվ, պետք է հասկանա, որ այս առաքելությունը ռազմական բաղադրիչ չունեցող, մոնիթորինգ իրականացնող կառույց է, որովհետև շատ դեպքերում այս հանգամանքը շահարկում են, մտածում են, որ նրանք ռազմական էսկալացիայի դեպքում հայկական զինուժի հետ համահավասար պետք է ռազմական գործողությունների մասնակից լինեն կամ զսպիչ ու կանխարգելիչ դերակատարում ունենան:
– Կարծում եք, որ ձեր մատնանշած հարցը հստակեցված չէ՞, թե՞ ուղղակի այդ մասին տեղեկատվությունը հասանելի չէ:
– Ո՛չ լրահոսով, ո՛չ պաշտոնական տեղեկատվությամբ այդ մասին հանրությանը որևէ բան չի ներկայացվել:
– Պարո՛ն Կարապետյան, ըստ էության, որքանո՞վ է այս առաքելությունը կանխում, զսպում ադրբեջանական հնարավոր էսկալացիաները:
– Միշտ կասկածել եմ այն մարդկանց վստահությանը, որ ասում են՝ եթե ԵՄ դիտորդը կանգնած է, ապա Ալիևը ոչ մի կերպ չի կարող ոտնձգություն անել: Ինքս եմ բազմիցս ասել, որ սա Ալիևի համար զսպաշապիկ է, բայց դա չի նշանակում, որ նրա ձեռքերը կապված են, բնավ այդպես չէ: Ուղղակի աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից կանաչ լույս չունի, որպեսզի ինչ-որ գործողություններ անի: Վստահ եմ, որ երբ այդ լույսը լինի՝ հազար ու մի պատրվակ, ալիբի կգտնի շրջանցելու անգամ ԵՄ դիտորդական առաքելությանը ու ինչ-որ տարածքի լոկալ էքսպանսիա անելու:
Ուղղակի կրկնում եմ՝ առանց գերագնահատելու կամ թերագնահատելու նրանց ֆունկցիան, ես կարծում եմ՝ սա լավ առիթ է, որ միջազգային կառույց կա, որը զեկույցների տեսքով ներկայացնում է ԵՄ-ին, թե սահմանային խախտումները որ կողմն է անում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am