«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է չհասնել հաջողության, բայց հարամել իշխանությունների պաշտոնավարումը». վերլուծաբաններ

«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է չհասնել հաջողության, բայց հարամել իշխանությունների պաշտոնավարումը». վերլուծաբաններ
«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է չհասնել հաջողության, բայց հարամել իշխանությունների պաշտոնավարումը». վերլուծաբաններ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է, ինչպես ինքն է ասում, «հացադուլը, կեղծիքադուլն ու ստադուլը: Մարտի 10-ի հանրահավաքում նա հայտարարեց, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտարարել, ինքը մնալու է Ազատության հրապարակում և հաց չի ուտելու:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն իր երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, կեղծ երդում տա, իսկ կաթողիկոսը նրան նախագահ օծի, դա տեղի կունենա իր դիակի վրայով:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ հացադուլը ոչ ստանդարտ քայլ էր և փակուղային վիճակի մեջ է դնում երկրի հոգևոր իշխանությանը, նաև գործող նախագահին:

«Ըստ էության առաջին հայացքից թույլ թվացող շարժումը կարող է ըստ էության ոչ ստանդարտ վիճակի հանգեցնել: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե գործող նախագահը որևէ փոխզիջման չգնա, ապա ինքը, պարզ ձևակերպենք, հարամելու է գործող նախագահի երդման արարողությունը: Ինքը նույնիսկ տեխնոլագիան պատմեց, որ ինքը հացադուլ է սկսելու: Ըստ էության հասկանում ենք, որ եթե հացադուլը տևում է մինչև ապրիլի 9-ը, ապա նրա առողոջությանը կարող է վտանգ սպառնալ, և ինքն ըստ էության ակնարկեց, որ իր դիակի վրայով միայն կարող է գործող նախագահը կաթողիկոսի կողմից օծվել նախագահ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերն է վերլուծում Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով՝ այստեղ վարկանիշային լրջագույն կորուստներ կարող է ունենալ ոչ միայն նախագահը, այլ նաև կաթողիկոսը և հատկապես Սփյուռքը: Միաժամանակ Երվանդ Բոզոյանն ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ պարզ հասկացավ, որ քաղաքական գործընթացն անվերջ հնարավոր չէ թողնել այսպես:

«Հատկապես մարզային այցելությունների ժամանակ գրանցվող դեպքերը, վերջին միջադեպը Սևանում ցույց տվեցին, որ իշխանությունը չի հանդուրժելու, որ այսպես շարունակվել չի կարող: Րաֆֆին էլ հասկացավ, որ եթե այսպես գնա, ըստ էության ուժային մեթոդներն անխուսափելի են լինելու, ինքը որոշում կայացրեց գնալ ավելի կտրուկ քայլերի օպերայի հրապարակում»,- «Մեդիալաբին» ասում է վերլուծաբանը:

Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ քաղաքական տեսակետից Րաֆֆի Հովհաննիսյանը դժվար թե որևէ բանի հասնի, որովհետև իր շուրջը կազմակերպչական մեքենա գոյություն չունի:

«Ոնց որ թե հիմնական քաղաքական ուժերը փորձում են ֆոնային աջակցություն ցույց տալ Րաֆֆիին, բայց ոչ անմիջական, բոլորը դա նկատում են: Ըստ էության առաջացել է մի այնպիսի պատային իրավիճակ, որտեղ ամեն օր վարկանիշային լրջագույն կորուստ է ունենում իշխանությունը»,- կարծում է Բոզոյանը:

Նրա դիտարկմամբ՝ ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է չհասնել հաջողության, բայց նա կարող է իսկապես հարամել այսօրվա իշխանությունների պաշտոնավարումը:

Ի տարբերություն Երվանդ Բոզոյանի, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն համոզված է, որ հացադուլը որեւէ բան չի որոշի: Ըստ Քոչարյանի, «ընդհանրապես աշխարհում և առավել ևս Հայաստանում հացադուլը դեռ ոչ մեկի ոչինչ չի տվել»:

«Քաղաքական պայքարի մեջ դա արդյունք չի տվել»,- Մեդիալաբին ասում է Կարեն Քոչարյանը: Միաժամանակ նա նշում է, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ ընթացք կունենա ձևավորված շարժումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Սակայն, հանրահավաքի մասնակիցները, Հովհաննիսյանի աջակիցենրը պնդում են, որ ընտրությունները կրկին անգամ Հայաստանում կեղծվել են`բերելով բազում փաստարկներ:

Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհներից ոմանք երեկվանից նրան համոզում են հրաժարվել հացադուլից, սակայն նա չի պատրաստվում փոխել իր որոշումը:Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքում գալ Ազատության հրապարակ և կանգնել ժողովրդի կողքին՝ զերծ մնալով կուսակցական ամբիցիաներից:

© Medialab.am