Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նպատակներն այնպիսիք են, որ խաղաղության համար տեղ չի մնում. Հրաչյա Արզումանյան

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, Հայաստանում ամենաբարձր մակարդակներով հայտարարվում է, որ ռազմական նոր էսկալացիայի վտանգը չափազանց բարձր է։ Ձեր դիտարկմամբ՝ որո՞նք են հիմնական պատճառը կամ պատճառները, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ քայլին գնալու։

– Պետք է հասկանալ, որ Արցախի խնդիրը, մեր բոլոր կոնֆլիկտները ոչ թե լոկալ՝ հայ-ադրբեջանական են, այլ՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական, դրա համար բոլոր քայլերը պետք է դիտարկել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։ 

Հստակ երևում է, որ Արևմուտքի և Իրանի ջանքերի շնորհիվ լարվածությունը տարածաշրջանում ընկնում էր, և ռուս-թուրքական դաշինքի կողմից ուժ կիրառելը դառնում է բավական դժվար։ Բայց մյուս կողմից՝ ռուս-թուրքական դաշինքը միշտ աշխատել ու շարունակում է աշխատել ռազմական ուժով, շանտաժով։ Հիմա փորձում են ազդել Հայաստանի իշխանությունների վրա, որ իրենք ի վերջո ընդունեն այն պարտադրված ռուս-թուրքական դաշինքի լուծումները, որ իրենց խիստ անհրաժեշտ են, իսկ դրա համար պետք է էսկալացիայի կազմակերպում, որի միջոցով հնարավոր կլինի հասնել դրան։ 

– «Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին». Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումից է մեջբերումս։ Միջազգային հանրությանն ապավինելը որքանո՞վ արդյունավետ կլինի, իսկապե՞ս կկարողանա չեզոքացնել այդ էսկալացիայի բարձր հավանականությունը։

– Պետք է հասկանալ, որ միջազգային հանրությունը կարող է ազդել Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի վրա միայն դիվանագիտական ու քաղաքական ասպարեզում, բայց իրական էսկալացիան տեղի է ունենալու ռազմական ոլորտում, իսկ այդտեղ Հայաստանը պետք է ապավինի միայն սեփական ուժերին։ 

Սխալ մոտեցում է այս մթնոլորտում խոսել խաղաղության մասին, պետք է ի վերջո հասկանալ, որ խաղաղությունը նվաճվում է, ոչ թե պարգևվում, դա պարգև չէ, որ քեզ տալիս են, դու պետք է նվաճես խաղաղությունը, ստիպես ագրեսորին հետ կանգնել մտքից, որ կարող է ռազմական ճանապարհով ինչ-որ զիջումներ ստանալ, բայց դու դա պետք է անես՝ հենվելով քո ռազմական ուժի վրա։ 

Այո՛, տարածաշրջանային անվտանգության միջավայրն այսօր ավելի լավ է Հայաստանի համար, քան 2020-21-ին, բայց դա չի նշանակում, որ դու կարող ես հանգիստ նստել ու չպատրաստվել լուծել խնդիրներն ու չեզոքացնել ռազմական ագրեսիան: Հայաստանի հիմնական երաշխիքը մնում են իր զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը։ 

2020-ին էլ նույնատիպ գործընթացներ էին տեղի ունենում դիվանագիտական ոլորտում, բայց հետո մենք ստացանք ռազմական ագրեսիա։ Դու պարտավոր ես ձեռք բերել Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային զսպող նոր ռեսուրսներ, բայց քո հիմնական ռեսուրսը մնում է քո բանակը, ու դու պետք է այդ հարցերով զբաղվես։ 

– Այսօր մեր ռազմական ներուժը բավարա՞ր է, որ կարողանանք Ադրբեջանին արժանի հակահարված տալ։

– Պատրաստ ես, թե չէ՝ դա երկրորդական է, եթե լինի ագրեսիա՝ ստիպված ես պաշտպանվել։ Որպես համեմատություն՝ երբ ուկրաինական պատերազմը սկսվում էր, բոլորը համոզված էին, որ Ռուսաստանը մեկ շաբաթում կվերջացնի այն, ոչ մեկը չէր հավատում, որ Ուկրաինան կարող է դիմադրել, բայց մենք տեսանք այն, ինչ տեսանք։ Ուկրաինան դիմադրեց, ու միջազգային հանրությունը փոխեց իր դիրքորոշումը, Ուկրաինան ստացավ օժանդակություն, ինչը թույլ է տալիս դիմադրել Ռուսաստանին։ 

Եթե լինի ագրեսիա, Հայաստանի համար լինելու է պարտադրված պատերազմ, ու Հայաստանը ստիպված է լինելու մտնել այդ պատերազմի մեջ՝ անկախ հնարավորությունից, իսկ պատերազմն անկանխատեսելի է. դու կարող ես հասնել այնպիսի արդյունքի, որին ոչ ոք չէր սպասում, բայց եթե չես մտնում պատերազմի մեջ, չես դիմադրում, դու պարտվում ես ու ստանում ես ավելի վատ պայմաններ։ Մենք այդ սխալ ճանապարհով գնացինք ու հանձնեցինք Քարվաճառն ու Քաշաթաղը, նույն սխալները նորից կատարել չի կարելի։

– Ուկրաինայի օրինակը մատնանշեցիք, եթե լինի այդ էսկալացիան, Հայաստանին կաջակցե՞ն այնպես, ինչպես աջակցում են Ուկրաինային այդ երկրները, պարո՛ն Արզումանյան։

– Մեր փորձն էլ է դա ցույց տալիս․ 90-ականներին ոչ մեկը չէր հավատում, որ մենք կարող էինք դիմադրել, բայց մտանք պատերազմի մեջ ու ստացանք օժանդակություն, ու նույն Ռուսաստանը, որը մինչև 92 թվականն օժանդակում էր Ադրբեջանին, տեսնելով, որ Հայաստանը հաղթում է, 92-94-ից սկսեց օժանդակել նաև մեզ։ Այսինքն՝ եթե դու դիմադրում ես, միշտ գտնվում են օժանդակողներ, չեն լինում դաշնակիցներ, երբ դու հանձնվում ես ու չես ուզում պաշտպանել քո շահերը։ Մենք առաջինը սա պետք է հասկանանք։

– Ձեր խոսքում ասացիք, որ այս պայմաններում անիմաստ է խոսել խաղաղության մասին, այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում, որ հայկական կողմը շարունակաբար պնդում է այդ մասին։

– Կրկնում եմ՝ լուրջ չէ խոսել խաղաղության մասին, երբ շարունակվում է պատերազմը, երբ մենք նորից զինվոր ենք կորցրել։ Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նպատակներն այնպիսիք են, որ խաղաղության համար տեղ չի մնում, ուստի չեմ կարծում, որ մենք պետք է ժամանակ կորցնենք այդ նարատիվն ուսումնասիրելու համար: 

Մենք ունենք շարունակվող պատերազմ, իսկ այդ պարագայում առաջին անելիքը պետք է լինի ռազմական գործողությունները կանգնեցնելը, հետո նոր կարելի է մտածել այն հարցերի մասին, որ հիմա քննարկում են։ 

Խաղաղությունը պարտադրվում է, մեզ փորձել են խաղաղություն պարտադրել 2020 թվականին, իսկ հետո Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարեցին, որ դա կապիտուլյացիա է եղել, ոչ թե խաղաղության պայմանագիր։ Մենք այսօր չենք կարող ունենալ խաղաղություն, մինչև դիմացիդ ագրեսորը չհասկանա, որ ռազմական ուժով ինքը չի կարողանալու հասնել իր նպատակներին, մինչև դա չես հասկացրել՝ իմաստ չկա մտածել, հույսեր փայփայել խաղաղության պայմանագրի մասին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am