«Շատ բնական է, որ վարակի դեպքերը օրական լինեն 400, 500, վաղը կլինի 1000, 2000»․ Հովակիմ Զաքարյան

Լուսանկարը՝ www.Mediamax.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանը

– Պարո՛ն Զաքարյան, ամեն օր տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելանում է, և արդեն երկու օր է՝ շուրջ 400 դեպք է գրանցվում: Եվ սա թեստավորված դեպքերն են: Հնարավո՞ր է վարակի այս տեմպը լոքդաունի հիմք դառնա:

– Ես չգիտեմ՝ դուք երբ կարող եք ակնկալել լոքդաուն, բայց գիտեմ մի պարզ բան՝ եթե պատվաստումների քանակը քիչ է, վարակի դեպքերը կաճեն: Դա շատ բնական է: Եթե մարդիկ չեն հետևում համաճարակային կանոններին, բնական է՝ կորոնավիրուսի վարակի տեմպը կաճի: Եվ բացի շարքային քաղաքացիներից, պատկան մարմինները նույնպես չեն հետևում, որ մարդիկ պահպանեն կանոնները: Հետևաբար շատ բնական է, որ վարակի դեպքերը օրական լինեն 400, 500, վաղը կլինի 1000, 2000: Վառ օրինակ է Վրաստանի դեպքը, որտեղ օրական մի քանի հազար դեպք է գրանցվում:

Հիմք չկա ենթադրելու, որ Հայաստանում այդպես չի կարող լինել, հատկապես եթե հակահամաճարակային կանոնները խստորեն չեն պահպանվում: Ամենապարզ օրինակը տրանսպորտի վիճակն է՝ մարդիկ նորից վերադարձել են նախաքովիդյան ժամանակահատված, երբ «ԳԱԶելի» մեջ 30 հոգով են երթևեկում՝ իրար վրա նստած:

Նման իրավիճակում ակնհայտ է, չէ՞, որ քովիդի նոր դեպքեր լինեն: Առավել ևս՝ քովիդ դրական թեստով մարդիկ ազատորեն ելումուտ են անում, և պատկան մարմինները չեն հետևում նրանց տեղաշարժին, չեն պահանջում պահպանել կանոնները, որևէ վերահսկողություն չկա:

– Այսինքն՝ կառավարող շրջանակները թուլացրե՞լ են զգոնությունը:

– Իսկ դուք ի՞նչ եք կարծում: Ես պարզ ասում եմ՝ չկա որևէ վերահսկողություն: Եթե պատկան մարմինները չեն հետևում հակահամաճարակային կանոնների պահպանմանը, ունենում ենք այն, ինչ դուք տեսնում եք՝ այսօր 400 է, վաղը կլինի 500, ու այդպես շարունակ կավելանան դեպքերը: Էլ չեմ ասում մահվան դեպքերի աճը:

Բայց սրան զուգահեռ մեծ խնդիր է պատվաստման քիչ քանակը, ինչի խղճուկ պատկերն առավել ակնհայտ է, երբ համեմատում ենք հարևան երկրների հետ:

– Դա ինչի՞ հետևանք է ըստ ձեզ:

– Շատ խոր փիլիսոփայական հարց եք տալիս (ժպտում է – հեղ.):

– Այսինքն՝ կարծում եք բնակչության չտեղեկացվածության, անգիտության հետևա՞նք է, թե՞ դարձյալ պատկան մարմինների անգործության:

– Այս հարցի դեպքում չկա հստակ մեկ պատասխան, որ ասեմ՝ այ, սա՛ է պատճառը, որ պատվաստումների քանակը քիչ է Հայաստանում: Պատճառներն այս դեպքում բազմաշերտ են՝ և՛ բնակչության անվստահությունը պատկան մարմինների նկատմամբ, և՛ բնակչության մի մասի ցածր կրթական մակարդակը, ինֆորմացիայի պակասը, ինֆորմացիայի ոչ ճիշտ մատուցումը, պատկան մարմինների կողմից պատվաստման պրոցեսի ոչ ճիշտ կազմակերպումը: Այս ամենը միասին հանրագումարով բերել է նրան, որ ունենք պատվաստման ցածր տեմպեր:

Կարող ենք նույնիսկ ասել, որ օտարերկրյա քաղաքացիները նույնիսկ ավելի ակտիվ, ինչու ոչ, նաև ավելի շատ են պատվաստվում, քան հայաստանցիները: Մինչդեռ մեր քաղաքացիները հենց առաջինը պետք է պատվաստվեին:

– Օրինակ՝ որպես լուծում, ԱՆ-ն առաջարկում է ուսումնամանկավարժական հաստատությունների աշխատակիցներին, ուսանողներին պատվաստվել կամ 15 օրը մեկ թեստավորվել:

– Այո՛, դա լուծումներից մեկն է, որը միգուցե նաև ուշացած է: Երբ դու քո երկրում արդեն ութ ամիս ունես պատվաստանյութ, դու պետք է հստակ պլան ունենաս՝ ինչպես ես իրացնելու այդ պատվաստանյութը: Պետք էր նաև ունենալ հստակ ցուցանիշներ ամսական կտրվածքով՝ այս ամսվա ընթացքում պետք է պատվաստել այսքան մարդ, եթե չի ստացվում հասնել նպատակին, ուրեմն պետք է անել հստակ, այլընտրանքային քայլեր: Վերջիվերջո պարտադրանքի նորմը, այո՛, քայլերից մեկը կարող է լինել, ինչն արդեն արվում է շատ զարգացած երկրներում:

– Շատերն ասում են՝ մարդու իրավունքի խախտում է, երբ պարտադրում են պատվաստվել:

– Դե կներեք, դա հենց իմ իրավունքի խախտում է, երբ ես կարող եմ վարակվել չպատվաստվածի պատճառով: Իմ իրավունքն էլ է խախտվում, չէ՞: Իրավունքի խախտման խնդիր ընդհանրապես չկա: Եթե այդպես նայենք, ուրեմն պետք է երկրում ընդհանրապես ոչ մեկը ոչ մի պատվաստում չանի, բոլորս չպատվաստվենք բոլոր վարակների դեմ, քանի որ դա համարում ենք իրավունքի խախտում:

– Տեսեք, օրինակ՝ Վրաստանում, ըստ տարբեր հրապարակումների, խստորեն պահպանվում էին կանոնները, բայց այնտեղ հիմա վիճակը ծանր է: Ինչպե՞ս հասկանալ:

– Ես չեմ հետևել՝ ինչպես ու որքան են հետևել կանոններին, ու վստահ էլ չեմ, որ պահպանել են: Բայց փաստ է, որ հիմա կան թվեր, որոնք ցույց են տալիս այդ երկրում ստեղծված անմխիթար վիճակը, կա լուրջ խնդիր: Դա նշանակում է, որ իրենք ինչ-որ տեղ թերացել են, հակառակ դեպքում թվերն այդպիսին չէին լինի:

Ես բացարձակ իրենցով չեմ մտահոգված ու ցանկություն էլ չունեմ պարզելու պատճառները: Այդ թվերը վաղը-մյուս օրը կարող են կրկնվել մեզ մոտ՝ Հայաստանում: Այսինքն՝ եթե մենք շարունակենք նույն ձևով վերաբերվել և՛ պատվաստման, և՛ հակահամաճարակային կանոնների խնդրին, մեզ մոտ նույն վիճակն է լինելու:

– Որպես վարակաբան՝ դելտա շտամի կլինիկան կներկայացնե՞ք, որքանո՞վ է այն ավելի վտանգավոր:

– Շատ են կորոնավիրուսի շտամները, որոնցից մեկը դելտան է: Բացի այդ, կան մեկ- երկու նոր շրջանառվող շտամներ: Չգիտեմ՝ դրանք Հայաստան հասե՞լ են, թե՞ ոչ: Ամեն դեպքում, դրանց վտանգավորությունն այն է, որ շատ ավելի արագ են տարածվում, շատ ավելի արագ է տեղի ունենում անցումը մեկ հիվանդ մարդուց չվարակված մարդուն:

Բացի այդ, այսօր գոյություն ունեցող որոշ պատվաստանյութեր որ օգտագործվում են, պակաս արդյունավետ են նոր շտամների նկատմամբ: Այդ մասին ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ որքան արագ մենք պատվաստվենք ու բնակչության 60 տոկոսին պատվաստենք, այնքան քիչ հավանական կլինի, որ մեզ մոտ կշրջանառվեն այդպիսի վտանգավոր շտամներ:

Հիմա արդեն այս շտամների դեպքում Հայաստանում մեր կողմից օգտագործվող պատվաստանյութերը ավելի պակաս արդյունավետ են դառնում, որովհետև նրանք ստեղծված են եղել ավելի հին տարբերակի դեմ պայքարի համար:

Այ դրա համար էինք ասում՝ ժամանակին պատվաստվեք, որպեսզի հնարավորություն չտրվեր վիրուսին նոր տարբերակներ առաջացնել:

– Ըստ պաշտոնական վիճակագրության՝ շուրջ 150 հազարի չափ պատվաստում է կատարվել Հայաստանում:

– Դա շատ խղճուկ թիվ է՝ 5 տոկոս: Դեռ չենք հաշվում օտարերկրացիների թիվը: Առնվազն 60 տոկոսից ավելի պետք է լինի պատվաստումը, որ մենք խոսենք պաշտպանվածության մինիմալ շեմի մասին: Իհարկե, լավագույն տարբերակը 60 տոկոսից ավելին է, բայց երևի 60 տոկոսը մեզ համար երազանք կարող է լինել: Այս տեմպերով եթե շարունակենք, ես վստահ եմ, որ չենք հատի նույնիսկ 50 տոկոսը:

Դրա համար, այո՛, ռադիկալ, կտրուկ քայլեր են պետք: Բայց դրանք նաև պետք է ճիշտ մտածված լինեն, թիրախային լինեն: Հասկանում եք՝ թիրախային պետք է լինեն:

Օրինակ՝ թիրախային խումբ են 50 տարեկանից բարձր մարդիկ, նրանց հետ պետք է միանգամայն այլ աշխատանք տարվի, մեկ այլ թիրախային խումբ են առողջապահական համակարգի աշխատողները, որոնց հետ նույնպես պետք է լուրջ աշխատանք տարվի: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ թիրախային խմբերի հետ որևէ աշխատանք չի արվել, նրանց շրջանում որևէ իրազեկում չի կատարվել: Ես վստահ եմ, որ Հայաստանում պատվաստվածների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները, այնինչ հակառակը պետք է լիներ, որովհետև մեծահասակների համար է այս հիվանդությունը վտանգավոր:

Կան տարբեր գործիքակազմեր հստակ պատվաստումային քարոզչություն իրականացնելու համար, որոնք չեն կիրառվել ու չեն կիրառվում մեր երկրում, նույնիսկ սխալների վրա չեն սովորում: Չկա մշակված ռազմավարություն, թե ինչպիսի գովազդ կարելի է անել, որ ժամերին, ինչ խմբերի շրջանում, ինչ ակցիաներ իրականացնել:

Ես դեմ չեմ ավելի կտրուկ քայլերի, քանի որ խոսքը հանրային առողջության պահպանման մասին է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am