Լույս է տեսել Էմմա Չուգասզյանի «Կեռան Թագուհու Ավետարանը. Կիլիկիայի հայկական մանրանկարչության անցումը հետռոսլինյան փուլ» գիրքը

Լույս է տեսել Էմմա Չուգասզյանի «Կեռան Թագուհու Ավետարանը. Կիլիկիայի հայկական մանրանկարչության անցումը հետռոսլինյան փուլ» մենագրությունը: Էմմա Չուգասզյանը Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության եւ արվեստի պատմության դոկտոր է, Հայաստանի Ամերիկյան համալսարանի արվեստի պատմության դասախոս, միջնադարագետ եւ հայկական մանրանկարչության փորձագետ: Սա Չուգասզյանի երկրորդ գիրքն է: Ուղիղ մեկ տարի առաջ լույս էր տեսել «Վասակ իշխանի Ավետարանը եւ Կիլիկիայի Հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները» գիրքը:

««Կեռան Թագուհու Ավետարանը. Կիլիկիայի հայկական մանրանկարչության անցումը հետռոսլինյան փուլը» գիրքը նվիրված է Կիլիկիայի հայոց թագավորության ամենաշքեղ ձեռագրերից մեկին՝ Կեռան թագուհու՝ 1272-ին պատվիրած Ավետարանին (Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գանձատուն, ձեռագիր թիվ 2563) եւ այս ձեռագրի մենագրական առաջին ուսումնասիրությունն է»,-նշում է Էմմա Չուգասզյանը։

Գրքի առաջաբանը հեղինակել է Ուդինեի (Իտալիա) համալսարանի միջնադարյան եւ բյուզանդական արվեստի պատմության պատվավոր պրոֆեսոր Վալենտինո Պաչեն, որը Կեռանի Ավետարանի առաջին ուսումնասիրողներից է եղել: Վալենտինո Պաչեն եւ Սեյրանուշ Մանուկյանը նաեւ գրքի գիտական խմբագիրներն են:

«Գրքի ստեղծման գործում իրենց ավանդն ունեն մի խումբ բացառիկ մասնագետներ եւ գիտնականներ, ում շնորհիվ ուսումնասիրությունը ընթերցողին ենք ներկայացնելու լավագույն կերպով: Գիրքը հրատարակվել է Թերզյան Հիմնադրամի եւ Համազգային Հայագիտական Միության (NAASR) տրամադրած դրամաշնորհների միջոցով»,-նշում է նա։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Ապրիլի 26-ին ժամը 19:30-ին Կոմիտասի Թանգարան-Ինստիտուտում: Մուտքն ազատ է: