Լույս է տեսել «Վասակ իշխանի Ավետարանը եւ Կիլիկիայի Հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները» գիրքը

«Վասակ իշխանի Ավետարանը եւ Կիլիկիայի Հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները». լույս է տեսել Էմմա Չուգասզյանի գիրքը:

Այսօր՝ մարտի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության եւ արվեստի պատմության դոկտոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի արվեստի պատմության դասախոս, միջնադարագետ եւ հայկական մանրանկարչության փորձագետ Էմմա Չուգասզյանի անդրանիկ գրքի շնորհանդեսը։ 

Գիրքը վերնագրված է «Վասակ իշխանի Ավետարանը եւ Կիլիկիայի Հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները»։ Այս աշխատությունը XIII դարի վերջին քառորդում ստեղծված Վասակ իշխանի Ավետարանի (Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գանձատուն, ձեռագիր թիվ 2568/13) առաջին մենագրական ուսումնասիրությունն է, որը լույս է սփռում այս ձեռագրի պատկերագրության եւ ոճի վրա եւ վերլուծում այն թագավորական այլ ձեռագրերի համատեքստում՝ առաջարկելով նոր պատմական մոտեցում պատվիրատուի կյանքի վերաբերյալ: 

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հատուկ թույլտվությամբ, առաջին անգամ հանրությանը կներկայացվեն այս բացառիկ Կլիկիկյան ձեռագրի գունավոր լուսանկարները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արքունական այս մատյանի մանրանկարների մանրամասն ուսումնասիրությունը։ 

Գրքի առաջաբանը հեղինակել են Հայոց պատմության եւ արվեստի պատվավոր պրոֆեսոր, Միլանի Ամբրոսիանա Ակադեմիայի անդամ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, «Հայկ եւ Իզաբել Բերբերյան» հիմնադրամի պատվավոր պրոֆեսոր, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի էմերիտուս Տիգրան Կույումջյանը, և Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության պրոֆեսոր Իզաբել Օժեն,  ովքեր իրենց օնլայն ուղերձներով հանդես կգան շնորհանդեսի ընթացքում։ Գրքի հրատարակումը ֆինանսավորվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Եվգենի Չուբարովի հիմնադրամի եւ «Գարի Տատինցյան»  պատկերասրահի տրամադրած դրամաշնորհների միջոցով։ 

Մուտքն ազատ է։