Բակո Սահակյան. «Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն անհնար է լուծել»

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ռուսական «Վոյեննիյ դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի բացառում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը: «Մենք այդ տարբերակը երբեք չենք բացառում, հատկապես Ադրբեջանի կողմից չդադարող ռազմական հռետորաբանության եւ հակահայկական քարոզչության պայմաններում»,- ասել է Սահակյանը:
Միաժամանակ, ընդգծել է ԼՂՀ նախագահը, ԼՂՀ Պաշտպանության բանակը շատ բարձր մակարդակի մարտունակություն ունի, եւ ի վիճակի է հակազդել Ադրբեջանի կողմից ագրեսիային: «Այդուհանդեձ, ԼՂ հակամարտության ուժային լուծումն անհեռանկար է, եւ դա ակնհայտորեն ցույց է տվել նախորդ պատերազմի փորձը: Այդ պատճառով, անհրաժեշտ է ուժերը ուղղել ռազմական գործողությունների չթույլատրելիության վրա, եւ բոլոր հարցերը լուծել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Բակո Սահակյանը:

Ղարաբաղի նախագահը նաեւ ասել է, որ Ադրբեջանի հետ հակամրատությունը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով` Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ: Դա, ըստ Սահակյանի, ինչպես ժողովրդի, այնպես էլ Ղարաբաղի իշխանությունների տեսակետն է:

Անդրադառնալով բանակցային գործընթացին, Բակո Սահակյանն ասել է, թե գործընթացի գլխավոր նվաճումը խաղաղության պահպանումն է:

«Սակայն որպեսզի առկա առաջընթացը ֆիքսվի` ԼՂ հակամարտության վերջնական եւ ամբողջական կարգավորման համար, առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձեւաչափը` Լեռնային Ղարաբաղի որպես բանակցային լիիրավ կողմ մասնակցությամբ: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը հետեւել ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը ընդամենը ժամանակի հարց է»,- ասել է Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահը նաեւ նշել է, որ Ղարաբաղը շնորհակալ է Հայաստանին` բանակցային գործընթացքում ԼՂ-ի շահերը պաշտպանելու եւ ներկայացնելու համար: «Մենք լուրջ տարաձայնություններ չունենք, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններում եւս կան չլուծված հարցեր: Սակայն, կրկնեմ` առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն անհնար է լուծել»,- ասել է Ղարաբաղի նախագահը:

Բակո Սահակյանն ասել է նաեւ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա: «Զիջումներն այս հարցում չպետք է կրեն միակողմանի բնույթ, հնարավոր են միայն փոխզիջումներ: Միայն այդ դեպքում է հնարավոր հասնել համապարփակ խաղաղության: Նաեւ պետք է գիտակցել, որ 1988-ի իրավիճակին վերադառնալու մասին` ինչպես կարգավիճակի, այնպես էլ` տարածքների հարցում, չի կարող խոսք լինել»,- ասել է Բակո Սահակյանը:

Ղարաբաղի նախագահը խոսել է նաեւ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: «Խաղաղապահների հարցը կարելի կլինի լրջորեն քննարկել միայն հարցի վերջնական կարգավորման փուլում, երբ որ բոլոր հիմնարար սկզբունքների շուրջ հասած կլինենք փոխհամաձայնության եւ կգա պայմանավորվածություններն իրականացնելու պահը»,- ասել է Ղարաբաղի նախագահը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am