«Ուր մոտենում ենք, ասում են՝ գազ չկա». Հեղուկ գազի շուկայում դեֆիցիտ է, բայց ներկրողներից խոստանում են՝ հարցը կլուծվի

Եթե շուրջ մեկ ամիս առաջ վարորդները դժգոհում էին հեղուկ գազի բարձր գներից, ապա այժմ դժգոհում են դրա դեֆիցիտից. այս օրերին ոչ բոլոր գազալցակայաններում կա հեղուկ գազ, իսկ այնտեղ, որտեղ կա, թանկ է՝ 1 լիտր հեղուկ գազի գինը 240 դրամից մինչև 280 դրամի է հասնում:

«Այսօր արդեն հինգ լցակայան եմ մոտեցել, ասում են՝ չկա ու չեն էլ բացատրում՝ ինչի չկա կամ երբ կլինի: Գոնե մի որոշակի բան ասեն, հասկանանք, թե չէ ուր մոտենում ենք, ասում են՝ գազ չկա», -«Մեդիալաբի» հետ զրույցում մտահոգություն է հայտնում 27-ամյա Նորայրը:

«Orange Gas» ընկերության սեփականատեր Սարգիս Բոբոխյանը «Մեդիալաբին» ասում է, որ վարորդների դժգոհությունը բնական է, քանի որ հեղուկ գազ ունեցող գազալցակայաններում գները շատ բարձր են: Չնայած այսօր «Orange Gas»-ի լցակայաններում ևս հեղուկ գազ չկա, բայց սեփականատերը վստահեցնում է, որ վաղվանից խնդիրը կկարգավորվի:

«Վաղվանից մեր բոլոր կետերում հեղուկ գազ կլինի: Մենք անում ենք հնարավորը, որ գինը պահպանենք: Մեզ մոտ մշտապես 1լիտր հեղուկ գազը վաճառվել ու հիմա էլ վաճառվում է 240 դրամով: Քաղաքում ամենացածր գները մեր լցակայաններում են»,- ասում է Սարգիս Բոբոխյանն ու վստահեցնում, որ վարորդները և՛ արժեքից են գոհ, և՛ որակից:

Բոբոխյանի խոսքով՝ Հայաստանում 40-45 օր է՝ հեղուկ գազի դեֆիցիտ է, ինչը կապված է դրսի՝ Իրանի, Իրաքի և Ռուսաստանի հետ, բայց չնայած դրան, իրենց ընկերությանն այդ վտանգը չի սպառնում:

«Մենք պայմանագրեր ունենք կնքած և՛ Իրաքի, և՛ Իրանի հետ, դրա համար էլ մեր գազը գալիս է: Այս առումով խնդիրների չենք բախվի, ուղղակի այս քանի օրը վաճառքը շատ է, քանի որ քաղաքում գազ չկա, մենք էլ մի փոքր դժվարությամբ ենք հասցնում»,- ասում է ընկերության սեփականատերը:

Բոբոխյանի խոսքով՝ իրենց մատակարարող երկրներում ևս թանկացումներ են եղել, նույնիսկ՝ արհեստական թանկացումներ, ինչը, ըստ նրա, Հայաստանից արված զանգերի պատճառով է, քանի որ մարդիկ զանգում են, օրինակ՝ Իրան և գին են առաջարկում, որ այդ գնով իրենց գազ ուղարկեն, իսկ դա էլ նպաստում է հեղուկ գազի արհեստական թանկացմանը:

Բոբոխյանը հրաժարվում է պատասխանել հարցին, թե իրենց ընկերությունը ի՞նչ գնով է Իրանից և Իրաքից ներկրում հեղուկ գազ: «Գին չեմ կարող ձեզ ասել, բայց եթե կարողանում ենք 240 դրամ լիտրը պահել, ուրեմն հարմար գնով է գալիս»,- ասում է սեփականատերը:

«Հեղուկ գազ կոմֆորտ» ընկերության տնօրեն Կարեն Պապիկյանին, սակայն, չի հաջողվել խուսափել խնդիրներից: Այս ընկերությունը, որը հեղուկ գազի ներկրմամբ է զբաղվում, արդեն երկու ամիս է՝ հեղուկ գազ չունի, պահուստային գազն էլ սպառվել է:

«Ռուսաստանի գործարանները վերանորոգման պատճառով կանգնած են ու այնտեղից գազ չի գալիս, Իրանն էլ գազը տալիս է Չինաստանին, որովհետև պահանջարկը մեծ է: Եթե Հայաստանը տարվա մեջ գնում է 100 հազար տոննա գազ, ապա Չինաստանը մեկ օրվա համար է այդքան գազ գնում»,- «Մեդիալաբին» ասում է ընկերության տնօրենը:

Նրա խոսքով, մեր երկրի սահմաններից դուրս ևս հեղուկ գազի գները բարձրացել են, հետևաբար հարց է առաջանում՝ եթե ներկրեն, պետք է Հայաստանում 1լիտր հեղուկ գազը վաճառեն 380 դրամով, այդ դեպքում արժե՞ ներմուծել:

«Նախկինում 1 լ գազը ներկրում էինք 280-300 դրամով, հիմա դարձել է 520 դրամ, Ռուսաստանն էլ պատրաստվում է էլ ավելի թանկացնել»,- ասում է Կարեն Պապիկյանը:

Հեղուկ գազ ներկրող մեկ այլ՝ «Գազ պրոպան» ընկերությունը, որը միայն Ռուսաստանի Դաշնությունից է հեղուկ գազ ներմուծում, ևս խնդիրների առաջ է կանգնած:

Ընկերությունից «Մեդիալաբին» ասացին, որ տնօրենն այս օրերին Մոսկվայում է՝ հեղուկ գազի ներկրման հարցով:

«Հինգ օր է՝ մեր մեքենաները կանգնած են Ռուսաստանում և սպասում են գազի: Այնպես չէ, որ Ռուսաստանն ունի ու չի տալիս, ասում են՝ իրենք էլ չունեն, իսկ պահուստայինն էլ երևի իրենց համար են պահում»,- փոխանցում են «Գազ պրոպան» ընկերությունից:

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը «Մեդիալաբին» ասում է, որ թեպետ հստակ ինֆորմացիա չունի՝ արդյոք Ռուսաստանում հեղուկ գազի խնդիր կա, թե ոչ, բայց կարծում է՝ այդ խոսակցությունները հեռու են օբյեկտիվ իրականությունից:

«Դա իր մեջ ավելի շատ քաղաքական տարր է պարունակում, որովհետև վերջին տարիներին Ռուսաստանը դինամիկորեն զարգանում է հեղուկ գազի շուկայում, հեղուկ գազի բազմաթիվ գործարաններ է կառուցել: Պետք է նկատի ունենալ նաև, որ այսօր Ռուսաստանում ակտիվ քննարկվում է բենզինի վառելիքի արտահանման սահմանափակման վերաբերյալ որոշման հնարավորությունը, չեմ բացառում, որ սա մուլտիպլիկատիվ կերպով կարող է անդրադառնալ նաև այլ վառելիքատեսակների վրա»,- ասում է փորձագետը:

Դավթյանի խոսքով՝ այս որոշումների հիմքում ընկած է գնային քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանում ևս վառելիքի գները բարձր են: Նա նաև համաձայն չէ պնդմանը, թե այսօր Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ կա: Ըստ փորձագետի՝ դեֆիցիտի մասին խոսելուց առաջ պետք է շուկայական վերլուծություն անցկացնել, իսկ քանի դեռ չկա այդպիսի վերլուծություն և հստակ գնահատական այդ առումով, հեղուկ գազի դեֆիցիտի մասին խոսելը վաղ է:

«Այս բոլոր խնդիրները պայմանավորված են միջազգային շուկայում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացմամբ, հետևաբար այլևս հարմար չէ բարձր գնով ներկրել հեղուկ գազ և էլ ավելի բարձր գնով վերավաճառել Հայաստանում՝ հաշվի առնելով, որ բնական գազն առավել մրցունակ է հեղուկ գազի նկատմամբ՝ գնային այս նոր կոնյունկտուրայի պայմաններում»,- ասում է Դավթյանը:

Փորձագետն ընդգծում է նաև այն, որ ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ավտոմեքենաների 10-12%-ն է ընդամենը հեղուկ գազով շահագործվում, հետևաբար այդ շուկան այդքան էլ մեծ չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am