Նախկին հացադուլավորը Րաֆֆիին խորհուրդ է տալիս «չփչացնել առողջությունը». «Հացադուլը նրա պայքարին, ոչինչ չի ավելացնում»

Նախկին հացադուլավորը Րաֆֆիին խորհուրդ է տալիս «չփչացնել առողջությունը». «Հացադուլը նրա պայքարին, ոչինչ չի ավելացնում»
Նախկին հացադուլավորը Րաֆֆիին խորհուրդ է տալիս «չփչացնել առողջությունը». «Հացադուլը նրա պայքարին, ոչինչ չի ավելացնում»

«Հացադուլն ուլտիմատում է: Ես ներկայացրել էի ուլտիմատում իշխանությանը, իշխող կուսակցությանը, պետական մարմիններին, որպեսզի իշխող կուսակցության դիրքը շտկվի մեր երկրում, և ածանցյալ ուլտիմատում էի ներկայացրել նաև միջազգային դիտորդներին, որ նրանք ճիշտ գնահատականներ տան»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ նախագահի այս թեկնածուն նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչև ԿԸՀ նախնական արդյունքների և նախագահական ընտրություններին միջազգային դիտորդների նախնական գնահատականների հրապարակումը հացադուլի մեջ էր և միայն դրանից հետո դադարեցրեց այն:
Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ թե´ իշխող կուսակցությունը, թե´ պետական մարմինները և թե´ միջազգային դիտորդները հաղթահարեցին իրենց ուղղված վերջնագրերը և անտեսեցին այդ հացադուլը:

«Դա էական հանգամանք է, որը պետք է հաշվի առնել, բայց մյուս կողմից` հանրությունը դա չանտեսեց, և մենք տեսանք, որ մեր երկրում սկսվում են նոր գործընթացներ, որոնք էապես տարբերվում են նախորդ ընտրությունների հետընտրական գործընթացներից»,- համոզմունք է հայտնում Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով` ընտրություններում քվեարկության արդյունքները ևս ցույց տվեցին, որ մարդիկ իրենց վերաբերմունքն արտահայտեցին ռեժիմի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ այն, որ այս եռյակը` դիտորդները, այսինքն` այլ պետությունները, պետությունը, իշխող կուսակցությունը կանգնեցին բարիկադի մի կողմում, իսկ հանրությունը` մյուս, շատ կարևոր արդյունք է այն հացադուլի, որը ես էի անում»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Անդրիաս ՂուկասյանըԸստ Ղուկասյանի` այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ավելի խիստ ձեռնոց է նետել, որը նոր քաղաքական գործընթացներ կարթնացնի: «Ջրբաժանը, որը ես մատնաշեցի, ավելի խորն է դառնալու: Բոլորը պետք է կողմնորոշվեն, և Նիկոլ Փաշինյանի ասած այդ 1+ 1+1 սոցիալական տեխնոլոգիան կսկսի գործել: Ես վստահ եմ, որ այն շատ ուժեղ գործիք է այսօր»,- համոզմունք է հայտնում նա:

Ինչ վերաբերում է իր և Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հացադուլին, ըստ Անդրիաս Ղուկասյանի, ի տարբերություն նախորդների, այս հացադուլների շնորհիվ այսօր Հայաստանում ձևավորվում է նոր քաղաքական սուբյեկտ`«մարդիկ, ովքեր պատրաստ են ռեժիմի դեմ պայքարելու ընդհուպ անձնազոհության ճանապարհով»:

«Տարբեր ժամանակներում տարբեր հացադուլներ են եղել, բայց երբեք մեր երկիրն այսքան անդունդի եզրին չի եղել: Այսօր շատ-շատերը հասկանում են, որ եկել է ժամանակը, և եթե դու թողնես, որ իրադարձություններն իրենց հունով զարգանան, ապա մենք բոլորս վաղը կհայտնվենք կոլապսի առաջ, և, բնականաբար, ավելի սուր պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ այսօր որոնում են ճանապարհներ` ինչպե´ս կասեցնել այդ երևույթը, ինչպե´ս արթնացնել հանրությանը, հանել պայքարի, որ մարդիկ ընդվզեն այն երևույթների դեմ, որը մեզ տանում է դեպի անդունդ»,- «Մեդիալաբին» ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Նա համոզված է, որ ինչպես Իռլանդիայի օրինակում, այնպես էլ Հայաստանում նման ճանապարհով` վերջնագիր ներկայացնելով, ռեժիմին հնարավոր է հասցնել հրաժարականի: Անդրիաս Ղուկասյանի խոսքով` հարցը միայն այն է, թե մարդիկ ինչի´ են պատրաստ ռեժիմի դեմ պայքարում, իսկ այսօր, ըստ նրա, կան շատ մարդիկ, որոնք ամեն ինչի պատրաստ են, այնպես որ, «ռեժիմը եղունգ ունի, թող գլուխը քորի»:

Ի տարբերություն Անդրիաս Ղուկասյանի, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով ինքը մի քանի անգամ պայքարի ծայրահեղ միջոցի` հացադուլի է դիմել, կարծում է, որ ո´չ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, ո´չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի այս հացադուլը որևէ փոփոխություն չեն բերի:

Սուրեն ՍուրենյանցըՍուրեն Սուրենյանցի համոզմամբ` քաղաքական պայքարի ամենածայրահեղ միջոցներից մեկին ` հացադուլին, քաղաքական գործիչները դիմում են ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով:

«Ես ինքս մի քանի անգամ հացադուլ եմ արել, ընդ որում` շատ երկարատև ժամանակով, բայց հացադուլն արդարացված եմ համարում, եթե քաղաքական գործիչը պայքարի այլ տարբերակ չունի»,- ասում է Սուրենյանցը և որպես օրինակ նշում անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը, երբ պայքարի միջոցները խիստ սահմանափակ են, և պահանջները լսելի դարձնելու համար ստիպված հացադուլ են անում:

Սուրենյանցը , օրինակ` բավական արդյունավետ է համարում իր վերջին հացադուլը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարտի մեկի գործով, որը տևեց տասնհինգ օր: Ըստ քաղաքագետի` տվյալ դեպքում պայքարի այլ միջոցի հնարավորություն չկար` արտակարգ իրավիճակը վերացվել էր, թերթերի մի մասը գրաքննության տակ էր, չկային ինտերնետի հնարավորություններ: Թեև իր առողջության հաշվին, բայց, հացադուլը, ըստ նրա, արդյունք տվեց, և ընդդիմադիր գործիչներից շատերն ավելի վաղ հայտնվեցին ազատության մեջ, քան հենց ինքը` Սուրեն Սուրենյանցը:

«Հիմա, երբ քաղաքական գործիչը դրսում է և ունի քաղաքական պայքարի տասնյակ միջոցներ` հանրահավաք, հանդիպումներ, քննարկումներ, ասուլիսներ և այլն, այս պարագայում չեմ կարծում, որ հացադուլն ամենաարդյունավետ միջոցն է: Դա և´ առողջությանն է վնաս, և´ որոշակի սպասումներ է ձևավորում մարդկանց մեջ, որոնք սովորաբար հետո չեն արդարացվում, այսինքն` հացադուլը, ըստ էության, ոչինչ չի փոխում»,- «Մեդիալաբին» ասում է Սուրեն Սուրենյանցը:

Քաղաքագետը համոզված է, Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև հացադուլ անելը ճշգրտորեն կատարում էր հենց այն քայլերը, որ պետք է աներ. փորձում էր բավականին հանդուրժողական դաշտում ներկայացնել իր առաջադրած խնդիրները` ճանաչել իր հաղթանակը կամ անցկացնել նոր նախագահական ընտրություններ: Սուրենյանցը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլերը շատ ավելի ընկալելի էին հասարակության կողմից, քան հացադուլը, որը նա սկսեց:

«Հացադուլը բովանդակային առումով նրա պայքարին, պահանջներին ոչինչ չի ավելացնում: Ես կարծում եմ` Րաֆֆին տեղի տվեց տարբեր կողմերից հնչող հանիրավի մեղադրանքներին, իբր ինքը վճռական չէ, կոնկրետ գործողություններ չի անում: Նա տուրք տվեց հաճախ սուբյեկտիվ և միակողմանի այդ գնահատականներին»,- համոզված է նա:

Իսկ թե ինչո´ւ, ըստ քաղաքագետի, այդ ծայրահեղ քայլը ոչինչ չի փոխի, Սուրենյանցը «Մեդիալաբին» ասում է . «Հիշեք, թե Հայաստանում վերջին երկու ամիսներին քանի հացադուլ է եղել: Եթե հացադուլն ինչ-որ բան փոխած լիներ, ընդհանրապես, ապա Անդրիաս Ղուկասյանի պահանջների 0.001 տոկոսը գոնե բավարարված կլիներ»:

Քաղաքագետը չի կարծում, թե Անդրիաս Ղուկասյանի հացադուլն արթնացրեց հանրությանը: Ըստ նրա` ընդհակառակը, ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը համախմբվել է ոչ թե հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանի , այլ փոփոխությունների հավատ ներշնչող Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը, այնպես որ, Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ հացադուլից «շարժումը մարելու է, ոչ` ոգևորելու»: Սուրենյանցը համոզված է` ամեն ինչ կախված է Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերի հաջորդականությունից:

Նրա կարծիքով`արդյունավետ կլինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա համախմբել իր ընտրազանգվածը և մասնակցել Երևանի ավագանու և քաղաքապետի առաջիկա ընտրություններին` ստեղծելով հաջողությունների հասնելու հնարավորություն:

Սուրենյանցը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը: «Նա որպես հայրենասեր և քաղաքական տեխնոլոգիաներին տիրապետող մարդ, այնքան բազմապիսի միջոցներ ունի կիրառելու, որ չարժի վտանգել իր առողջությունը»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրեց և իրեն հայտարարեց հաղթած թեկնածու, կիրակի հացադուլի, «ստադուլի» և «վախադուլի» նստեց Ազատության հրապարակում, որտեղ մինչ այս պայքարում էր զանգվածային հանրահավաքների միջոցով:

Հավելենք նաև, որ սա Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ հացադուլն է: 2011-ին նա նույն հրապարակում հայտարարեց «Ծոմ ազատության» կոչվող հացադուլը, որը տևեց 15 օր: Այդ ժամանակ Ազատության հրապարակը փակ էր զանգվածային միջոցառումների համար: Նա իշխանությանը ներկայացրեց մի շարք պահանջներ և հայտարարեց, որ սա պայքարի «առաջին արարն է», և պայքարը շարունակվելու է:

© Medialab.am