Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում հոկտեմբերի 17-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների հատուկ զինամթերքը սպառվել է, ինչի հետևանքով իրավապահները ստիպված են եղել նահանջել՝ քաղաքապետարանի շենքը թողնելով առանց պաշտպանության։ Այս մասին Le Monde-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիմոժի քաղաքապետ Գիյոմ Գերենը՝ տեղի ունեցածի համար պատասխանատու համարելով ոստիկանության կառավարման համակարգը։
Քաղաքապետի խոսքով՝ հոկտեմբերի 17-ին քաղաքում անցկացված ցույցին մասնակցել է շուրջ 5000 մարդ, որոնց թվում, իր գնահատմամբ, եղել են ծայրահեղ ձախ խմբավորումների 500–600 անդամներ։
Սկզբում ոստիկանները կարողացել են զսպել ագրեսիվ խմբերին, սակայն հետագայում փորձել են նրանց դուրս մղել քաղաքի կենտրոնից։ Գերենի խոսքով՝ իրավապահները բավարար զինամթերք չեն ունեցել միաժամանակ մի քանի ուղղությամբ գործող խմբերին դիմակայելու համար։
«Ժամը 15։25-ին ազգային ոստիկանության զինամթերքը սպառվել էր։ Ակնհայտ է, որ կառավարման շղթայում խափանում է եղել։ Սա կարելի էր կանխել»,- հայտարարել է քաղաքապետը։
Le Monde-ի փոխանցմամբ՝ խոսքը մասնավորապես ոստիկանների՝ շրջափակումից դուրս գալու և հարձակվող խմբերին հեռացնելու համար նախատեսված հատուկ նռնակների մասին է։
Գերենի խոսքով՝ ոստիկանները նահանջել են, երբ նրանց ուղղությամբ կիրառվել են հրավառության ականանետային սարքեր։
Դրանից հետո Լիմոժի քաղաքապետարանի շենքը շուրջ մեկ ժամ մնացել է առանց ազգային ոստիկանության պաշտպանության։ Հարձակվողները ներխուժել են շենք, սպառնացել ներսում գտնվող աշխատակիցներին ու հրկիզել այն։

Քաղաքապետը նաև պնդել է, որ հարձակումը նախապես կազմակերպված է եղել։ Նրա խոսքով՝ հարձակվողները գիտեին, թե որտեղից պետք է ներխուժեն շենք, և իրենց հետ բերել էին հատուկ սարքավորումներ։
Գերենը պահանջել է պարզել, թե ինչու իրավապահները բավարար միջոցներ չեն ունեցել և ինչու քաղաքապետարանը մնացել է անպաշտպան։



















