ՌԴ ՊՆ-ն եռանդուն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները գործում են՝ խստորեն հետևելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

«The Moscow Post» օրաթերթի լրագրողի հարցին՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու շփման գծում և կարող է արդյոք դա լինել սադրանք Ադրբեջանի կողմից, միգուցե նույնիսկ Թուրքիայի հրահրմամբ՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով, քանի դեռ Ռուսաստանը կենտրոնացրել է իր ուշադրությունը Ուկրաինայի վրա, Զախարովան պատասխանել է հետևյալը. «Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ մեր երկրի դիրքորոշումը արտահայտված է ՌԴ ԱԳՆ-ի մարտի 26-ի հայտարարության մեջ: Եթե նայեք այդ հայտարարությունը՝ կտեսնեք, որ մենք թախանձագին կոչ ենք արել կողմերին ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ կատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների լիարժեք դադարեցման մասին»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, Զախարովայի խոսքով, մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ, և տեղում օպերատիվ իրավիճակի մասին արդիական տեղեկատվությունը ամենօրյա ռեժիմով հրապարակվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրում:

Շաբաթներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն սրում է ռազմական, հումանիտար և բարոյահոգեբանական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ տարբեր միջոցներով փորձելով ահաբեկել արցախահայությանը: Լարվածությունը կտրուկ աճեց, երբ մարտի 24-ին ադրբեջանական զորքերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժեցին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Մարտի 27-ին ռուսական խաղաղապահ զորակազմը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխից: