«Ասել ենք՝ Ամուլսարը բոլորինս է, եկեք պայքարենք, բայց այստեղ կուսակցական դրոշներ ծածանել պետք չէ»․ Շիրակ Բունիաթյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Ամուլսարի պահապան, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի հետ

– Պարո՛ն Բունիաթյան, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ամուլսարի հարցը ոչ թե բնապահպանական, այլ քաղաքական հարց է։ Խնդրում եմ, որպես Ամուլսարի հարցով պայքարող ակտիվիստ՝ արձագանքեք այս հայտարարությանը։

– Խնդրում եմ, էլի, եկեք ես այդ մարդու ոչ մի հայտարարություն չմեկնաբանեմ, որովհետև ես նրան լուրջ չեմ վերաբերվում, ես նրա հայտարարություններին որևէ մեկնաբանություն չունեմ։ Նա արտահայտել է իր կարծիքը, որը իր իրավունքն է։

– Լավ, եկեք ընդհանրական հարցնեմ՝ Ամուլսարի համար պայքարը բնապահպանակա՞ն, թե՞ քաղաքական հարց է։

– Այսպես ասեմ՝ Ամուլսարի պայքարը ինձ համար բազմաշերտ է, այսինքն՝ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Այդ հանքի շահագործմամբ խախտվում է ժողովրդի իրավունքը, երբ առանց հանրային լսումների, առանց նրա ձայնը հարցնելու՝ որոշվում է շահագործել հանքը, առանց ջերմուկցիների կարծիքը հարցնելու փոխում են բնակավայրի ուղղվածությունը՝ 70 տարվա հանքաջրաբուժությամբ հայտնի բնակավայրը դարձնում են հանքավայր։ Դրա համար բազմաշերտ խնդիր է։ 

– Դուք մատնանշեցիք բնապահպանական բաղադրիչները, իսկ քաղաքակա՞ն։

– Չէ, դե, ի՞նչ քաղաքական տարր։ Նա («Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենը-հեղ․) ուղղակի ինչ-որ շահերից ելնելով է նման հայտարարություն արել։

Բայց մինչ այս պահը չկա որևէ փաստ, որ մարդիկ, որոնք Ամուլսարի հողային ճանապարհները փակ են պահում իրենց խաղաղ ակցիաների շնորհիվ, ինչ-որ մեկի կողմից օգտագործված լինեն քաղաքական նպատակներով։ 

Չի եղել նման բան։ Անգամ այստեղ, երբ տարբեր կուսակցություններից մարդիկ են եկել, մենք ասել ենք, որ Ամուլսարը բոլորինս է, եկեք պայքարենք, բայց այստեղ կուսակցական դրոշներ ծածանել պետք չէ։ 

Այստեղ պայքարը կառավարության դեմ չէ, քաղաքական նպատակներ չկան։ Մի քանի օր չէ այս պայքարը։ Երկուս ու կես տարի է, և չկա մի դեպք, որ մարդիկ դուրս գան ու իրենց վանկարկումներում ինչ-որ քաղաքական կոչեր հնչեցնեն։ Չկա նման բան։

– Հայկ Ալոյանը նաև խոսել էր օրինակելի հանքարդյունաբերություն ստեղծելու մասին․․․

– «Լիդիան Արմենիան» նորաստեղծ կազմակերպություն է, հանքարդյունաբերության մեջ որևէ փորձ չունի և չի կարող իր լավագույն փորձը մատնանշել ու ասել՝ տեսեք, ահա սա լավ օրինակ։ Այսինքն՝ ինչ-որ սկսնակ կազմակերպություն, որը հանքարդյունաբերության մասին միայն տեսական գիտելիքներ ունի, փորձում է մեզ ապացուցել, որ օրինակելի հանքարդյունաբերություն կհիմնի։ Ես ընդհանրապես չեմ հասկանում դա որպես տարածքի բնակիչ։ 

Բացի այդ, մենք շինարարության փուլում տեսել ենք խոշոր բացթողումներ, որոնց հետևանքով որոշ չափով էկոլոգիական վնասներ են եղել՝ թե՛ աղտոտված Արփա-Սևան ենք տեսել, թե՛ անկած մանրաձկներ ենք տեսել, թե՛ Գնդեվազի ջրագծի վթարն ենք տեսել, թե՛ Ջերմուկում փոշու առկայությունն ենք տեսել։ 

Ինչի՞ մասին է խոսքը։ Գտնում եմ, որ նորմալ է՝ ընկերության ղեկավարը պետք է նման բաներ ասել, փորձի երաշխիքներ տալ, համոզել մարդկանց, բայց ինձ համար նորմալ չէ, երբ մարդիկ կարող են հավատալ, որ վաղը-մյուս օրը չեն լինելու էկոլոգիական վնասներ։ Մենք շարունակում ենք պնդել, որ Ամուլսարը բազմաշերտ հարց է՝ ժամանակին խախտվել են մարդկանց իրավունքները։ 

Ավելին, եթե ամեն ինչ օրինական կարգով արվի, դեռ շատ պաշտոնյաներ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Չմոռանանք, որ Ամուլսարում ռիսկերը թաքցնելու կասկածանքով հարուցված քրեական գործ կա։ Ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես ներկայացնում են։

– Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտարարել էր, որ իրենք փոքրաթիվ խմբով Ամուլսարի հարցի շուրջ քննարկումներ են ունեցել, որոնք շարունակվելու են։ Դուք ի՞նչ հույսեր ունեք, կկանգնե՞ն պատգամավորները ձեր կողքին։

– Նախ՝ նորմալ է, որ ժողովրդի ընտրած պատգամավորները կանգնեն ժողովրդի կողքին։ Ցավալի է, որ վերջին իրադարձությունների ժամանակ, երբ այստեղ ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել, ժողովրդի քվե ստացած պատգամավորների կողմից ոչ մի արձագանք չեղավ։ Ես հույսեր չեմ կապում պատգամավորների հետ։ Ես հույսս կապում եմ ժողովրդի ու ժողովրդի դիրքորոշման հետ։

-Նորանշանակ Շրջակա միջավայրի նախարարից  ի՞նչ սպասելիքներ ունեք Ամուլսարի հետ կապված։

– Ոչ մի սպասելիք էլ չունենք։ Նա իր հարցազրույցում մոտավորապես այս միտքն ասաց, բայց՝ այլ ձևակերպումներով՝ ինչ էլ լինի, պետք է որոշումը կայացնի վարչապետը։ Ճիշտ է, նա ասում է՝ կկարդա ՇՄԱԳ-ը, կծանոթանա խնդրին, բայց իր դիրքորոշումը կախված կլինի կառավարության դիրքորոշումից։ Անձամբ ես ինչ-որ սպասելիք չունեմ նախարարից։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am