«Այսօր ազատ է արձակվել 2008թ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը, ով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր ս.թ. հունիս ամսին:
Վարույթն իրականացնող մարմինը ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել դատարան:
Մարտի 1-ի գործի շրջանակներում այսպիսի մեղադրանքի պայմաններում այսպիսի որոշում կայացնելը հնարավոր է միայն մի դեպքում, եթե քրեական հետապնդումը չունի հեռանկար, իսկ առաջադրված մեղադրանքն էլ փաստացի տապալված է:
Սա կատարյալ ձախողում է: Ուղղակի ապշել կարելի է,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է փաստաբան Նորայր Նորիկյանը:
Դուք շարունակե՛ք նույն տեմպով՝ չլսելով ու չհանդուրժելով որևէ այլ տեսակետ ու կարծիք, այն դեպքում, երբ այս քրեական գործի հարուցման պահից Ձեզ հրապարակավ բազմիցս զգուշացվել է մարտի 1-ի գործով որևէ բացթողում թույլ տալու բացառման մասին:
Ուրիշների ձախողումներից հեշտ է խոսել:
ժողովուրդն էլ Ձեզ մանդատ է տվել պատասխանատվության ենթարկել այդ ձախողողներին, ոչ թե օրը մի քանի անգամ միայն խոսել այդ մասին:
Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար»: